«COVID-19 համավարակն ազդում է բոլորի վրա և ամենուր։ Սակայն այն մարդկանց տարբեր խմբերի վրա տարբեր կերպ է ազդում՝ խորացնելով առկա անհավասարությունը»,- նշել է իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
COVID-19-ը ոչ միայն մարտահրավեր է նետում համաշխարհային առողջապահական համակարգերին, այլև փորձարկում է մեր մարդկային էությունը: Համատեղ ուժերով այդ համաճարակը հաղթահարելու և բոլորի համար ավելի լավ ապագա կերտելու գործում կենսական նշանակություն ունեն գենդերային հավասարության ապահովումն ու կանանց իրավունքների պաշտպանությունը»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Վկայակոչելով համավարակի հետևանքների նախնական տվյալները՝ ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ հիվանդության հետևանքով մահացության մակարդակը բարձր է տղամարդկանց շրջանում, սակայն դրա հետ մեկտեղ համավարակը սոցիալական և տնտեսական ավերիչ ազդեցություն է ունենում կանանց ու աղջիկների համար։
Նա ներկայացրել է նաև «Կանանց վրա COVID-19-ի ազդեցությունը» քաղաքականության ամփոփագիրը (Policy Brief ), որը հասցեագրված է քաղաքականություն մշակողներին: Փաստաթղթում վերլուծվում է, թե ինչպես է COVID-19-ը բացասաբար ազդում այն առաջընթացի վրա, որը մինչ այդ արձանագրվել էր գենդերային հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ամփոփոգրում ներկայացված են նաև խորհրդատվական բնույթի առաջարկներ, թե ինչպես կարելի է կանանց ներուժն ու առաջատար դերը օգտագործել որպես կարևոր տարր կենսունակության ու վերականգնման ապահովման համար։
«Ակնկալվում էր, որ 2020-ին նշվող Պեկինի Գործողությունների ծրագրի 25-ամյակը անկյունաքարային կդառնա գենդերային հավասարության համար։ Փոխարենը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, նույնիսկ վերջին տասնամյակներում գրանցված սակավաթիվ հաջողությունները կարող են հետ շրջվել։ Համավարակը խորացնում է գոյություն ունեցող անհավասարությունները՝ բացահայտելով սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգերի խոցելի տեղերը, որոնք էլ իրենց հերթին ուժեղացնում են համավարակի ազդեցությունը»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ամփոփագրում։
Փաստաթղթի հեղինակներն ընդգծում են, որ բոլոր ոլորտներում՝ սկսած առողջապահությունից մինչև տնտեսություն, անվտանգությունից մինչև սոցիալական ապահովություն, COVID-19-ի հետևանքներն ավելի սրվում են կանանց համար՝ պայմանավորված սեռի հատկանիշով արդեն իսկ առկա խտրականությամբ։
Տնտեսական հետևանքների մասով նշվում է, որ դրանք կանանց դեպքում տարբերվում են տղամարդկանց վրա ունեցած ազդեցություններից, քանի որ կանայք, ավելի շատ ընդգրկված լինելով տնտեսության ոչ ֆորմալ հատվածում, չեն կարողանում օգտվել սոցիալական պաշտպանությունից։ Իրավիճակն ավելի վատ է զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ կանանց 70 տոկոսն է ոչ ֆորմալ աշխատող։ Կանանցից շատերը տնային տնտեսություններում միայնակ ծնող են, ընտանիքի գլխավորը, և աշխատանքը կորցնելը հատկապես ցավոտ է անդրադառնում նման ընտանիքների վրա:
Էբոլայի համաճարակը ցույց տվեց, որ կարանտինը էական կերպով ազդում է կանանց տնտեսական ու կենսապահովման գործունեության վրա՝ խորացնելով աղքատությունը, առաջացնելով պարենի անբավարարություն։ Խնդրի լուծման համար ընդգծվում է՝ կրթության գենդերային բացի նվազեցումը, աշխատաշուկայում կանանց ներկայության ընդլայնումը։
Առողջապահության ոլորտում նշվում է, որ համակարգի աշխատակիցների 70 տոկոսը կանայք են, ու հենց այս օրերին նրանք են պայքարում առաջին գծում։ Կանայք բժիշկներ են, բուժքույրեր, համայնքային բուժաշխատողներ, մայրապետներ, մաքրուհիներ։ Չնայած այս թվերին՝ նրանք հաճախ ներկայացված չեն COVID-19 համավարակի պայմաններում որոշումների կայացման գլոբալ գործընթացում։
Հաջորդ խնդիրն այս ոլորտում սեռական և վերարտադրողական առողջության, ներառյալ մայրական առողջության պահպանման և գենդերային բռնության դեմ պայքարի ծառայությունների սահմանափակումն է, որոնք առանցքային նշանակություն ունեն կանանց և աղջիկների առողջության, իրավունքների և բարեկեցության համար: Այս ծառայությունների անհասանելիությունը կամ ոչ պատշաճ մատուցումը կարող են հանգեցնել մայրական մահացության աճի, հիվանդությունների սրացման, դեռահասների շրջանում հղիությունների, ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների աճի։ Այստեղից էլ հորդորը՝ ապահովել բժշկական, նորածինների խնամքի, ընտանեկան բռնությունից տուժած կանանց համար նախատեսված աջակցության ծառայությունների շարունակականությունը համավարակի պայմաններում։
ՄԱԿ-ի փորձագետները նաև կոչ են անում կառավարություններին՝ մեծ ուշադրություն դարձնել առաջնագծում գտնվող բուժաշխատողների դերին, նրանց կարիքներին՝ ապահովելով նրանց պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով։
Ընտանիքի անդամների խնամքի աշխատանքի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ այդ չվճարվող ու անտեսանելի ներդրումն իրական ազդեցություն ունի տնտեսության համար։ Եթե մինչ համավարակը կանայք երեք անգամ ավելի շատ չվճարվող տնային աշխատանք էին կատարում, քան տղամարդիկ, ապա համավարակի պայմաններում խնամքի աշխատանքների պահանջարկը մեծանում է, ինչն ավելի է խորացնում աշխատանքային բաժանման մեջ առկա գենդերային անհավասարությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի հետևանքով 1.52 մլրդ ուսանողներ, աշակերտներ, ավելի քան 60 մլն ուսուցիչներ տանն են, քանի որ դպրոցները փակ են։ Որպես կանոն՝ երեխաների խնամքն ընկած է կանանց ուսերին ոչ միայն աշխատաշուկայի կառուցվածքի, այլ նաև սոցիալական նորմերի հետևանքով։ Այստեղ էլ փորձագետներն ընդգծում են շուկայում կանանց ներկայացվածության մեծացմանն ուղղված արագ ու արդյունավետ ջանքերի ու քայլերի անհրաժեշտությունը։ Դրանք առավել անհրաժեշտ են հիվանդանոցային, սննդի, զբոսաշրջության ոլորտներում, որտեղ կանանց ընդգրկվածությունը մեծ է։
Ընտանեկան բռնության մասով հատվածում նշվում է, որ համավարակի օրերին դեպքերի թիվը մեծանում է, իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ աջակցության շատ կենտրոններ, ծառայություններ չեն գործում կամ մասամբ են գործում, ապաստարանները լեցուն են կամ փակ։ Իրավապահ մարմինները, առողջապահական ծառայություններն էլ հաճախ չեն կարողանում պատշաճ աջակցություն ցուցաբերել, քաղհասարակության ներկայացուցիչներն էլ մեկուսացման մեջ են։ Զեկույցում ընդգծվում է իրավական այնպիսի կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք կսահմանեն արտակարգ իրավիճակներում իրավունքների գերակայությունը և կօգնեն կասեցնել գենդերային հենքով բռնությունները։ Հիմնական ու կենսական ծառայությունների թվում պետք է դիտարկվեն նաև ընտանեկան բռնությունից տուժածների համար նախատեսված ապաստարանները, ավելին, նման իրավիճակներում պետք է ընդլայնել ապաստարանային հնարավորությունները՝ դրանց համար օգտագործելով դատարկ հյուրանոցներն ու ուսումնական հաստատությունները։
Մարդասիրական ու զարգացման ծրագրերի ու նախաձեռնությունների առումով համավարակը նույնպես կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Մասնավորապես, նման ծրագրերի կասեցումը, չեղարկումը, հետաձգումը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել հումանիտար աջակցության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Նույն համատեքստում կարևորվում են ծրագրերը, որոնք նպատակաուղղված են ապահովելու կանանց մասնակցությունը որոշումների ընդունման մակարդակում:
Համավարակի պայմաններում գենդերային անհավասարության հիմնախնդիրներին է անդրադառնում նաև վերջերս ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հրապարակած «COVID-19-ը և գենդերային անհավասարության տնտեսական հետևանքները. առաջարկություններ քաղաքականություն մշակողների համար» փաստաթուղթը: Թեև այն հասցեագրված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանի երկրների կառավարություններին, սակայն կարող է, ընդհանուր առմամբ, ուղեցույց ծառայել համավարակի դեմ պայքարում գենդերային զգայուն մոտեցումներ ցուցաբերելու հարցում:
«COVID-19-ը ճգնաժամ է, որը հրատապ պատասխաններ է պահանջում: Համավարակի տարածման հետ կապված ճգնաժամի սոցիալական և տնտեսական ազդեցությունները մեղմելու համար պահանջվում են համակարգված և ինտեգրված միջոցառումներ առողջապահության, ընտանիքի անդամների խնամքի կազմակերպման հարցերում: Այս առումով կարևորվում է կանանց դերը, քանի որ հենց կանայք են գտնվում առողջապահության և խնամքի արձագանքման առաջնագծում՝ օգնելով տուժած անձանց առողջապահական հաստատություններում, սոցիալական ծառայություններում, ապահովելով ընտանիքների բարեկեցությունը, խնամքը և կայունությունը տնային տնտեսություններում: Տնտեսական հետևանքները կարող են հեռու գնացող ազդեցություն թողնել և խորացնել առկա անհավասարությունները, ներառյալ գենդերային անհավասարությունը», – ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշակած փաստաթղթի ներածության մեջ:
Աղբյուրը՝ United Nations
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։