ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73/340 որոշման համաձայն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում կանցկացվի բարձր մակարդակի հատուկ նիստ՝ ի նշանավորումը Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովին ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-ամյակի: Նիստն անցկացվելու է «Գենդերային հավասարություն և կանանց ու աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման արագացում» խորագրի շուրջ:
Հուլիսի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի և ՄԱԿ-Կանայք (UN-Women) կառույցի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել նախապատարաստական առցանց հանդիպում, որի նպատակն էր Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-ամյակի կապակցությամբ սեպտեմբերին հրավիրվող հատուկ նիստին ընդառաջ ընդլայնված քննարկումներ կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ելույթ ունենալով օրակարգի «Գենդերային հավասարության առաջնորդների միջև երկխոսություն» հատվածում:
«Ինչպես գիտեք, Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, իսկ հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ գլոբալ ջանքերին»,- ասել է Զարուհի Բաթոյանն իր ելույթում:
Նախարարը նշել է, որ բազմակի և հատվող խտրականության ենթարկվող կանանց և աղջիկներիnն քաղաքականությունները հասանելի դարձնելու նախապայմանը նրանց մասնակցությունն է բոլոր փուլերում։
Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաև անցյալ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրանց հետևանքով տուժող քաղաքացիների և հատկապես կանանց խնդիրներին. «Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս օրերին Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, պայքարում է համավարակի դեմ։ Կին բուժաշխատողների մասնակցությունը, նրանց փորձի վրա հիմնված առաջարկներն անգնահատելի են ընդհանուր պայքարի համատեքստում։ Ցավոք, վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների օրակարգում է ևս մեկ հարց՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը։ Հայաստանի սահմանամերձ գործարաններից մեկը, որն օրական արտադրում է երեք հարյուր հազար դիմակ, օրեր առաջ հրետակոծվեց։ Դժվարին այս իրավիճակում դիմակ արտադրող կանանց և այն բուժաշխատող կանանց, որոնց համար դիմակների առկայությունը կենսական է, ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ, երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից», – ասել է նախարարը։
Անդրադառնալովլգենդերային հավասարության խնդիրներին նախարարը նշել է, որ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու համար երկխոսությունն առանցքային է։ «Հայաստանի կառավարությունը գենդերային հավասարության հասնելու հարցում վճռական է։ Այդ վճռականությունը հիմնված է քաղաքական երկխոսության վրա։ Եթե փոխվստահությունը շահագրգիռ կողմերի միջև ամուր է, կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը չեն ընկրկրկում», – ասել է նա:
Նախարարը խոսել է նաև օրեր առաջ հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ, որն ի դեպ, մշակվել է կին դերակատարների ուղիղմասնակցությամբ։ Ըստ նախարարի ռազմավարությամբ ամրագրվել է, որ բռնությունից զերծ հանրության հայեցակարգը հասարակական համերաշխության կարևոր նախապայման է։
«Այդ դրույթը համագործակցության և քաղաքական երկխոսության ձեռքբերումն էր, որ ամրագրվեց որպես ներհայկական համակեցության կանոն։ Սա է մեր պատկերացումը գենդերային հավասարության հասնելու համար տարբեր կողմերի համագործակցության մասին։ Հուսով եմ, որ այդ հարցում համագործակցության մեր փորձը օրինակելի կդառնա շատ հասարակությունների համար և կամրապնդի գլոբալ համագործակցությունը հանուն բոլոր կանանց և աղջիկների», – եզրափակել է նախարարը։
Աղբյուրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։