«Ոչ մի կասկած չկա, որ COVID-19-ով պայմանավորված համավարակը լուրջ հետընթաց ազդեցություն է ունենալու «Կայուն զարգացման 2030» օրակարգի համար»,- նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների անկախ փորձագետ Սաադ Ալֆարաջին նույն ֆորումի աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում։
Նա կոչ է արել բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին համաձայնեցված քայլեր ու միջոցներ ձեռնարկել՝ իրականացնելու այն խոստումը, ըստ որի ոչ ոք չպետք է անտեսված մնա։ Նա նշել է, որ քաղաքականություններն ու ծրագրերը հաճախ են թերանում մարդկանց կարիքները գնահատելիս ու դրանց հասցեականությանը սահմանելիս։
«Եթե նպատակներին հասնելուն ուղղված ջանքերը հիմնված չեն այս կարիքների վրա, դրանք չեն կարող հաջողվել»,- ընդգծել է զեկուցողն իր ելույթում։
ՄԱԿ-ի իրավունքի փորձագետը պնդում է, որ այսօր էլ շատ կանայք, ինչպես նաև ռասայական, էթնիկ ու կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ, տեղահանվածներ ու աղքատներ «մարգինալացված են, անզոր և մերժված»։
«Քանի դեռ մենք չենք անդրադառնում առկա անհավասարություններին, բացառություններին և սաստկացած խտրականությանը, որոնց բախվում են այս համայնքները, տևական և ներառական զարգացումը բոլորի համար կմնա անիրական մի բան»,- ընդգծել է նա:
Զարգացման իրավունքը յուրաքանչյուր արարածի իրավունք է տալիս մասնակցել, նպաստել, ինչպես նաև վայելել տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական զարգացումները:
Նշվում է, որ կայուն զարգացման հասնելու համար անհրաժեշտ է համալիր գործընթաց շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ սկսած պետություններից, միջազգային կազմակերպություններից, քաղհասարակությունից մինչև հասարակության մարգինալ խմբեր։
Նա նաև նշել է, որ առաջնահերթությունները պետք է սահմանեն այն մարդիկ, ովքեր պետք է օգուտներ քաղեն, այսինքն, «համայնքները պետք է սահմանեն զարգացման օրակարգեր, բյուջեներ և գործընթացներ»:
«Այդ պատճառով անհրաժեշտ է վերացնել տեսանելի և անտեսանելի պատնեշները, որոնք խոչընդոտում են համայնքի մասնակցությանը։ Նման պատնեշներ կարող են համարվել իրավական ինքնության բացակայությունը, ֆինանսական մեծ ծախսերը և սոցիալական սահմանափակումները։ Պատնեշների վերացումը կհանգեցնի նրան, որ զարգացումով կշահեն բոլոր հասարակությունները»,- խոսքն ամփոփել է Սաադ Ալֆարաջին։
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։