ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծով փոփոխություն է նախատեսվում նաև մայրության նպաստի տրամադրման կարգում, ըստ որի՝ պարզեցվում ու հստակեցվում է կարգն այն դեպքերի համար, երբ նպաստ ստանալուց առաջ 12 ամսվա ընթացքում մայրը նույն աշխատավայրում չի աշխատել։ Այդ դեպքում ևս մայրը սահմանված կարգով կստանա հասանելիք գումարը։
Նախագծով առաջարկվում է նաև, որ հիվանդության կամ խնամքի պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում քաղաքացին ստանա նպաստը՝ աշխատավարձի 80 տոկոսի չափով, առաջին իսկ օրվանից: Նշենք, որ գործող օրենսդրությամբ, երբ քաղաքացին տարբեր պատճառներով՝ հիվանդության, խնամքի, չի կարողանում ներկայանալ աշխատանքի, նա առաջին օրվա համար չի վարձատրվում, մյուս օրերի համար ստանում է 80 տոկոսով:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել էր մայիսի սկզբին:
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։