ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել ընտանեկան բռնության դեպքերի ավելացման վրա
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ինքնամեկուսացման պայմաններում ընտանեկան բռնությունների գլոբալ աճը ստիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Գլխավոր քարտուղարը կոչ է արել իշխանություններին պաշտպանել կանանց, որոնք իրենց տներում մնացել են միայնակ բռնարարների հետ։
Նրա խոսքով՝ մի կողմից համավարակի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական սթրեսները, մյուս կողմից՝ տեղաշարժման սահմանափակումները գրեթե բոլոր երկրներում ողբերգական կերպով ավելացրել են բռնության ենթարկված կանանց և աղջիկների թիվը:
«Բազմաթիվ կանանց ու աղջիկների վտանգը սպառնում է հենց իրենց տներում, որտեղ նրանք պետք է ամենաապահովն ու անվտանգը լինեին»,- նշել է Գուտերեշը, որն ավելի վաղ կոչ էր արել լռեցնել զենքերը, դադարեցնել պատերազմներն ու համատեղ ուժերով պայքարել ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ։
ՄԱԿ-ի թիվ մեկ պաշտոնյան իր տեսաուղերձը հրապարակել է թվիթերյան էջում՝ ընդգծելով, որ պատերազմի բացակայությունը դեռ չի նշանակում խաղաղություն։
«Բռնությունը չի սահմանափակվում պատերազմի դաշտում։ Շատ կանայք բռնությունների են ենթարկվում իրենց սեփական տներում։ Այսօր ես կոչ եմ անում աշխարհի բոլոր տներում խաղաղություն հաստատել: Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին առաջնահերթ դիտարկել կանանց անվտանգությունը»,- ասել է նա։
Գուտերեշը հիշեցրել է, որ տանը մեկուսացումը և կարանտինը անհրաժեշտ միջոցներ են COVID-19 համավարակի դեմն առնելու համար: Բայց դրա արդյունքում կանայք կարող են հայտնվել թակարդում՝ դեմ առ դեմ մնալով զուգընկերների հետ, որոնք հակված են ագրեսիայի:
Ստեղծված իրավիճակում կանանց առավել խոցելի է դարձնում նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունն ու բուժհաստատությունները գործում են ծանրաբեռնված, նրանց աշխատակազմերի անբավարարության խնդիր կա, տեղական աջակցության խմբերի աշխատանքները կաթվածահար վիճակում են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված շատ ապաստարաններ փակ են, մյուսները՝ խիստ ծանրաբեռնված։ Նա կոչ է արել կառավարություններին ընտանեկան բռնությունների կանխարգելման միջոցառումներն ընդգրկել COVID-19-ի դեմ պայքարի ծրագրում՝ որպես դրա հիմնական խնդիրներից մեկը։
«Դա նշանակում է, որ պետք է ավելացնել օնլայն ծառայություններին, հասարակական կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև չխուսափել կանանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձանց հանդեպ դատական հետապնդում իրականացնելուց»,- նշել է նա՝ կարևորելով կանանց՝ անվտանգ կերպով օգնության դիմելու հնարավորությունների ապահովումը։
Այս դժվարին իրավիճակում, երբ աշխարհը պայքարում է COVID-19-ի դեմ, նա կոչ է արել՝ միասին կանխել բռնությունը, որտեղ էլ դրա վտանգն ու սպառնալիքը լինեն՝ ռազմական գործողությունների շրջաններից մինչև բնակարաններ ու առանձնատներ։
ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այնուամենայնիվ, նույնիսկ մինչև նոր կորոնավիրուսի գլոբալ տարածումը, վիճակագրությունը ցույց էր տալիս, որ ամբողջ աշխարհում կանանց մեկ երրորդն իրենց կյանքում ինչ-որ ժամանակ բռնության որևէ տեսակի է ենթարկվել։
Խնդրին բախվում են ինչպես զարգացած, այնպես էլ աղքատ տնտեսություն ունեցող երկրները։ ԱՄՆ-ում քոլեջի ուսանողուհիների գրեթե մեկ քառորդը հայտնել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգությունների, մինչդեռ Աֆրիկայի սուբսահարյան երկրներում զուգընկերների կողմից բռնությունների է ենթարկվում կանանց 65 տոկոսը։ ԱՀԿ-ի կողմից ավելի վաղ իրականացված հետազոտությունները վկայում են՝ բռնության ենթարկված կանայք հետագայում ունենում են տարբեր խնդիրներ, այդ թվում՝ վերարտադրողական, հոգեբանական, առողջական։
Ցնցող է, բայց բռնությունները՝ քաղցկեղի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու մալարիայի հետ միասին, դասվում են մահացությունների առավել լուրջ պատճառների թվին։
Հ.Գ. Նշենք, որ մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ էր արել դադարեցնել կրակը աշխարհի բոլոր հակամարտությունների գոտիներում, բոլոր պատերազմող երկրներում՝ աշխարհի առջև ծառացած կորոնավիրուսային համավարակի պատճառով: «Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 վարակի առաջ: Վարակը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելությունից, ազգությունից կամ կրոնից: Այն անողոքաբար հարվածում է բոլորին՝ անկախ տարիքից: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները»,- ասել է Գուտերեշը՝ կոչ անելով խելամտորեն գնահատել իրավիճակը և անհապաղ դադարեցնել կրակը բոլոր հակամարտող գոտիներում: