2023 թ․ մայիսի 30-ին տեղի ունեցավ ՔՀԿ – ԱԺ հարթակի հերթական հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր՝ քննարկել պետության և ԶԼՄ-ների դերակատարումը և համագործակցության հնարավորությունները՝ հանրային ընկալումներում կանանց հասարակական և քաղաքական ակտիվության նկատմամբ խտրական ու կողմնակալ վերաբերմունքը հաղթահարելու հարցում։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներ, ՔՀԿ և Մեդիա ոլորտի փորձագետներ։ Քննարկման հիմքում «Պետական քաղաքականության դերը ԶԼՄ-ներում՝ կանանց ոչ կարծրատիպային կերպարի ձևավորման հարցում» քաղաքականության համառոտագիրն է։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի համակարգող Աննա Ներսեսյանցը, ՀՀ ԱԺ պատգամավորներ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։
Բանախոսները ընդհանուր շեշտադրումներ արեցին տարբեր ոլորտներում կանանց ներգրավման և մեդիայում կանանց ներկայացվածության վերաբերյալ, ներկայացրին առկա որոշ խնդիրներ և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները և բացթողումները։
Կանանց ներգրավվածության մասով իրենց ոլորտներում արձանագրվող խնդիրներին անդրադարձան նաև ՄԻՊ ներկայացուցիչ Թագուհի Հարությունյանը՝ անդրադառնալով հատկապես պարեկային ծառայության մեջ կանանց ներգրավման խնդիրներին՝ կարծրատիպերով պայմանավորված, Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը՝ նշելով, որ կին գործիչներն ավելի քիչ են հակված մասնակցելու տարբեր քննարկումների և ասուլիսների, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանը, որը ևս անդրադարձավ կին պատգամավորների՝ հարցազրույցներում և լրատվական այլ ձևաչափերում ներգրավվելուն։
Կանանց համերաշխության անհրաժեշտության մասին խոսեց ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ԱԺ-ում։
Քննարկման այս հատվածում անդրադարձ եղավ նաև հեռուստատեսությամբ կանանց կարծրատիպային կերպար ձևավորելու խնդիրներին և անհրաժեշտության դեպքում բովանդակությունը խմբագրելու մոտեցումներ որդեգրելուն։
Գենդերազգայուն լեզվամտածողության անհրաժեշտության մասին ևս շեշտվեց, որի մասով անհրաժեշտություն կա նաև համագործակցելու լեզվաբանների հետ։
Հարթակի՝ նախորդ տարիների աշխատանքը և քաղաքականության համառոտագիրը ներկայացնելուց հետո քննարկումը շարունակվեց թեմայի վերաբերյալ։ Քննարկման արդյունքները կամփոփվեն հետագա ջատագովության նպատակով։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետները։