Վերջին 50 տարիներին գենդերային հավասարության ուղղությամբ առաջընթացը կարող է կորսվել, եթե կառավարությունները չմիջամտեն։ The Guardian-ը գրում է, որ կորոնավիրուսի համավարակը կործանարար ազդեցություն է գործում գենդերային հավասարության վրա ու կարող է կանանց հետ գլորել տասնամյակներով. հայտարարել են փորձագետները Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից «Հավասար վարձատրության ակտ»-ի (Equal Pay Act) ընդունման 50-ամյակի նախօրեին։ Կանայք, զբաղված լինելով երեխաների խնամքով և կենցաղային հարցերով, ավելի շատ աշխատատեղեր են կորցնում, քան տղամարդիկ։ Քաղաքական գործիչները, աշխատաշուկայի փորձագետները, կանանց իրավունքների պաշտպանության ջատագովները նշում են նաև կառավարության կազմում կանանց ձայների պակասը կարող է գլխիվայր շրջել 50 տարվա առաջընթացը: Fawcett Society-ն Մեծ Բրիտանիայում գործող կազմակերպություն է, որը հետևողականորեն քարոզում է գենդերային հավասարություն ու կանանց իրավունքների պաշտպանություն։ Կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Սմեթերսն այդ հետևանքներից խուսափելու համար կարևորում է կառավարությունների միջամտությունը։
«Մենք հիմա տեսնում ենք, որ ավելի շատ տղամարդիկ են վերադառնում իրենց աշխատանքին, և ավելի շատ կանայք են շարունակում մնալ տանը։ Մեզանից 20 տարի պահանջվեց աշխատաշուկայում կանանց մասնակցության ցուցանիշները բարձրացնելու համար, բայց դա կարող է չքանալ մի քանի ամսում», – նշել է նա The Guardian–ի հետ հարցազրույցում։
Համավարակը երկարաժամկետ հեռանկարում բացասական հետևանքներ է ունենալու թե՛ աշխատաշուկայի, թե՛ քաղաքականության, թե՛ երեխայի խնամքի, թե՛ աշխատավարձերի հավասարության և թե՛ կանանց նկատմամբ բռնության հարցերում:
Կանայք առաջնագծում ու ոտնահարվող իրավունքներով
Ֆիսկալ հետազոտությունների ինստիտուտի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ուսումնասիրությունները պարզել են, որ հավանական է մայրերի 47%-ը կկորցնեն կամ ստիպված կթողնեն աշխատանքը, իսկ 14%-ն էլ հավանաբար աշխատանքը կորցրել է ճգնաժամի սկզբին: Ենթադրվում է, որ հետճգնաժամային աշխարհում առավել տուժած երկու ոլորտները կլինեն հյուրընկալության և մանրածախ առևտրի ոլորտները, որտեղ զգալի թվով կին աշխատողներ են ներգրավված։ «Կանայք այս ճգնաժամին առերեսվեցին խիստ անբարենպաստ պայմաններում։ Մենք անհանգստացած ենք կանանց վաստակի վրա համավարակի ունեցած ազդեցությամբ, և զբաղվածության հեռանկարները կխորացնեն առկա գենդերային անհավասարությունն ու կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությունը», – ասել է Մեծ Բրիտանիայի Կանանց բյուջետային խմբի հետազոտությունների և քաղաքականության ղեկավար դոկտոր Սառա Ռեյիսը։
Սեմ Սմեթերսի խոսքով, աշխատանքային ավելի ճկուն ձևերին անցնելը թույլ կտա առավել հավասար պայմաններ ստեղծել աշխատող ծնողների համար։ «Անցյալին վերադարձ չկա. ջինը արդեն լամպից դուրս է եկել», – ասել է նա։
Video file
https://www.youtube.com/watch?v=3qV7R2iYVXg
Resolution Foundation-ի տվյալների համաձայն, ցածր վարձատրվող 10 աշխատակիցներից միայն մեկն է ի վիճակի աշխատել տնից, մինչդեռ ցածր վարձատրվող աշխատողների 69 տոկոսը կանայք են. դա /տանից աշխատելը/ համադարման չԷ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արհմիությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Ֆրենսիս Օ’Գրեյդին: «Աշխատող կանայք առաջնորդել են կորոնավիրուսի դեմ պայքարը, սակայն նրանցից միլիոնները մնացել են ցածր վարձատրվող եւ անապահով աշխատանքի հույսին», – ասել է նա: «Մեզ անհրաժեշտ է գնահատել, ինչպես ենք հաշվարկում և փոխհատուցում կանանց աշխատանքը»։
Աշխատավարձերում առկա գենդերային բացը հնարավոր կլինի լրացնել միայն 200 տարի անց
Ինչ վերաբերում է աշխատավարձի՝ սեռով պայմանավորված անհավասարությանը, ապա այս առումով էլ փորձագետներն անհանգստացած են ձևավորվող զարգացումներից։
«Կորոնավիրուսային ճգնաժամը հանգեցրեց այն բանին, որ կառավարությունն այս տարի ընկերություններին ազատեց աշխատավարձի վերաբերյալ գենդերային տվյալներ ներկայացնելու պարտվորությունից, և, արդյունքում, ընկերությունների միայն կեսը բարեխղճորեն կատարեց իր պարտավորությունները։ Սա գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքի անհանգստացնող նշան է», – ասել է Շառլոթ Վուդվորթը, ով «Հանուն գենդերային հավասարության» արշավի ղեկավարն է։
The Equality Trust ընկերության գործադիր տնօրեն Վանդա Վիփորսկան նշել է, որ ըստ առկա տվյալների հիման վրա արված վերլուծության, աշխատավարձերում առկա գենդերային բացը հնարավոր կլինի լրացնել միայն 200 տարի անց։
«Անկասկած, անհավասարության բեռն ընկնելու է կանանց ուսերին, ինչպես եղավ աշխատատեղերի կրճատման դեպքում։ Կրճատվածների 86%-ը կանայք են։ Կա կուտակային էֆեկտ, որը հետևողականորեն հետ է մղում առաջընթացը»,- ասել է նա։
Երեխաների խնամքը
Առկա պայմաններում երեխաների խնամքի 97%-ը բաժին է հասնում կանանց։ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի իրականացրած նոր հարցումների համաձայն, տղամարդիկ ամեն օր մեկ ժամ ավելի քիչ չվճարվող աշխատանք են կատարում, քան կանայք։
«Համավարակին կարելի է նայել նաև հակառակ տեսանկյունից։ Առաջին անգամ՝ տանից աշխատելու պայմաններում, Covid-19-ը տղամարդկանց ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը, նրանք իրականում տեսան իրենց երեխաներին ու հասկացան, թե ինչ են կորցրել», – ասել է Red Plate խորհրդատվական ընկերության տնօրեն Սյուզի Լևը։
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը
Ուսումնասիրությունների համաձայն, համավարակով պայմանավորված ինքնամեկուսացումը ողջ մոլորակում հանգեցրել է կանանց և աղջիկների դեմ բռնության հսկայական աճին։ Ապրիլին Մեծ Բրիտանիայում ավելացել են բռնության վերաբերյալ ահազանգերը, իսկ աջակցության կենտրոնի կայքի այցելություններ շատացել են տասն անգամ։ Բռնություններ վերապրած կանայք՝ պատասխանելով հարցումներին, նշել են, որ բռնությունն ավելի է սաստկացել մեկուսացման պայմաններում:
«Ընտանեկան բռնության վրա կենտրոնացումը կարող է դրական հետևանքներ ունենալ, եթե դա օգնի ավելի լավ հասկանալու, որ մենք բոլորս պարտավոր ենք միմյանց համար պատասխանատու լինել։ Սա կարող է լինել հզոր ձեռքբերում»,- ասել է «Վերջ կանանց նկատմամբ բռնություններին» կոալիցիայի ղեկավար Սառա Գրինը։
Քաղաքականություն
Պառլամենտական քննարկումների ժամանակ Կանանց և հավասարությունների հարցերով հանձնաժողովի պահպանողական նախագահ Քերոլայն Նոքեսը հետաքրքրվեց վարչապետ Բորիս Ջոնսոնից, թե ինչպիսին պետք է լինի գենդերային հարաբերակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարող աշխատանքային խմբում: «Սա հարց է, որին ես չեմ կարող պատշաճորեն պատասխանել»,- նշել է վարչապետը: Նոքեսն առաջարկել է 50/50 հարաբերակցությունը, նշելով, որ ունի մտավախություն, որ կառավարության ամենաբարձր օղակներում կանանց ձայնը լսելի չէ: Նիստը վարող Հելեն Պանքուրստն էլ հավելել է, որ նման զգալի փոփոխությունները երբեմն կարող են իրոք դրական նշանակությսւն ունենալ: «Կա շատ իրական վտանգ, որ մենք հետընթաց կունենանք, բայց եթե լինի հանրային պահանջ և բավարար բարձրաձայնում, ամեն ինչ կարելի կլինի վերաձևակերպել և վերանայել: Հույսը այնքան կարևոր է»:
Աղբյուրը` The Guardiran
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։