Գենդերային հավասարությունը՝ զարգացման նախադրյալ
Գենդերային հավասարությունը ոչ միայն մարդու իրավունքների իրացման պահանջ է, այլ քաղաքակրթության ցուցանիշ է և զարգացման կարևոր նախադրյալ:
Գենդերային հավասարության հայեցակարգի հիմքում դրված է մարդկության թիվ մեկ երազանքը՝ սոցիալական արդարության գաղափարը: Կանայք կազմում են մոլորակի բնակչության կեսը և հանրային կյանքում իրենց ներգրավումից է կախված ողջ մարդկության ներուժի լիարժեք իրացումը. սկսած տնտեսական զարգացման ցուցանիշների վերելքից մինչև խաղաղության, ներդաշնակության և զարգացման ապահովում:
Հասարակությունը, որը բացառում է կանանց մասնակցությունը զարգացման գործընթացներին, երբեք և ոչ մի ոլորտում չի կարող հասնել իր ողջ ներուժի իրացմանը: Կանանց աշախատուժի անտեսումը չի կարող արդյունավետ մրցակցություն ապահովել գլոբալ տնտեսության մեջ, իսկ կառավարման ոլորտում կանանց թերներկայացվածությունը հարցականի տակ է դնում քաղաքական համակարգի և իշխանության լեգիտիմությունը: Սոցիալական ոլորտում կանանց իրավունքների ստորադասումը հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության իր բոլոր բացասական հետևանքներով ընտանիքների, երեխաների և ողջ հանրության համար:
Պատահական չէ, որ գենդերային հավասարությունը Կայուն զարգացման օրակարգի առանցքային նպատակներից մեկն է և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պարտավորություն են ստանձնել առնվազն մինչև 2030 թվականը ապահովել կանանց ու տղամարդկանց լիարժեք մասնակցությունը Կայուն զարգացման 17 նպատակները իրագործելու ընթացքում:
Գենդերային հավասարությունը ավելին է, քան իրավունքների հավասարությունը
Գենդերային հավասարությունը գերակա խնդիր դարձնելը նշանակում է տալ բնակչության կեսին `կանանց և աղջիկներին, ոչ միայն բոլոր իրավունքներն, այլ նաև հնարավորությունները` իրենց ներուժն իրացնելու համար: Գենդերային հավասարությունն ավելին է քան իրավահավասարությունը, այն հավասար հնարավորությունների և հավասար արդյունքների խնդիր է դնում և լուծում:
Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բանաձևը, որը կոչված է վերացնելու կանանց հռչակված իրավունքների և դրանց արդյունավետ իրացման հարցում առկա խզումը, առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց 1995 թվականին կայացած Կանանց 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում ընդունված Պեկինի հռչակագրով և Գործողությունների ծրագրով: Հետագայում այդ բանաձևը համալրվեց նաև հավասար արդյունքի կոնցեպտով:
Ո՞վ է շահում գենդերային հավասարությունից
Գենդերային հավասարության հայեցակարգը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին և ներառում է իրավունքների և հնարավորությունների ողջ շրջանակը` նախադրյալներ ստեղծելով կանանց ու տղամարդկանց միասնական առաջընթացի համար: Այս առումով, «ո՞վ է շահում գենդերային հավասարությունից» հարցի պատասխանը միանշանակ է՝ գենդերային հավասարությունը շահավետ է բոլորի համար և բոլոր ոլորտներում:
Շահում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ,
- քանի որ բոլորն են հնարավորություն ստանում իր ներդրումն անել երկրի զարգացման ու բարգավաճման համար և իր օգուտը ստանալ այդ գործընթացներից:
Շահում են կանայք,
- քանի որ գենդերային հավասարությունն երաշխավորում է ոչ միայն իրավական պաշտպանություն և սեռի սկզբունքով խտրականության բացառում , այլ ինքնադրսևորման հանարավորություն, ռեսուրսների և ծառայությունների հավասար հասանելիություն, անձնական, հանրային և քաղաքական կյանքում որոշումներ կայացնելու հավասար մասնակցություն:
Շահում են տղամարդիկ,
- քանի որ գենդերային հավասարությունը թուլացնում է ճնշումը տղամարդկանց վրա «առնականության չափանիշներին» համապատասխանելու առումով, դարձնում նրանց կյանքը պակաս ստրեսային։
Շահում են ընտանիքները,
- քանի որ գենդերային հավասարությունը նպաստում է ընտանիքի ամրապնդմանը հավասարության արժեքների շուրջ, ոչ թե ստորադասության սկզբունքնով կամ ավանդույթի ուժով։
Շահում է ողջ հասարակությունը,
- քանի որ գենդերային հավասարությունը նպաստում է կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնության կանխարգելմանը, ավելի ապահով և առողջ է դարձնում հասարակությունը։
Շահում է կառավարման համակարգը.
- Գենդերային հավասարությունը ժողովրդավարության կայացման կարևոր նախադրյալ է և չի կարելի խոսել իրական ժողովրդավարության մասին եթե բնակճության կեսը չի մասնակցում իրեն իսկ վերաբերող որոշումների կայացմանը:
- Գենդերային հավասարությունը բարձրացնում է կառավարման արդյունավետությունը, նպաստում հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքների ներդրմանը, կոռուպցիայի նվազեցմանը, բարեվարքությանը, բարելավվում է քաղաքական մթնոլորտը։
- Որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում ընտրովի մարմիններում, կանանց ներկայացվածության «կրիտիկական զանգվածի» ապահովումը հանգեցնում է պետական քաղաքականության հումանիզացմանը, նպաստում ընդունվող որոշումների սոցիալական ուղղվածությանը և որոշումների կայացման նոր առավել ժողովրդավար մշակույթի ձևավորմանը:
Շահում է քաղաքական օրակարգը,
- Քաղաքականության մեջ կանանց ներգրավմամբ այն ավելի շատ է մոտեցվում բոլոր քաղաքացիների կարիքների և սպասումներին։
- Կանանց ներկայացվածության բարձրացումը խորհրդարանում նպաստում է ավելի արդար ու սոցիալական ուղղվածությամբ օրենսդրության ընդունմանը։
Շահում է տնտեսությունը,
- Կանանց մուտքը աշխատաշուկա բազմակի դրական ազդեցություն է թողնում տնտեսության վրա, բարձրանում է մարդկային կապիտալի օգտագործման արդյունավետությունը, կրճատվում է աղքատությունը, բարձրանում է կյանքի որակը:
- Զբաղվածության ոլորտում գենդերային խզման կրճատումը և կանանց նկատմամբ խտրականության վերացումը բերում է տնտեսական աճի, ՀՆԱ-ի ավելացմանը, որոշ փորձագիտական գնահատականներով, գենդերային հավասարությունը կարող է համաշխարհային տնտեսությանը 12 տրիլիոն դոլար ավելացում ապահովել մինչև 2025 թվականը.
- Կանանց եկամուտների ավելացումը կրկնակի դրական ազդեցություն է գործում ընտանիքների բարեկեցության վրա, քան տղամարդկանց եկամուտի նույն չափով ավելացումը:
- Բիզնես ձեռնակությունները, որոնց ղեկավար կազմում կանայք կազմում են 30 տոկոսից ավելի շահութաբեր են։
Գենդերային հավասարության օգուտները բացահայտող փաստարկների նույնիսկ ամփոփ ներկայացումը հաստատում է այն համոզմունքը, որ գենդերային հավասարությունը ոչ միայն մարդու հիմնական իրավունք է, այլ խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման: