Տեղեկագրի այս համարն անդրադառնում է կանանց վրա COVID-19 համավարակի ազդեցության առանձնահատկություններին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի բնորոշմամբ՝ համավարակն ազդում է բոլորի վրա և ամենուր, սակայն այն մարդկանց տարբեր խմբերի վրա ազդում է տարբեր կերպ՝ խորացնելով առկա անհավասարությունները և բացահայտելով սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգերի խոցելի տեղերը: Նախնական վերլուծությունները փաստում են, որ COVID-19-ը սոցիալ-տնտեսական բնույթի ավերիչ ազդեցություն է ունենում հատկապես կանանց վրա, ինչպես նաև բացասաբար է ազդում այն առաջընթացի վրա, որը մինչ այժմ արձանագրվել էր գենդերային հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս առումով կարևոր է, որ կառավարությունների արձագանքները համավարակին ի սկզբանե հաշվի առնեն այն անհամաչափ ազդեցությունները, որոնք դրանք ունենում են կանանց ու տղամարդկանց վրա: Իսկ այն հանգամանքը, որ ողջ աշխարհում կանայք՝ մեծամասնություն կազմելով առողջապահության, կրթության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում և կարևոր դեր են խաղում ճգնաժամի լուծման գործում, միայն հաստատում է, որ համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ցանկացած միջոցառում պետք է ներառի գենդերային զգայուն մոտեցումներ: