Գենդերային կարծրատիպեր, գենդերային նորմեր և դերեր
Կարծրատիպ են անվանում մարդկանց և երևույթների մասին կանխակալ կարծիքը, որը բխում է ընդհանրացված դատողություններից և ակնկալիքներից: Կարծրատիպային կարող են լինել վարքագծի, սովորությունների, կենսակերպի մասին պատկերացումները: Որոշակի մասնագիտություն ունեցող, որևէ դասակարգի, ազգության, տարիքային խմբի պատկանող մարդու հանդիպելով՝ նախապես նրանից որոշակի վարքագիծ ենք ակնկալում և նրան գնահատում ենք՝ ելնելով նրա վարքագծի և մեր ակնկալիքի համապատասխանության աստիճանից:
Գենդերային կարծրատիպերը մշակույթում ձևավորված համեմատաբար կայուն, ընդհանրացված պատկերացումներ են կանանց և տղամարդկանց և, համապատասխանաբար, նրանց վարքի վերաբերյալ: Դրանք վաղ են յուրացվում, ավելի վաղ, քան երևան է գալիս սեփական կարծիքը, և դառնում են չգիտակցված գաղափարախոսություն:
Գենդերային կարծրատիպերն ունեն հետևյալ առանձնահատկությունները.
- Դրանք շատ կայուն են, վաղ են յուրացվում և մեծ դժվարությամբ են փոփոխվում:
- Սոցիալական են և հարաբերակցվում են հասարակության իրական շերտադասմանը. տվյալ հասարակության տարբեր սոցիալական շերտեր կարող են ունենալ տարբեր կարծրատիպեր՝ պայմանավորված ազգային առանձնահատկություններով, կենսապայմաններով, տարիքով, կրթությամբ:
- Կան ընդհանրական գենդերային կարծրատիպեր, որոնք բնորոշ են գրեթե բոլոր հասարակություններին, ինչպես նաև միևնույն հասարակության մեջ տարբեր սոցիալական խմբերի: Օրինակ՝ գրեթե բոլոր հասարակություններում «տղամարդ» հասկացության հետ են կապում ուժը, իշխանությունը, տոկունությունը, կերակրողի դերը, խրախուսելի սեքսուալ փորձը, անկախությունը, ազատությունը, հարձակվողականությունը, հանդգնությունը, կոպտությունը, իսկ «կին» հասկացության հետ` թուլությունը, զիջողականությունը, ընտանեսիրությունը, առաքինությունը, հավատարմությունը, կրավորականությունը, հոգատարությունը, ամաչկոտությունը, բնազդայնությունը:
Տարածված գենդերային կարծրատիպերից են՝
- քաղաքականությունը կանանց գործ չէ,
- քաղաքականությամբ զբաղվում են անձնական կյանքում անհաջողակ կանայք,
- կանանց միակ գործառույթը երեխա ծնելն ու մեծացնելն է և ընտանիքի հոգսը քաշելը. մնացած ամեն ինչ երկրորդական է,
- իսկական տղամարդը պետք է դուռը ոտքով բացի,
- տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք` թույլ,
- տղամարդը ստեղծված է իշխելու համար,
- տղամարդկանց միջև կա համերաշխություն, կանանց միջև՝ ոչ և այլն:
Գենդերային կարծրատիպերը պայմանավորում են կյանքի ճանապարհն ու կենսակերպի չափորոշիչները և որոշ իմաստով հաստատում դրանց սահմանափակման շրջանակները:
Աստիճանաբար դրանց լեգիտիմ (օրինական) և կոնվենցիոնալ (հանրորեն ընդունված, ավանդական) բնույթ է հաղորդվում, «բարոյական» նորմերը գերիշխող են դառնում, տեղի է ունենում «թելադրանք` առանց հարկադրանքի»: Քարոզչության, գովազդի, սոցիալ-քաղաքական տարբեր գաղափարների ներգործությամբ գենդերային կարծրատիպերը կերտվում և անընդհատ վերարտադրվում են: Դրանց ներգործությամբ ձևավորվում են կենսակերպի չափորոշիչները՝ գենդերային նորմերը:
Գենդերային նորմերը վարքի որոշակի կանոններ են, որոնք պարտադրվում են մարդուն՝ կախված նրա կենսաբանական սեռից:
Դրանք թելադրվում են հասարակության կողմից տվյալ ժամանակաշրջանում «իսկական տղամարդու» և «իսկական կնոջ» վերաբերյալ իշխող պատկերացումներին համապատասխան: Գենդերային նորմերը սերմանվում են մանկուց, իսկ հետագայում ամրապնդվում զանազան սոցիալական ինստիտուտների միջոցով:
Երեխան վաղ հասակից է յուրացնում, թե ինչ է նշանակում լինել «կին» կամ «տղամարդ», ինքնորոշվում է որպես «կին» կամ «տղամարդ» և փորձում իր վարքը համապատասխանեցնել հասարակության գենդերային կարծրատիպերին ու նորմերին:
Այս ամենով հանդերձ, գենդերային կարծրատիպերը մեկընդմիշտ տրված չեն, դրանք ձևավորվում և արդյունավետ գործում են որոշակի ենթամշակույթի շրջանակներում՝ նրանցից դուրս երբեմն կորցնելով իրենց իմաստն ու գործառույթները: Տղամարդիկ և կանայք իրականության փոփոխությանը զուգընթաց փոխում են իրենց պատկերացումները, դերավարքային մոդելները. ձևավորվում են նոր կարծրատիպեր:
Նոր կարծրատիպերի ձևավորման անցումային շրջանը անհատին անընդհատ նոր իրավիճակների մեջ է դնում, ինչը իր հերթին ընտրության նոր չափանիշներ և գենդերային վարքի նոր ձևեր է պահանջում: Նրանց հմտությունների, մտածողության ու վարքի գենդերային չափանիշներն աստիճանաբար հասարակական նշանակություն են ստանում, որն արտահայտվում է նոր գենդերային կարծրատիպերի, գենդերային համակարգի և ժամանակակից իրողությունների անհամապատասխանության բացահայտմամբ, նոր էգալիտար մշակույթի նպատակաուղղված ձևավորման և տարածման անհրաժեշտության գիտակցմամբ:
Գենդերային կարծրատիպերը հիմք են դառնում նաև գենդերային դերերի, որոնք նպատակ ունեն կոդավորելու տղամարդկանց և կանանց վարքագծի ստանդարտացված մոդելները:
Գենդերային դերերը հասարակության կողմից կենսաբանական սեռին թելադրվող վարքի որոշակի մոդելներ են:
Կատարել այս կամ այն գենդերային դերը՝ նշանակում է ունենալ տղամարդուն կամ կնոջը համապատասխան արտաքին տեսք, հագնվելու ոճ, շարժուձև, խոսք, ստանձնել հասարակության մեջ այդ սեռին հատկացված գործառույթ, ունենալ որոշակի սոցիալական կարգավիճակ և այլն:
Որտե՞ղ, ինչպե՞ս և ումի՞ց ենք սովորում գենդերային նորմերն ու գենդերային դերերը: Ո՞վ է որոշում և կարգավորում դրանք: Ինչպիսի՞ն է դրանց ուսուցման գործընթացը: Այս հարցերին փորձենք պատասխանել` հենվելով արդի գենդերային հետազոտություններում առավել տարածված մոտեցումներից մեկի՝ գենդերի սոցիալական կառուցավորման տեսության վրա: Այս տեսության հիմնական գաղափարն այն է, որ մարդը մշակութային օրինակները յուրացնում է ամբողջ կյանքում, սոցիալականացման ընթացքում: