Մայիսի 18-ին տեղի ունեցավ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի ընդլայնված հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել հարթակի հիմնական ձեռքբերումներն ու գործունեության մարտահրավերները, ինչպես նաև քննարկել Հայաստանում կանանց զբաղվածության խթանմանը և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկությունները, որոնք հավաքագրվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։
🔷 Հանդիպմանը մասնակցում էին և ներկաներին ողջունեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլիանա Լեդենիկան, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։
🔷 Միջոցառման ընթացքում ՔՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին, այլոց թվում, աշխատանքային միջավայրում ոտնձգություններին, ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը, հղի կանանց և կերակրող մայրերի իրավունքներին և այլն: ԱՍՀՆ փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ Աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագծում արդեն իսկ հաշվի են առնվել քաղաքացիական հասարակության մի շարք առաջարկներ, որոնք կարտացոլվեն վերջնական տարբերակում, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
🔷 Փորձագետ Թամարա Հովնաթանյանը ամփոփ ներկայացրեց Աժ-ՔՀԿ համագործակցության հարթակի 2019-2021 թթ. գործունեությունը։ Նշվեց, որ հարթակի մասնակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ ներկայացված 13 առաջարկները ստացել են օրենսդրությամբ սահմանված լուծումներ, 10-ն ուղղորդվել այլ լուծումների։
🔷 Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու «Կին պատգամավորները 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների ԱԺ-ում» հետազոտության արդյունքներին։
Հանդիպման մասին ավելի մանրամասն հաղորդագրությունը՝ շուտով։
📌 Միջոցառումը կազմակերպվել էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։
📌 Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենսդրական նախաձեռնություններում՝ ուղղված քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց իրավազորմանը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը: