2020 թվականը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար եղել է աննախադեպ ծանրաբեռնված, հայտարարեց Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2020 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ–ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՀՀ ՄԻՊ–ի՝ որպես կանխալգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։
Տարեկան զեկույցի և հաղորդման մեջ ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների հարցերը։
Երկու փաստաթղթերն ընդհանուր կազմում են 1970 էջ: Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ կազմվել են ՄԻՊ-ի կողմից 2020թ. ընթացքում:
ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի ներկայցման ընթացքում Արման Թաթոյանը շեշտադրոեց այն փաստը, որ պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռել են Արցախում մարդու իրավունքների խախտումների մասին:
«Մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, օրինակ հարց` ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ կազմակերպություն Արցախ չի այցելում, կարո՞ղ է ինձ որևէ մեկը բացատրել: Ես իրենց ասում եմ` դուք ձեր պահվածքով վնասել եք մարդու իրավունքների համակարգը»- ասաց պաշտպանը:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճաի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս, ՄԻՊ-ը նշեց, որ 2015-16թթ համեմատությամբ ավելի քան 6 անգամ ավելացել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը.
«Եթե 2015 թվականին դիմումների ու բողոքների թիվը կազմել է 5214, 2016թ-ին՝ 5113, ապա 2020 թվականին դիմումների, բողոքների և սեփական նախաձեռնությունների թիվը հասել է շուրջ 15 հազարի», – հայտարարեց Թաթոյանը։
Նա նշեց, որ մարդու իրավունքները՝ կենսաթոշակի նշանակում, աշխատանքային ստաժի հաշվարկում, հաշմանդամության կարգի սահմանում և այլն, շարունակաբար խախտվում են սոցիալական ապահովության ոլորտում թերի վարչարարության պատճառով.
«Առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ։ Անապահով ընտանիքների աջակցության ոլորտում առկա չեն անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունների պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Արդյունքում՝ չարաշահումների հայտնաբերելիս բացասական բեռը կրում է նպաստառուն»։
Նշենք, որ իր տարեկան հաղորդման մեջ ՄԻՊ-ը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը կյանքի բոլոր ոլորտներում: Ինչպես և նախորդ տարիների զեկույցներում, հանգամանալից անդրադարձ է կատարել կանանց իրավունքների պաշտպանությանը աշխատանքի շուկայում, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, կանանց նկատմամբ բռնությանն ու զինված ուժերում կանանց հիմնախնդիրներին, կանանց վերատադրողական առողջությանը, պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը, ատելության խոսքի դրսևորումներին:
ՄԻՊ–ի զեկույցներն ամբողջությամբ.
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։