Գենդերային ուղղորդում
Գենդերային ուղղորդումը կամ գենդերային մոտեցման ուղղորդումը կանանց և տղամարդկանց առնչվող ցանկացած ձեռնարկված գործողության գնահատման գործընթացն է, ներառյալ` օրենսդրությունը, քաղաքականությունը կամ ծրագրերը բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում:
Գենդերային ուղղորդումը մի ռազմավարություն է, որի շնորհիվ և՛ կանանց, և՛ տղամարդկանց առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև նրանց կուտակած փորձը պետք է դառնան անքակտելի չափանիշ քաղաքական, տնտեսական և սոցիալական բոլոր ոլորտների քաղաքականության և ծրագրերի մշակման, ինչպես նաև իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացում:
- Ինչո՞ւ է անհրաժեշտ գենդերային ուղղորդումը
Մի կողմից, որպեսզի կանայք և տղամարդիկ հավասար չափով օգտվեն զարգացման ծրագրերի արդյունքներից, մյուս կողմից՝ որպեսզի անհավասարությունը բացառվի[1]:
- Ինչպե՞ս իրականացնել գենդերային ուղղորդումը
Փաստաթղթերի, քաղաքականության և ծրագրերի գենդերային ուղղորդումը անհրաժեշտ է իրականացնել՝ առաջնորդվելով գենդերային հավասարությանը վերաբերող միջազգային և ազգային փաստաթղթերով:
Դրանց թվում են՝
- Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը[2].
- ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (CEDAW)[3].
- Հազարամյակի հռչակագիրը և հազարամյակի զարգացման նպատակները (2000)[4].
- Գենդերային քաղաքականության հայեցակարգը[5].
- Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2019-2023 թթ. ռազմավարական ծրագիրը.
- «Գենդերային զգայուն և տարաբաժանված ցուցիչներ» ձեռնարկը[6]:
- Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում գենդերային ուղղորդումը
Գենդերային ուղղորդումը հնարավորություն է տալիս`
- օգտագործել ռեսուրսներն այնպես, որ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հավասարապես օգտվեն արդյունքներից.
- հայթայթել և օգտագործել բոլոր հնարավորությունները ծրագրերում գենդերային հավասարության սկզբունքը պահպանելու համար.
- հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք կօգնեն հաղթահարելու անհավասարությունը և կապահովեն կանանց հավասար մասնակցությունը որոշումների կայացման ու քաղաքականության ձևավորման գործընթացներում.
- հանդես գալ այնպիսի նախաձեռնություններով, որոնք կօգնեն հաղթահարելու կարծրատիպային մոտեցումները, որոնք բերում են ոչ արդարացի իրավիճակների ստեղծմանը.
- ոչ միայն պայքարել անհավասարության դեմ, այլև հայտնաբերել այն ծնող պատճառները:
- Գենդերային ուղղորդման գործընթացը
Գենդերային ուղղորդման տեսանկյունից վերլուծության են ենթակա հետևյալ հիմնական բաղադրիչները՝
- ըմբռնում և պատրաստակամություն. գենդերային հավասարության զարգացման նպատակի պարզ պատկերացում և՛ աշխատանքային, և՛ որոշումների կայացման բարձր մակարդակներում, ինչպես նաև այդ նպատակին հասնելու պատրաստակամությունը թե՛ հաստատության և թե՛ անհատների կողմից.
- կառույցներ և մեխանիզմներ. գենդերային առանձնահատկությունների ուսումնասիրություն պլանավորման և որոշումների ընդունման գործընթացներում և առաջընթացը վերահսկելիս.
- տեղեկատվություն, տվյալներ և ուսումնասիրություն. անհրաժեշտ ինֆորմացիայի առկայություն/մատչելիություն, ինչպես, օրինակ՝ կանանց դրության ուսումնասիրություն և սեռի սկզբունքով տարանջատված տվյալներ, որոնք կօգտագործվեն նպատակների և խնդիրների ձևակերպումներում.
- մասնակցության մեխանիզմներ. մեխանիզմներ, որոնց միջոցով կանայք և գենդերային հավասարության ջատագովները կարող են մասնակցել քաղաքականության, ինչպես նաև ծրագրերի մշակման և գնահատման գործընթացներին:
- Գենդերային ուղղորդման սկզբունքները
Գենդերային ուղղորդման գործընթացը ենթադրում է`
- ինտեգրել գենդերային հավասարության սկզբունքներն ու իրավունքահենք մոտեցումը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում և հարցին առնչվող այլ միջազգային և ազգային փաստաթղթերում.
- ցուցաբերել գենդերային զգայուն մոտեցում պլանավորման և որոշումների կայացման շրջանակների և գործընթացների մեջ՝ կանանց և հավասարության հարցերին անդրադառնալու նպատակով հնարավորություն ընձեռելով ներգրավվել մասնագիտական (գենդերային իրազեկված) երկխոսության մեջ համայնքային և ազգային մակարդակներում.
- աջակցել հասարակության անդամների իրազեկության բարձրացմանը գենդերային արդարության ու հավասարության վերաբերյալ, ներառյալ պլանավորման և բյուջետավարման գործընթացները` զարգացնելով հմտություններն ու տարածելով մեթոդներ ու գործիքներ, որոնք լրացնում են առկա փորձն ու պրակտիկան:
[1] UN Economic and Social Council (ECOSOC), E/1997/L.3014, July 1997.
[2] ՀՀ-ն ստորագրել է 1995 թ.:
[3] ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.:
[4] 2015-ի սեպտեմբերի 25-ից փոխարինվել են Կայուն զարգացման նպատակներով:
[5] Ընդունվել է ՀՀ Կառավարության 2010 թ . փետրվարի 11-ի նիստի N5 արձանագրային որոշմամբ:
[6] Հաստատվել է ՀՀ ԱՍՀ նախարարի 19.10.2012 թ. N 93-Ա/1 հրամանով: