Գենդերային վերլուծություն
Կանայք և տղամարդիկ տարբեր դերեր ու պարտականություններ ունեն հասարակության մեջ, տարբեր է նրանց համար ռեսուրսների և բարիքների մատչելիությունը, այդ իսկ պատճառով պետության քաղաքականությունը, օրենսդրությունը և ծրագրերը նրանց վրա տարբեր կերպ են անդրադառնում, տարբեր հետևանքներ առաջացնում նրանց համար: Պետության գենդերային զգայուն քաղաքականությունը նախատեսում է գենդերային վերլուծության միջոցով այդ հանգամանքների անընդհատ ուսումնասիրություն և վերհանում` դրանց բացասական հետևանքները հնարավորինս չեզոքացնելու համար: Այսինքն`
Գենդերային վերլուծության նպատակն է գնահատել կանանց և տղամարդկանց վրա օրենսդրության, իրականացվող ծրագրերի, պետության քաղաքական կուրսի ազդեցությունը, վեր հանել աշխատանքի գենդերային բաժանման և իշխանության ու պաշարների անհավասար մատչելիության պատճառները և պարզել դրանց հետևանքները:
Գենդերային վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտելու նաև գենդերային խտրականությունը:
Գենդերային վերլուծության ամենակարևոր հնարավոր արդյունքն այն է, որ կարող է խթանել գենդերային զգայուն քաղաքականության ստեղծումն ու իրականացումը, փոխել կանանց և տղամարդկանց հարաբերությունների բնույթը, բացահայտել զարգացման նոր միտումներ, պայմաններ ստեղծել կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների համար:
Քաղաքականության և ծրագրերի գենդերային զգայունությունը տարանջատում է չորս մակարդակ.
- Գենդերային կույր. այս մոտեցումը չի ճանաչում կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների իրական կարիքները և առանձնահատկությունները, դերերի և պարտականությունների սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական որոշակի համատեքստերում և ծագմամբ իրենց վերապահված լինելը[1]:
- Գենդերային չեզոք. քաղաքականությունները և վերաբերմունքը պահպանում են ստատուս քվոն և չեն օգնում փոխակերպելու գենդերային հարաբերությունների անհավասար կառուցվածքը: Այս մոտեցումը գենդերային զգայունության տեսանկյունից նույնպես համարվում է բացասական:
- Գենդերային զգայուն մոտեցումը նպատակին հասնելու համար ի նկատի է առնում գենդերային նորմերը, դերերը և հասցեագրում է ռեսուրսների հասանելիությունը:
- Գենդերային վերափոխող մոտեցումը հնարավորություն է տալիս վերափոխելու անհավասար գենդերային հարաբերությունները՝ ընդհանուր հզորացումը խթանելու, ռեսուրսների վերահսկողությունը իրականացնելու, որոշումների կայացմանը մասնակցելու և կանանց լիազորությունների ընդլայնմանը աջակցելու նպատակով[2]:
Քաղաքականության և ծրագրերի գենդերային զգայունության մակարդակի վերլուծությունը և բարձրացումը իր հերթին թույլ են տալիս հասնել ինչպես գործնական գենդերային կարիքների բավարարմանը, այնպես էլ ռազմավարական գենդերային շահերի իրագործմանը.
- Գործնական գենդերային կարիքները (practical gender needs) ծագում են այն իրական պայմաններից, որ կանայք և տղամարդիկ ունենում են հասարակության մեջ իրենց տրված գենդերային դերերի պատճառով: Դրանք հաճախ կապված են կանանց մայր լինելու, տնային տնտեսության և հիմնական կարիքների համար պատասխանատու լինելու հետ, ինչը կանանց մեջ առաջացնում է կենսապայմանների և աշխատանքային պայմանների անբավարարության, ինչպիսիք են՝ սննդի, ջրի, կացարանի, եկամտի, առողջապահության և զբաղվածության մտահոգություն:
- Ռազմավարական գենդերային շահերը (strategic gender interests) հասարակության մեջ տղամարդկանց նկատմամբ կանանց ենթակայական դիրքի հաղթահարման համար անհրաժեշտ պահանջներն են և վերաբերում են կանանց հզորացմանը: Դրանք տարբերվում են ըստ այն սոցիալական, տնտեսական և քաղաքական առանձնահատկությունների, որոնցում ձևակերպված են (ԱՄԿ, 2000 թ.):
Լայն առումով գենդերային վերլուծությունը պետական քաղաքականության համակողմանի սոցիալ-տնտեսական վերլուծության կարևոր մասն է: Գենդերային վերլուծությունը գործիք է սոցիալական գործընթացները հասկանալու համար: Այն նախատեսում է ոչ միայն գենդերային վիճակագրության հավաքում և վերլուծություն, այլև այլ քանակական ու որակական տվյալների հաշվառում:
Գենդերային վերլուծությունը նախատեսում է հետևյալ քայլերը՝
- հիմնախնդրի բացահայտում, որոշում և լուծման հնարավորությունների նախատեսում.
- սպասվող արդյունքների որոշում.
- տեղեկատվական և խորհրդատվական ռեսուրսների հաշվառում.
- հետազոտությունների անցկացում.
- առաջարկությունների և լուծումների մշակում.
- հաղորդակցության քաղաքականություն (հետազոտության արդյունքների տարածում ԶԼՄ-ների միջոցով և այլ հնարավոր ուղիներով).
- վերլուծության որակի գնահատում:
Գենդերային վերլուծության ընթացքում պետք է հաշվի առնվեն բոլոր հնարավոր տարբերությունները: Այս դեպքում գենդերային տեսությունը առնչվում է սոցիալական այլ դասակարգում հետ` կազմելով այլ որակ, որը, անշուշտ, վերլուծության դեպքում պետք է հաշվի առնվի:
Օրինակ՝
- ազգային պատկանելության (ազգային փոքրամասնությունների գենդերային հիմնախնդիրները կարող են այլ լինել).
- անհատի ֆիզիկական կամ մտավոր ունակություններից կախված՝ ռեսուրսների օգտագործման հնարավորության (հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նաև յուրահատուկ գենդերային հիմնախնդիրներ, որոնք չի կարելի անտեսել).
- բռնության զոհերի փորձի (վախի և հոգեբանական այլ բարդույթների առկայություն).
- ընտանեկան դրության (տարբերություններ կան, օրինակ՝ ամուսնացած կանանց, միայնակ մայրերի, ամուսնալուծված կամ այրի կանանց սոցիալական կարգավիճակների միջև).
- տնտեսական վիճակի (եկամուտների չափը, սեփականության տնօրինումը և այլն).
- բնակության վայրի (գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց հիմնախնդիրների, գենդերային կարծրատիպերի տարբերությունները).
- տարիքային խմբերի (անչափահաս կամ տարեց մարդկանց հիմնախնդիրների տարբերությունը) և այլն:
Գենդերային վերլուծության առարկա կարող են դառնալ հետևյալ հիմնախնդիրները.
- Պաշարների մատչելիություն. այսինքն՝ կանանց և տղամարդկանց համար եկամուտների, ծառայությունների, տեղեկատվության, զբաղվածության ապահովման հավասար մատչելիությունը: Այդ խնդրի հետ է կապվում նաև պետության կողմից մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցը:
- Գիտելիք, համոզմունք և ըմբռնում. տղամարդկանց և կանանց ունեցած գիտելիքների մակարդակների համարժեքությունը: Գիտելիքների մաս է կազմում համոզմունքը կամ գաղափարախոսությունը, որը ձևավորում է գենդերային ինքնությունը և ապրելակերպը:
- Գործելակերպ և մասնակցություն. գենդերային հայեցակարգը ներառում է նաև մարդկանց ապրելակերպը, գործողությունները և միջոցների ծախսման, սպառման, կուտակման եղանակները: Մասնակցությունը ենթադրում է լինել գործունեության մեջ, ժողովներում, քաղաքական գործընթացներում, ծառայությունների մատուցման գործում, վերապատրաստման դասընթացներում:
- Տարածություն և ժամանակ. գենդերային տեսությունն անդրադառնում է նրան, թե կանայք և տղամարդիկ ինչպե՞ս և որքանո՞վ են ինքնուրույն տնօրինում իրենց ժամանակը, ինչպես նաև ունե՞ն արդյոք ազատ տեղաշարժվելու հնարավորություն: Դրա մեջ մտնում են՝ ժամանակի բաշխումը, ժամանակի մատչելիությունը, աշխատանքի բաժանումը:
- Իրավունքներ և կարգավիճակ. ներառում է գենդերային մոտեցումներն օրենսդրության և դատական համակարգում: Մասնավորապես, հավասա՞ր են արդյոք կանայք և տղամարդիկ սեփականության և ժառանգության, իրավական փաստաթղթերի, ինքնության քարտերի, ունեցվածքի վկայագրերի, ընտրողների գրանցման, վերարտադրողական պլանավորման, ներկայացվածության, իրավական գործընթացների առումով:
- Ուժ, իշխանություն. ուժային հարաբերություններում և իշխանության մեջ գենդերային ներդաշնակության ապահովում: Սա ենթադրում է, որ իշխանական կամ ուժային հարաբերությունները պետք է լինեն զուտ վարչաիրավական բնույթի և չպետք է պայմանավորված լինեն սեռային պատկանելությամբ:
[1] UNICEF, UNFPA, UNDP, UN Women. “Gender Equality, UN Coherence and You.
[2] UN-INSTRAW, Glossary of Gender-related Terms and Concepts.