Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
ՄԱԿ-ի` գենդերային հավասարության ապահովմանը նվիրված բազմաթիվ փաստաթղթերի շարքում ամենահամապարփակը, հիմնարարն ու բեկումնայինը 1979 թ. ընդունված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան է, որում առաջին անգամ ձևակերպվեց կանանց իրավունքների` որպես մարդու իրավունքների անկապտելի մասի գաղափարը: Կանանց իրավունքների իրականացման հիմք ընդունվեց նրանց նկատմամբ խտրականության իսպառ վերացումը: Ընդունվեց ևս մի կարևոր սկզբունք, որը հետագայում ուղենիշ դարձավ գենդերային հավասարության մեխանիզմների զարգացման ճանապարհին. խտրականություն հասկացությունը վերաբերում է կանանց և տղամարդկանց ոչ միայն իրավահավասարությանը, այլև փաստացի դրությանը.
Կանանց նկատմամբ խտրականություն» հասկացությունը նշանակում է սեռի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որը նպատակ ունի կանանց համար սահմանափակել կամ վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում, տղամարդկանց և կանանց, անկախ նրանց ամուսնական կարգավիճակից, հավասարության հիմքով, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ճանաչումը և կանանց կողմից այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը կամ դրանցից օգտվելը:
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա, 1-ին հոդված
ՀՀ Ազգային ժողովը կոնվենցիան վավերացրել է 1993 թ.: Կոնվենցիային միանալով` պետությունը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու և հավասար հնարավորություններ ապահովելու համար, այդ թվում՝
- տղամարդկանց և կանանց հավասարության սկզբունքի ընդգրկում օրենսդրական համակարգում, բոլոր խտրական օրենքների արգելում և կանանց նկատմամբ խտրականությունն արգելող օրենքների ընդունում.
- խտրականությունից կանանց գործուն պաշտպանությունն ապահովող մեխանիզմների ստեղծում.
- մասնավոր անձանց, կազմակերպությունների կամ ձեռնարկությունների կողմից կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացում:
Այն երկրները, որոնք վավերացրել են կոնվենցիան կամ միացել են դրան, պարտավոր են գործնականում կիրառել դրա դրույթները և ձևական հավասարությունից անցնել փաստացի հավասարության՝ ապահովելով արդյունքների հավասարությունը, հավասարություն, որը տարածվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց վրա:
Կոնվենցիան արտացոլում է երկրի առաջընթացը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչ է ձեռնարկում պետությունը, այլ, որ շատ ավելի կարևոր է, նրանով, թե ինչ ձեռքբերումներ կան այդ գործունեության արդյունքում: Այդպիսով, գենդերային հավասարությունը կոնվենցիայի համատեքստում որոշվում է արդյունքների հավասարությամբ:
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն` ստեղծվել է Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե՝ բաղկացած 23 փորձագետներից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով և գործում են անհատապես: Կոմիտեն իր նիստերը գումարում է տարին մեկ անգամ և զեկույցներ է ներկայացնում Գլխավոր ասամբլեային իր գործունեության մասին:
Ըստ կոնվենցիայի 17-րդ հոդվածի` կոմիտեի հիմնական խնդիրը կոնվենցիայի դրույթները կատարելու նպատակով պետության կողմից ձեռնարկված օրենսդրական, դատական, վարչական միջոցների մասին զեկույցների քննարկումն է: Սկզբնական զեկույցը ներկայացվում է կոնվենցիան վավերացնելուց կամ դրան միանալուց հետո մեկ տարվա ընթացքում, հետագա զեկույցները ներկայացվում են 4 տարին մեկ:
Ոչ կառավարական իրավապաշտպան և կանանց կազմակերպությունները արժեքավոր աղբյուր են այս կոմիտեի համար: Անկախ կազմակերպությունների մատուցած տվյալները մեծ նպաստ են բերում համապատասխան երկրի գործունեությունը անաչառ գնահատելու գործին:
Թեպետ ակնհայտ է, թե ինչի է ուզում հասնել Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, շատ երկրների համար պարզ չէ, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն, որպեսզի այն լինի գործող փաստաթուղթ: Ուստի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն կոնվենցիայի կատարումը գնահատելու նպատակով մշակել է կոնվենցիայի որոշ բաժինների վերաբերյալ մի շարք ընդհանուր հանձնարարականներ, որոնք մեկնաբանում են երկրների պարտավորությունները որոշակի ոլորտներում և հանձնարարում են ձեռնարկել գործողություններ կամ հատուկ միջոցներ, որոնց շնորհիվ պետությունները կկարողանան լուծել գենդերային հավասարության որոշակի հիմնախնդիրներ:
1999 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որով կոմիտեն կարող է բողոքներ ընդունել անհատներից` կոնվենցիայում ընդգրկված իրավունքների խախտումների զոհերից: ՀՀ Ազգային ժողովը կամընտիր արձանագրությունը վավերացրել է 2006 թ., ուստի նման բողոքներ կարող են ներկայացնել նաև ՀՀ քաղաքացիները: