Ինչ են գենդերը և գենդերային հավասարությունը
«Սեռ» և «գենդեր» հասկացությունների տարբերությունը
Յուրաքանչյուր հասարակության զարգացում անհնար է պատկերացնել առանց երկու սեռերի` կանանց և տղամարդկանց գործունեության: Ըստ պատմական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների` ձևավորվել են ուրույն պատկերացումներ կանանց և տղամարդկանց հասարակական դերի, նրանց կարգավիճակի և գործառույթների վերաբերյալ: Կանանց և տղամարդկանց տարբերությունները բազմաբնույթ են, որոնց մեծ մասը պայմանավորված չէ սեռական պատկանելությամբ, կենսաբանությամբ: Այդ տարբերությունները մատնանշելու համար հաճախ օգտագործում են «սեռ» և «գենդեր» հասկացությունները, որոնք անհատին բնորոշում են տարբեր տեսանկյուններից:
Կենսաբանական սեռն անատոմիական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական բնութագրերի ամբողջությունն է, իգական և արական սեռերի ներկայացուցիչների օրգանիզմների տարբերակման հիմքը:
Սակայն մարդը ոչ միայն ծնվում է որպես իգական կամ արական սեռի ներկայացուցիչ, այլև իր ամբողջ կյանքի ընթացքում կրում է տվյալ հասարակության ազդեցությունը, «կերտվում» որպես կին կամ տղամարդ: Հասարակությունը տարբեր ակնկալիքներ ունի կանանցից և տղամարդկանցից, քանի որ նրանց վերագրում է տարբեր դերեր: Կանանց և տղամարդկանց դրսևորած վարքի, հասարակության կողմից նրանց վերագրված դերային առանձնահատկությունների, հասարակությանը ներկայանալու կարգի հետ կապված տարբերությունները կազմում են «գենդեր» հասկացության բովանդակությունը:
Հետևապես «գենդերը» ընկալվում է որպես սոցիալ-մշակութային հարացույց, որը կառուցավորվում է սոցիալական պրակտիկայի ընթացքում` ներառելով յուրաքանչյուր հասարակությանը բնորոշ սոցիալական և մշակութային նորմերը, որոնք պարտադրվում են կանանց և տղամարդկանց` ստիպելով կատարել որոշակի գենդերային դերեր:
Գենդերն ունի տնտեսական, պատմական, կրոնական, սոցիալական, քաղաքական և մշակութային հատկանիշներ: Այդ հատկանիշները քարացած չեն, այլ փոփոխվում են ժամանակի ընթացքում` ենթարկվելով մշակութային ազդեցության:
«Գենդեր» եզրույթը վերաբերում է՝ [1] կանանց և տղամարդկանց ինքնությունների, հատկանիշների և դերերի վերաբերյալ հասարակության կողմից ձևավորվող նախանշմանը [նախապատկերացմանը] ու [2] հասարակության կողմից այդ կենսաբանական տարբերություններին տրվող սոցիալական և մշակութային նշանակությունները, որի արդյունքում կանանց և տղամարդկանց հարաբերությունները կառուցվում են հիերարխիկ[1]:
[1] ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) Ընդհանուր հանձնարարական 28, կետ 5; http://www.ohchr.org/EN/HRBodies/CEDAW/Pages/Recom mendations.aspx
Այս սահմանումը մատնանշում է, որ ցանկացած տարբերակում, բացառում [գործընթացից դուրս թողնում] կամ սահմանափակում, որը հանգեցնում է կամ նպատակ ունի նվազեցնել կամ զրոյացնել կանանց իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կամ կանանց՝ իրենց իրավունքներից օգտվելը, հանդիսանում է խտրականություն, նույնիսկ երբ այդ խտրականությունը միտումնավոր չէ:
ՄԱԿ-ի շրջանակներում «գենդեր» հասկացությունը` որպես հատուկ առանցքային եզրույթ, լայնորեն, սիստեմատիկ և նպատակաուղղված գործածվում է առնվազն 1985 թվականից: Կանանց դրության վերաբերյալ երրորդ համաշխարհային խորհրդաժողովում, որ տեղի է ունեցել Նայրոբի քաղաքում 1985 թ., ընդունվել է «Կանանց դրության բարելավման գործունեության հեռանկարային ռազմավարությունները» շատ կարևոր փաստաթուղթը , որում «գենդեր» հասկացությունը գործածվում է 16 անգամ թե՛ առանձին, թե՛ այնպիսի բառակապակցություններում, ինչպիսիք են՝ «խտրականություն գենդերային հիմքով», «գենդերային հիմքով կանխակալ վերաբերմունք», «գենդերային բռնություն», «գենդերային դերեր», «գենդերային կարծրատիպեր», «գենդերային նորմեր», «գենդերային վիճակագրություն», «գենդերային ցուցիչներ» և այլն: Բացի այդ, հենց այդ փաստաթղթում է առաջին անգամ օգտագործվել mainstream եզրույթը` նկարագրելու համար գործողությունների այն լայն սպեկտրը, որում պետք է կանայք ընդգրկված լինեն: Այդ եզրույթների մեծ մասը գործածվել է նաև Վիեննայի հռչակագրում և գործողությունների ծրագրում` ընդունված 1993 թ. հունիսին Մարդու իրավունքների երկրորդ համաշխարհային խորհրդաժողովում: Հաջորդ կարևոր քայլն արվել է 1994 թ. Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման միջազգային խորհրդաժողովում ընդունված Գործողությունների ծրագրի առնչությամբ: Այնուհետև այն լայնորեն օգտագործել է (ներառյալ «գենդերային հավասարություն» հասկացությունը) նաև տվյալ ոլորտում «ամենապրոֆիլային» խորհրդաժողովի` Կանանց դրության վերաբերյալ չորրորդ համաշխարհային խորհրդաժողովի (Պեկին, 1995 թ. սեպտեմբեր) փաստաթղթերում` Պեկինի հռչակագրում և Գործողությունների ծրագրում:
«Գենդերային հավասարություն» նշանակում է հավասար իրավունքներ, պարտականություններ և հնարավորություններ կանանց և տղամարդկանց, տղաների և աղջիկների համար: Հավասարությունը չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ դառնալու են նույնը, այլ այն, որ կանանց և տղամարդկանց իրավունքները, պարտականությունները և հնարավորությունները կախված չեն լինելու այն հանգամանքից՝ ծնվել են նրանք տղամարդ, թե կին. ճանաչելով կանանց և տղամարդկանց տարբեր խմբերի բազմազանությունը:
OSAGI, 2001, “Gender Mainstreaming: Strategy for Promoting Gender Equality”
Գենդերային հավասարությունը ենթադրում է, որ հաշվի են առնվում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շահերը, կարիքները և գերակայությունները:
Գենդերային արդարությունը կանանց և տղամարդկանց նկատմամբ արդարացի լինելու գործընթաց է: Արդարությունն ապահովելու համար հաճախ պետք է առկա լինեն ռազմավարություններ և միջոցառումներ՝ փոխհատուցելու կանանց պատմական և սոցիալական հնարավորությունների պակասը, որոնք խանգարում են կանանց և տղամարդկանց աշխատել հավասար մրցակցային պայմաններում: Արդարությունը հանգեցնում է հավասարության:
Frequently asked questions about gender equality | UNFPA, https://www.unfpa.org/resources/frequently-asked-questions-about-gender- equality#
Գենդերային հավասարությունը «կանանց խնդիր չէ». այն պետք է վերաբերի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Կանանց և տղամարդկանց հավասարությունը դիտարկվում է որպես մարդու իրավունքների խնդիր և համարվում է հարակայուն մարդակենտրոն զարգացման թե՛ նախապայման, թե՛ ցուցիչ: