2000 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջին անգամ գենդերային հիմնախնդիրներին նվիրված բանաձև ընդունեց` թիվ 1325 բանաձևը կանանց, խաղաղության և անվտանգության մասին, որում ընդգծվում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կարգավորման գործում, և պահանջ է դրվում նորովի նայել հակամարտությունների թողած ազդեցությանը կանանց և աղջիկների վրա, կանանց դերին խաղաղության ամրապնդման գործում և խաղաղարար գործընթացի գենդերային բաղկացուցչին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարձրացնում է գենդերային հավասարության և կանանց իրավունքների չափորոշիչները` ընդլայնելով դրանց կիրառման ոլորտը և առանցքային դեր վերապահելով դրանց խաղաղության ու անվտանգության պահպանման գործում:
Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից բխող պարտավորությունների ընդլայնման տեսանկյունից չափազանց կարևոր գործիք է: Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի միջոցով կոնվենցիան կարող է կիրառվել նաև այն երկրներում, որոնք չեն միացել դրան: Ավելին, բացի կառավարական հաստատություններից, այն առնչվում է կոնֆլիկտի մասնակից բոլոր խմբերին, ներառյալ զինված կազմավորումները, ժողովրդական պաշտպանության խմբերը և զինված խմբերը:
Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը կոնֆլիկտի բոլոր փուլերի խաղաղարար բանակցություների կամ հետկոնֆլիկտային կարգավորման բոլոր կողմերից պահանջում է կանանց իրավունքների պաշտպանություն և հարգալից վերաբերմունք: Բանաձևը նաև, միջազգային իրավունքին համապատասխան, աղջիկների և կանանց իրավունքների պահպանման պատասխանատվություն և հաշվետվողականություն է վերապահում նրանց: