Միջազգային հեղինակավոր զանգվածային լրատվության միջոցները այս օրերին հետևողական կերպով լուսաբանում են կին առաջնորդներ ունեցող երկրների հաջողություններն ու ձեռքբերումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Դրանք հիշեցնում են՝ հաջողություններ գրանցած երկրները մեկ ընդհանուր բան ունեն, ղեկավարվում են կանանց կողմից։
«Հենց կին առաջնորդներն էին, որ սկսեցին գործել ավելի վաղ ու վճռական»
«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են»՝ այսպես է վերնագրել իր հոդվածներից մեկը բրիտանական Тhe Guardian-ը։
«Կին լինելը ձեզ չի օգնում գլոբալ համավարակն ավելի լավ կառավարելու, բայց կանայք, որպես կանոն, պետք է լավագույնը լինեն, որպեսզի դառնան առաջնորդներ»,- նշում է հոդվածագիրն ու օրինակ բերում Նոր Զելանդիան, Թայվանը, Գերմանիան։
Այս երեք երկրների առաջնորդներն էլ կանայք են ու կատարում են բացառիկ աշխատանք՝ ի պատասխան կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի։
Թայվանի նախագահ, նախկին պրոֆեսոր Ցայ Ին Վեն 2016-ին դարձավ այդ երկրի առաջին կին նախագահը, վերընտրվեց այս տարվա հունվարին։ Նա ցուցաբերել է արագ ու հաջող պաշտպանություն վիրուսի դեմ։ Չնայած Չինաստանի հարևանությամբ գտնվող երկիր է, ունի ընդամենը հաստատված 400 դեպք։ Նկատենք, որ հոդվածը հրապարակվել է ապրիլի 11-ին, իսկ 14 օր անց՝ ապրիլի 25-ին, վարակակիրների թիվն ավելացել է ընդամենը 29-ով՝ դառնալով 429, մահվան դեպքերը 6-ն են։ Նկատենք, որ Թայվանն ունի ավելի քան 23.8 մլն բնակչություն։
Այս պետությունն այնքան լավ է պատրաստված, որ 10 մլն բժշկական դիմակ է նվիրել ԱՄՆ-ին ու 11 եվրոպական երկրների։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը այս օրերին ամենաքննարկված պաշտոնյան է։ Նրա նախաձեռնությունների մասին գրում են առաջատար լրատվամիջոցները։ Այսպես, ըստ աղբյուրի, Նոր Զելանդիան Covid-19-ի դեմ պայքարի առաջամարտիկներից է, ապրիլի 11-ի դրությամբ վիրուսի հետևանքով ընդամենը մահվան մեկ դեպք էր գրանցվել։ Դա մասամբ պայմանավորված է աշխարհագրական դիրքով և չափսերով. Նոր Զելանդիայի բնակչությունը՝ 5 մլն, շատ ավելի քիչ է, քան Նյու Յորքինը։ Բայց միանշանակ, առաջնորդի գործոնն էլ կարևոր է։ Երկիրն անցել է լայնածավալ թեստավորման, իսկ Արդերնը ճգնաժամին արձագանքել է պարզ, հստակ ու կարեկցանքով։
Գերմանիային հիվանդությունը ծանր հարված է հասցրել, բայց այն ունի մահացության բացառիկ ցածր ցուցանիշ՝ 1.6 տոկոս։ Սա այն պարագայում, երբ, օրինակ՝ Իտալիայում մահացության ցուցանիշը 12 տոկոս է, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում՝ 10 տոկոս, Չինաստանում՝ 4 տոկոս, ԱՄՆ-ում՝ 3 տոկոս։
Մահացության քիչ դեպքերը պայմանավորված են ագրեսիվ թեստավորմամբ, ինտենսիվ մահճակալների մեծ թվի ապահովմամբ։ Այստեղ էլ իհարկե առաջնորդի դերը շատ մեծ է։ Тhe Guardian-ը հիշատակել է թվիթերյան կեսկատակ-կեսլուրջ մի գրառում. «Դուք հարցնում եք, թե ինչո՞ւ է Գերմանիայում մահվան դեպքերը քիչ, իսկ ԱՄՆ-ում՝ շա՞տ. քանի որ Գերմանիայի կանցլերը նախկինում քվանտային քիմիայի մասնագետ է եղել, իսկ ԱՄՆ նախագահը՝ հաղորդավար»։ Իսկապես, Մերկելը քիմիական գիտությունների դոկտորանտ է։
Պաշտոնյաների աշխատավարձերը 20 տոկոսով նվազեցրել են
The Guardian-ը մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել էր Նոր Զելանդիայի վարչապետի՝ իր ու այլ պաշտոնյաների աշխատավարձը 20 տոկոսով նվազեցնելու նախաձեռնությանը։ Վեց ամիս շարունակ գործադիրի անդամներն ավելի քիչ աշխատավարձ կստանան՝ ի նշան սոցիալական համերաշխության, առաջնորդության կորոնավիրուսից տուժածների, ինչպես նաև առաջնագծում պայքարողների։
«Եթե Նոր Զելանդիայում որևէ պահի պետք է վերացվեր սոցիալական խմբերի միջև առկա անջրպետը, ապա այդ պահը հիմա է»,- ասել է Ջասինդա Արդերնը։
«Կանայք են ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կառավարել համամարդկային ընտանիքը»
Իր հերթին Forbes-ը գրում է. «Փնտրում եք ճգնաժամի պայմաններում իրական առաջնորդության օրինակնե՞ր․ ահա՝ Իսլանդիայից մինչև Թայվան, Գերմանիայից՝ Նոր Զելանդիա, կանայք են ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կառավարել մարդկային ընտանիքը։ Ավելացնենք այս երկրներին Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան։ Շատերը կասեն, որ դրանք փոքր երկրներ են կամ կղզիներ, կամ այլ բացառություններ: Բայց Գերմանիան մեծ է և առաջատար, իսկ Մեծ Բրիտանիան կղզի է, և այս երկրները կորոնավիրուսի շատ տարբեր արդյունքներ ունեն։ Կորոնավիրուսին առավել լավ արձագանքել են այն երկրները, որտեղ կառավարում են կանայք։ Ի՞նչ են սովորեցնում մեզ այս երկրները»։
CNN-ը շարունակում է՝ Նորդյան հինգ երկրներից (Շվեդիա, Նորվեգիան, Ֆինլանդիա, Դանիա և Իսլանդիա) չորսը կանայք են գլխավորում: Այդ երկրներում էլ մահացության մակարդակն ավելի ցածր է, քան եվրոպական մյուս երկրներում։ Ֆինլանդիայի վարչապետը 34-ամյա Սաննա Մարինն է՝ աշխարհի ամենաերիտասարդ կին առաջնորդը: Նա 85 տոկոս վստահության վարկանիշ ունի։ Կին վարչապետներ ունեցող Դանիան, Իսլանդիան ևս ուշագրավ աշխատանք են իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարում։
Կին առաջնորդներ ունեցող երկրների՝ համավարակի դեմ պայքարի հաջող փորձը հիշարժան է, սակայն պետք է հաշվի առնել, որ երկրների միայն 7 տոկոսն են ղեկավարում կանայք։ CNN-ը նշում է՝ դեռ վաղ է կանխատեսումներ անել, բայց այս պահին կարելի է փաստել, որ հենց կին առաջնորդներն էին, որ սկսեցին գործել ավելի վաղ ու վճռական։
«Մենք ստեղծել ենք մի աշխարհ, որտեղ կանայք սեղմված են ամբողջ տարածքի ընդամենը 25%-ի՝ մեկ քառորդի վրա, ինչպես ֆիզիկական որոշումների կայացման սենյակներում, այնպես էլ այն պատմություններում, որոնք պատմում են մեր կյանքի մասին: Իսկ դա բավարար չէ »,- ասել է ՄԱԿ Կանայք գործակալության գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան՝ հավելելով, վաղուց ժամանակն է, որ գիտակցենք՝ աշխարհը կարիք ունի ավելի շատ կին առաջնորդների, ինչպես նաև քաղաքականության բոլոր մակարդակներում կանանց հավասար ներկայացվածության:
«Ինչու կանայք պետք է մեծ թիվ կազմեն քաղաքական բարձրագույն պաշտոններում»
COVID-19-ի համավարակից շատ դասեր կարելի է քաղել, և դրանցից մեկն էլ կարող է լինել այն մասին, թե ինչու կանայք պետք է մեծ թիվ կազմեն քաղաքական բարձրագույն պաշտոններում՝ գրում է Byline times պարբերականը ։
Պարբերականը հիշեցնում է, որ կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարում լավ առումով բացառիկ են Նոր Զելանդիան ու Գերմանիան, առաջինը կարողացավ գրեթե ամբողջությամբ ջարդել վիրուսը իր երկրում մահվան առաջին իսկ դեպքը գրանցելուց հետո, իսկ երկրորդը կարողացավ խուսափել այն վատ իրավիճակից, որն առկա է հարակից երկրներում, նշում է հոդվածագիրը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ երկու երկրներն էլ՝ թե՛ Նոր Զելանդիան, թե՛ Գերմանիան կին ղեկավար ունեն՝ վարչապետ Ջասինդա Արդերնը ու կանցլեր Անգելա Մերկելը:
Ճգնաժամի հաղթահարումը Նոր Զելանդիայում որակվել է «վարպետության դաս» քաղաքական առաջնորդների համար, իսկ Մերկելին գովաբանում են սպառնալիքի դեմ պայքարում հակատանկային «բազուկա» (bazooka) դուրս բերելու համար, գրում է Byline times պարբերականը՝ նշելով, որ անշուշտ բարդ ու բազմաշերտ են այն պատճառները, թե ինչու որոշ երկրներ կարողանում են վիրուսի դեմ պայքարում առավելության հասնել, բայց հետաքրքիր է նաև ուսումնասիրել, թե երկրների ղեկին կանգնած կին ղեկավարները կամ հակառակը՝ նրանց բացակայությունը, ինչպիսի գործոն են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու կարողության առումով։
Արդյոք Նոր Զելանդիան և Գերմանիան գերազանցո՞ւմ են իրենց հավասար այլ երկրներին այն պատճառով, որ կին առաջնորդները ավելի քիչ քաղաքականացված են, ավելի վճռական են, ավելի շատ են վստահում որակավորված մասնագետներին, թե՞ նրանք ավելի սառնասիրտ պահված են ցուցաբերում ճգնաժամի պայմաններում։ Այս հանելուկի լուծումը հնարավոր է գտնենք 2019-ին հրապարակված Harvard Business Review-ի ուսումնասիրության մեջ, ըստ որի պարզվել է, որ կանայք 19 հմտություններից 17-ում գերազանցում են տղամարդկանց։ Դրանք այն հմտություններն են, որոնք տարբերակում են գերազանց առաջնորդներին միջիններից կամ թույլերից։
Կանայք «գերազանց» են ստացել նախաձեռնողականության, ճկուն գործելու, ինքնազարգացմամբ զբաղվելու, արդյունքներ գրանցելու, առավել մեծ ինտեգրում ու ազնվություն ցուցաբերելու հմտություններում։ Այնուամենայնիվ, կանայք աշխարհի առաջնորդների թվում 7%-ից էլ քիչ են, նրանք կազմում են քաղաքական գործիչների 24%-ը: Չի կարելի չհավատալ այն վարկածին, որ գենդերային այս բացը նպաստում է աշխարհում մի շարք խնդիրների առկայությանը, ինչպիսիք են՝ աղքատությունը, անհամաչափ հարստությունը, կլիմայական փոփոխությունը, սովն ու պատերազմը։
Նաև հետաքրքիր է, երբ խոսքը վերաբերում է սեփական աշխատանքը գնահատելուն, կանայք թերագնահատում են իրենց կարողությունները, տղամարդիկ՝ հակառակը, գերագնահատում են: Այլ կերպ ասած՝ տղամարդիկ կարծում են, թե իրենք առավել ունակ ու մրցակցային են, քան իրականում կան։ Սա էլ իր հերթին բերում է նրան, որ նրանք ավելի քիչ են դիմում ոլորտային փորձագետների օգնությանը, ավելի քիչ են ողջունում իրենց հետ չհամաձայնող կարծիքները, ավելի քիչ են բաց այն ինֆորմացիայի համար, որը չի սատարում կամ հաստատում իրենց նախապաշարմունքներն ու հակումները։
Byline times-ի հոդվածագիրն այս առումով ուշադրություն է հրավիրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ չափից ավելի ինքնավստահությանը՝ այն որակելով «թունավոր տղամարդկություն»։ «Նա մտածում է, որ զինված ուժերի մասին ավելի շատ բան գիտի, քան գեներալները, տնտեսության մասին ավելի շատ բան գիտի, քան տնտեսագետները, գիտության մասին ավելին գիտի, քան գիտնականները, և ավելի շատ գիտի վարակիչ հիվանդությունների մասին, քան համաճարակաբանները»,- նկատում է աղբյուրը։
Հոդվածագիրը հիշատակում է նաև չափից ավելի ինքնավստահությամբ Թրամփին գրեթե չզիջող Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին, որը մի քանի օր եղել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հիշեցնենք, որ նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուս։ Ջոնսոնի մենեջմենթը համավարակի օրերին գնահատվել է աղետալի, տարածվող հաղորդագրությունները՝ երբեմն իրարամերժ ու շփոթեցնող։
Մինչդեռ, ըստ մասնագետների, Նոր Զելանդիայի վարչապետի մոտեցումը վիրուսի դեմ պայքարի գործում եղել է համակողմանի ու հստակ, նա իր կոչերում նշել է քաղաքացիներից ակնկալվող գործողությունների իմաստն ու նպատակը, ինչպես, օրինակ՝ «մնա տանը կյանք փրկելու համար»։ Գիտակցելով, թե ինչ մարտահրավերների կարող են հանդիպել մարդիկ՝ տանը մնալով, ինչպիսիք են, օրինակ՝ ընտանիքների կազմաքանդումը, խաթարված աշխատանքային կյանքը, սիրելիներին այցելել չկարողանալը, թաղում չգնալը, նա խնդրել է քաղաքացիների ներողամտությունն ու կարեկցանքն այն ամենի համար, ինչ խնդրում են անել նրանց։ Մասնագետները նաև ընդգծել են Նոր Զելանդիայի վարչապետի ասուլիսը, որի ընթացքում հնչել է խնամքով պատրաստված ելույթ, ինչը հմուտ մոտեցման վառ օրինակ է, ապա նա պատասխանել է լրագրողներին՝ չխուսափելով հարցերից։
«Ես չեմ հավակնում ասել, որ միայն կանանց կողմից ղեկավարվող աշխարհը կարող էր կանխել COVID-19-ի աղետը, բայց ես մի բան գիտեմ՝ մեր կողմից գրավված մոլորակն ավելի ապահով և ավելի լավ վայր կլիներ, եթե չափից դուրս ինքնավստահ ու իրենց գերագնահատող տղամարդիկ քիչ լինեն, և այն կլիներ ավելի վստահ ու նախընտրելի վայր, եթե կոմպետենտ կանայք լինեին բարձր պաշտոններում»,- նշում է հոդվածագիրը։
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։