Սեքսիզմ
Սեքսիզմը (անգլ.՝ sexism, լատ.՝ sexus — «սեռ») մարդկանց նկատմամբ սեռի հատկանիշով նախապաշարումների, կողմնակալ վերաբերմունքի, հակակրանքի և, նույնիսկ, թշնամանքի դրսևորում է:
Չնայած սեքսիզմը դրևորվում է նաև տղամարդկանց նկատմամբ, մասնավորապես, երբ նրանք չեն համապատասխանում գենդերային դերերի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումներին, հիմնականում այդ եզրույթը օգտագործվում է կանանց նկատմամբ խտրականությունը մատնանշելու նպատակով: Ավելին, սոցիալական գիտություններում սեքսիզմը սահմանվում է որպես գաղափարախոսություն կամ սոցիալական պրակտիկաների համակարգ, որը նպաստում է հայրիշխանական նորմերի պահպանմանը՝ կանանց թիրախավորելու ու ճնշման ենթարկելու միջոցով:
Սեքսիզմը հակադրության մեջ է դնում կանանց և տղամարդկանց, ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատում մեկ սեռի գերակայությունը մյուսի նկատմամբ՝ դրանով իսկ արդարացնելով սեռերի միջև անհավասարությունը:
ՄԱԿ-ի տերմինաբանական շտեմարանի[1] բնորոշմամբ՝
Սեքսիզմը մի սեռի գերակայության ենթադրություն է մյուսի նկատմամբ և դրանով պայմանավորված խտրականություն ենթադրաբար ստորադաս համարվող սեռի, հատկապես տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ:
Ի լրումն այդ սահմանման նշվում է, որ սեքսիզմը համապատասխանում է սեռերի սոցիալական դերերի մասին ավանդական կարծրատիպերին[1]:
2019 թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունեց անդամ պետություններին ուղղված CM/Rec (2019) Հանձնարարականը սեքսիզմի կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ[2], որի շրջանակում տրվեց սեքսիզմի միջազգայնորեն ճանաչված ընդլայնված սահմանումը, ըստ որի՝
[1] https://unterm.un.org/unterm/display/record/unhq/na?OriginalId=cc45f66439373a39852569fd0006888e
[2] https://rm.coe.int/cm-rec-2019-1-on-preventing-and-combating-sexism/168094d894
Սեքսիզմն այնպիսի գործողություն, ժեստ, տեսողական պատկեր, բանավոր կամ գրավոր խոսք, սովորույթ կամ վարքագիծ է, որը հիմնված է որևէ անձի կամ անձանց խմբի սեռով պայմանավորված ստորադաս լինելու գաղափարի վրա, և դրսևորվում է պետական կամ մասնավոր կյանքում, առցանց տիրույթում կամ համացանցից դուրս:
Սեքսիզմն իրականացվում է հետևյալ նպատակներով կամ հանգեցնում հետևյալ ազդեցության՝
- անձի կամ անձանց խմբի արժանապատվության, իրավունքների ոտնահարում.
- անձին կամ անձանց խմբին ֆիզիկական, սեռական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական վնասի պատճառում.
- վախի, թշնամական, վիրավորական, նվաստացնող կամ ագրեսիվ միջավայրի ձևավորում.
- անձի կամ անձանց խմբի անկախության և իրավունքների լիարժեք իրականացման համար խոչընդոտների ստեղծում.
- գենդերային կարծրատիպերի պահպանում և ամրապնդում:
Սեքսիզմն ուղղակիորեն կապված է կանանց նկատմամբ բռնության հետ, քանի որ «ամենօրյա սեքսիզմը շարունակական բռնության մաս է հանդիսանում՝ ստեղծելով ահաբեկման, վախի, խտրականության մթնոլորտ, հասարակությունից օտարման և անապահովության զգացում»:
Ընդհանուր առմամբ, կանանց իրավունքներին վերաբերող և՛ եվրոպական, և՛ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը, հատկապես ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան[1], Պեկինի հռչակագիրն ու Գործողությունների ծրագիրը[2], դիտարկում են սեքսիզմը, խտրականությունը, կանանց նկատմամբ բռնությունը, գենդերային կարծրատիպերը և անհավասարությունը որպես փոխկապակցված երևույթներ:
Սեքսիզմն արդարացնում է մի սեռի ստորադաս և մյուսի գերադաս կարգավիճակը` համարելով մեկի (հիմնականում՝ արական սեռի) գերակայությունը բնական, ակնհայտ, սովորական և հաստատուն, հետևաբար՝ արդար:
Ավելին, սեքսիզմն ուղղակի կամ անուղղակի հաստատում է սեռերի միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական անհավասարությունը՝ բացատրելով այն բնությունից տրված տարբերություններով:
Կանանց նկատմամբ սեքսիստական վերաբերմունքը և հայտարարություններն ընկալվում են որպես նորմ, դառնում սովորական, բոլորի կողմից ընդունված և հաճախ չեն էլ նկատվում: Օրինակ՝ երբ Հայաստանում տեղի ունեցած վերջին նախագահի ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկն իր հրապարակային ելույթում հայտարարեց, որ «իգական սկիզբը քաղաքականության մեջ տեղ չունի, և դա պարզ տիեզերական ճշմարտություն է», այդ հայտարարությունն անհետևանք մնաց իր համար, թեև կանանց սահմանադրական իրավունքների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն էր…
Սեքսիզմը սերտորեն կապված է գենդերային կարծրատիպերի հետ, քանի որ խտրական գործողությունները կամ փոխհարաբերությունները հաճախ հիմնված են ենթագիտակցական մակարդակում առկա կողմնակալ համոզմունքների կամ ընդհանրացումների վրա:
Սեքսիզմը ներառում է կանանց արժեզրկման տարբեր ձևեր ու տեսակներ, հետևապես, սեքսիզմի դրսևորումների տարբեր դասակարգումներ կան: Օրինակ՝ հաճախ սեքսիզմը բաժանում են երեք տեսակի` թշնամական, «բարյացակամ» և երկակի/ամբիվալենտ: Թշնամական սեքսիզմը բնութագրվում է կանանց անլիարժեքության մասին բացահայտ պնդումներով, հանգեցնում է ծայրահեղ դրսևորումների՝ կնատյացության[3] ու ատելության խոսքի[4]: «Բարյացակամ» սեքսիզմն արտահայտվում է կանանց որպես հոգատար, զգայուն, թույլ և տղամարդկանց պաշտպանության կարիքն ունեցող էակների ներկայացմամբ, ինչը կանանց երբեմն կարող է հաճելի թվալ:
Եթե թշնամական սեքսիզմը կանանց մեջ վրդովմունք և դրան դիմակայելու ցանկություն է առաջացնում, ապա «բարյացակամ» սեքսիզմին ընդդիմանալը շատ ավելի դժվար է, քանի որ կանայք հաճախ ընկալում են հաճոյախառն կարծրատիպերն ու պրակտիկաները որպես արտոնություն:
Գործնականում սեքսիզմի այս երկու տեսակները կարող են միաժամանակ կիրառվել տարբեր կանանց նկատմամբ, և նման պրակտիկան անվանում են ամբիվալենտ սեքսիզմ: Օրինակ՝ երբ դիմելով որևէ կնոջ տղամարդիկ նկատում են, որ նա, ի տարբերություն այլ կանանց, տղամարդու նման սուր միտք ունի:
Սեքսիզմն առկա է կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ԶԼՄ-ներում, արվեստում, լեզվում, կենցաղում, նույնիսկ վիրտուալ տարածքում: Սեքսիզմը դրսևորվում է երեք մակարդակներում՝ անհատական, ինստիտուցիոնալ (օրինակ՝ ընտանիքում, աշխատանքային կամ կրթական միջավայրում) և կառուցվածքային (օրինակ՝ սոցիալական նորմերի և վարքագծի կանոնների միջոցով): Բոլոր մակարդակներում սեքսիզմի հիմքում ընկած է մի սեռի թերարժևորումը մյուսի նկատմամբ կամ որևէ սեռի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, ինչը շարունակական բնույթ է կրում:
- Անհատական մակարդակում սեքսիզմը դրսևորվում է անհատի ընկալումներում, խոսքում, գործողություններում, վարքագծում առկա կանխակալ վերաբերմունքով, որը հիմնված է այս կամ այն սեռին վերագրվող հատկանիշների մասին կարծրատիպային պատկերացումների վրա:
- Ինստիտուցիոնալ մակարդակում սեքսիզմը արտահայտվում է սոցիալական ինստիտուտներում բացահայտ խտրական կանոններով կամ չգրված նորմերով ներդրված գենդերային անհավասարությամբ: Կարող է արտահայտվել, օրինակ՝ կանանց նկատմամբ սահմանափակող օրենքներով, աշխատավարձերի տարբերությամբ, բարձր պաշտոններում ներկայացվածության տարբերությամբ, խտրական գործելաոճով և այլ ձևերով:
- Կառուցվածքային մակարդակում սեքսիզմը դրսևորվում է տվյալ հասարակությանը բնորոշ սոցիալական նորմերի, կանանց և տղամարդկանց վերագրվող վարքագծի կանոնների միջոցով, որոնք իրենց արտահայտությունն են ստանում կենցաղում, սովորույթներում, ավանդույթներում, ասացվածքներում, սոցիալական հարաբերությունների տարբեր ոլորտներում:
Հանրային խոսքում սեքսիզմը մեծապես վերարտադրվում և ուժեղացվում է ինչպես ավանդական լրատվամիջոցների, այնպես էլ՝ սոցիալական ցանցերի միջոցով:
[1] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=60505, ինչպես նաև General recommendations CEDAW https://www.ohchr.org/en/hrbodies/cedaw/pages/recommendations.aspx
[2] https://www.un.org/en/events/pastevents/pdfs/Beijing_Declaration_and_Platform_for_Action.pdf
[3] Միզոգինիա (կնատյացություն) – գաղափարների և տրամադրությունների համակազմ, որը հատուկ է որոշ տղամարդկանց և արտահայտում է կանանց սեռի նկատմամբ արհամարհանք և ատելություն։ Բառացանկ – UN in Armenia
[4] Ատելության խոսք, հանրային (հասարակական) խոսքի դրսևորում, որն արտահայտում է ատելություն կամ խրախուսում է բռնություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ՝ պայմանավորված այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են՝ անձի ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, էթնիկ խումբը, գենդերային ինքնությունը, մաշկի գույնը, սեռական կողմնորոշումը, հաշմանդամությունը և այլն։ «HATE SPEECH | meaning in the Cambridge English Dictionary»