2020թ. հուլիսին տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ներկայացրել է Ազգային անվտանգության ռազմավարությունը և դրա մեջ տեղ գտած հայ ժողովրդի ազգային արժեքները և ազգային նպատակները:
Ըստ վարչապետի հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը, ՀՀ քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը, հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը; համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:
Նշենք, որ ռազմավարության տեքստի մեջ կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին անդրադարձ է արված ոչ միայն վարչապետի ուղերձի ազգային նպատակների համատեքստում, այլ նաև.
- 6-րդ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների եվ իրավունքի գերակայության ապահովումը» և
- 7-րդ «ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովումը» բաժիններում:
Մասնավորապես.
Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝
- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային ՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը;
- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը ՝ առանց որևէ սահմանափակման;
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը;
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը;
– Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը;
- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, և ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թվի էական աճի միջոցով:
- Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:
- ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
6.6 Հասարակական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես պետական կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության ցածր մակարդակը թույլ չի տալիս լիովին օգտագործել մարդկային կապիտալն ազգային անվտանգության ապահովման և կայուն զարգացման ուղղություններով: Պետությունը հետամուտ է լինելու ինչպես կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը, այնպես էլ հավասար հնարավորությունների և պայմանների ստեղծմանն ու քաղաքական որոշումների ընդունման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը:
- ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հանրային բարեկեցության եվ ժողովրդագրական իրավիճակի բարելավում
7.33 Մենք հանձնառու ենք սոցիալական տարբեր խմբերի համար հավասար հնարավորությունների և սոցիալական ու տնտեսական ներառականության ապահովմանը, այդ թվում ՝ արժանապատիվ ծերության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանն ու բռնության կանխարգելմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանությանը:
Ռազամավարության եզրափակիչ դրույթներում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղենիշային փաստաթուղթ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները սահմանելու համար:
Ազգային անվտանգության ռազմավարությունը կարելի է կարդալ այս հղումով