Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Փարիզում անցկացվում է “Հավասարության սերունդ” ֆորումը, որը շրջադարձային իրադարձություն է կանանց իրավունքների և գենդերային հավասարության տեսակետից: Պեկինում կայացած Կանանց չորրորդ համաշխարհային խորհրդաժողովից քսանվեց տարի անց «Հավասարության սերունդ» գլոբալ ֆորումը նպատակ է հետապնդում խթանել առաջիկա հինգ տարիների համար գենդերային հավասարությանն ուղղված ավելի ակտիվ գործողությունները և ներդրումները: Հիշեցնենք, որ ֆորումը պետք է կայանար դեռ անցյալ տարի Պեկին+25 գործընթացների շրջանակում, բայց հետաձգվեց համավարակի պատճառով և այժմ անցնելու է առցանց:
Պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և երիտասարդական կազմակերպությունները կհավաքվեն` ազդարարելու գենդերային հավասարության գլոբալ արագացման ծրագրի մեկնարկը, հայտարարելու կոնկրետ պարտավորությունների մասին և ամրապնդելու սերունդների միջև բազմաշահառու գործընկերությունները`առաջիկա հինգ տարիների ընթացքում գենդերային հավասարությունը խթանելու համար:
Գրանցված մասնակիցները մուտք գործելով Ֆորումի թվային պլատֆորմ` հնարավորություն կունենան ներկա գտնվել 500 մասնակիցների մասնակցությամբ գրեթե 90 միջոցառումների և համագործակցել ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր մասնակիցների հետ:
Արձագանքելով այն փաստին, որ COVID-19 ճգնաժամը սրել է գենդերային անհավասարությունները, ֆորումը հաստատում է առաջընթացի արագացման ուղղությամբ գործելու հրատապությունը և նշում, որ գենդերային հավասարությունը պետք է դրվի վերականգնման ջանքերի հիմքում:
Ֆորումի աշխատանքներին կարելի հետևել այստեղ.
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։