Հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվեց «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր, այս մասին է հայտնում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
«Հավասարության սերունդ» ֆորումն իրականացվում է գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման պատասխանատու մարմնի ՝ ՄԱԿ-Կանայք կառույցի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։
Նախաձեռնությունը միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը ՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ հոբելյանի համատեքստում։
Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ կոալիցիաների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների կենսագործմանը և խթանմանը տնտեսական հզորացման, առողջապահության, կլիմայի, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման, ֆեմինիստական շարժումների և առաջնորդության ոլորտներում։
Կոալիցիաների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ հաստատություններ, բարեգործական կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։
Առաջնորդների ընտրությունը կայացվել է համապատասխան թեմատիկ ոլորտում թեկնածուների հանձնառության դրսևորման, ոլորտում արձանագրած առաջընթացի և այլ չափանիշների հիման վրա։ Տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ թեմատիկ կոալիցիայի համար առաջնորդության իր թեկնածությունն առաջադրելիս Հայաստանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները` ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում Հայաստանի արձանագրած առաջընթացն ու հանձնառությունները։
Տեխնոլոգիաների և նորարարության թեմատիկ կոալիցիայի աշխատանքներն ուղղորդվելու են առաջնորդ ընտրված 3 երկրների ՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ և Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ հետ համագործակցությամբ։
«Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը ` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։ Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը ՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությունը խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործընթացներին ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։Հիշեցնենք, որ «Հավասարության սերունդ» գլոբալ ֆորումը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականին Մեխիկոյում և Փարիզում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն տեղափոխվել է հաջորդ տարի և անցկացվելու է 2021 թվականի առաջին կեսին:
«Հավասարության սերունդ» ֆորումը քաղաքացիական հասարակության գլոբալ միջոցառում է, որը կազմակերպում է ՄԱԿ-Կանայք կառույցը՝ Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների հետ համագործակցությամբ: Համաժողովի նպատակն է նոր լիցք հաղորդել ողջ աշխարհի ֆեմինիստական և կանանց հարցերով զբաղվող շարժումներին, համախմբել երիտասարդ առաջնորդներին, այդ թվում ՝ տղամարդկանց, «Գործողությունների կոալիցիաների» շուրջ:
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է «Հավասարության սերունդ» ֆորումի կայքում։
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։