2020 թվականին լրանում է ուղիղ 25 տարի այն օրվանից, երբ 1995-ին, ավելի քան 17 հազար պաշտոնական պատվիրակներ 189 երկրներից, այդ թվում ` Հայաստանից, հավաքվեցին Պեկինում` Կանանց 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում:
Քննարկումներն ընթանում էին երկու զուգահեռ հարթակներում՝ պաշտոնական մակարդակի համաժողովն անցնում էր Պեկինում, միաժամանակ Պեկինի մերձակայքում գտնվող Հուայրոուում տեղի էր ունենում ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը՝ 30 հազար ակտիվիստների մասնակցությամբ:
Պեկինի խորհրդաժողովի մասնակից 189 պետությունները պարտավորություններ ստանձնեցին միաձայն ընդունված
Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի շուրջ: Գործողությունների ծրագիրը մինչ օրս ամենաընդգրկուն և հիմնարար համաձայնագիրն է համարվում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և գենդերային հավասարության ձեռքբերման ոլորտում: Փաստաթղթի ծավալն ու խիստ համակարգված կառուցվածքն ինքնին տպավորիչ են. 12 ոլորտներում իրավիճակի վերլուծություն և յուրաքանչյուրի շրջանակում՝ ռազմավարական նպատակների նախանշում և դրանց ուղղությամբ գործողությունների հանձնարարականներ՝ հասցեագրված կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և այլ պատասխանատու մարմիններին:
Փաստաթղթի հայերեն թարգմանությունը, ցավոք, միայն
կրճատ, ոչ պաշտոնական թարգմանությամբ է հասանելի:
Ըստ էության, հենց Պեկինի Գործողությունների ծրագրով է շրջանառության մեջ դրվել կանանց ու տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը, որը կոչված էր վերացնելու կանանց հռչակված իրավունքների և դրանց արդյունավետ իրացման հարցում առկա խզումը:
Հետպեկինյան գործընթացների շրջանակներում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը՝ իր հաստատումը գտնելով բոլոր հետագա ծրագրային փաստաթղթերում, համալրվեց նաև հավասար արդյունքի կոնցեպտով: