Գենդերային հավասարության հարցերը Եվրոպայի խորհրդի փաստաթղթերում
Եվրոպայի խորհուրդը մարդու հիմնարար իրավունք է համարում կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը և մշտապես առաջ է տանում կանանց ազատությունը և մարդկային արժանապատվությունը պաշտպանելու, սեռերի միջև խտրականությունը արմատապես վերացնելու և հասարակական ու քաղաքական կյանքում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացուցչություն ապահովելու գաղափարախոսությունն ու քաղաքականությունը:
Այդ գործունեության ապահովման պատասխանատվությունն ընկած է Կանանց և տղամարդկանց հավասարության հարցերի ղեկավար կոմիտեի վրա (ԿՏՀՂԿ/CDEG), որը կազմակերպում է կանանց և տղամարդկանց հավասարության հարցերի նախարարների համաժողովները, սեմինարներ, կատարում վերլուծություններ և ուսումնասիրություններ, մշակում ռազմավարություններ ու իրավական նյութեր:
Կարևոր են այն նորմերը, որոնց պահպանումը երաշխավորվում և վերահսկվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական սոցիալական խարտիայի մեխանիզմներով. անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունք, իրավունքներից և ազատություններից առանց խտրականության օգտվելու իրավունք, աշխատավոր տղամարդկանց և կանանց հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրման իրավունք և այլն:
Եվրոպայի խորհրդի մարմինները` Խորհրդարանական վեհաժողովը, Նախարարների կոմիտեն և Եվրոպայի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսը, հրապարակել են բազմաթիվ հռչակագրեր, հանձնարարականներ ու բանաձևեր, որոնք հստակ ցույց են տալիս կանանց ազատությունը և մարդկային արժանապատվությունը պաշտպանելու, սեռերի միջև խտրականությունը արմատապես վերացնելու և հասարակական ու քաղաքական կյանքում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացուցչության համար տարվող գիծը: Դրանք կարևոր ուղենիշներ են անդամ պետությունների համար գենդերային հավասարության հիմնախնդիրների լուծման ճանապարհին:
Ուշադրության են արժանի հատկապես ԵԽ Նախարարների կոմիտեի Կանանց և տղամարդկանց հավասարության մասին հռչակագիրը (1988 թ.), Նախարարների կոմիտեի (2003)3 «Քաղաքական և պետական որոշումների կայացման գործընթացին կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության մասին», Խորհրդարանական վեհաժողովի 1676 (2004) «Ընտրություններին կանանց մասնակցության մասին», 1700 (2005) «Աշխատանքի շուկայում և աշխատավայրում կանանց նկատմամբ խտրականության մասին», 1489 (2006) «Որոշումների կայացման գործընթացին կանանց մասնակցությունը երաշխավորող մեխանիզմների մասին», 1739 (2006) «Գենդերային բյուջետավորման մասին» և այլ հանձնարարականներ:
Գենդերային հավասարության խնդրի լուծման որոնումների մի նոր փուլ նշանավորեց 1998 թ. Եվրոպայի խորհրդի հրապարակած «Gender mainstreaming» զեկույցը, որը հայերեն հայտնի է «Համալիր մոտեցում կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին» անվամբ[1]: Ըստ այդ զեկույցի՝ «Համալիր մոտեցման էությունը գլխավորապես քաղաքականության իրականացման մեջ ներգրավված անձանց կողմից որոշումների ընդունման գործընթացները կազմակերպելը (վերակազմակերպելը), բարելավելը, կատարելագործելն ու գնահատելն է այն նկատառումով, որ կանանց ու տղամարդկանց հավասարության հիմնախնդիրները ներառվեն բոլոր բնագավառներում ու մակարդակներում» (ընդգծումը մերն է): Այս փաստաթղթի կարևոր արժանիքն այն է, որ հստակ սահմանվեցին համալիր մոտեցման քաղաքականության նպատակը, գործընթացը, առարկան և ակտիվ դերակատարները: Մյուս կարևոր առավելությունն այն է, որ համալիր մոտեցման հայեցակարգը, ըստ էության, գենդերային հավասարության հասնելու նոր ռազմավարություն է, բայց չի գալիս փոխարինելու այդ նպատակով իրագործվող «ավանդական» քաղաքականությանը, առկա մեխանիզմներին ու ծրագրերին: «Երկու մոտեցումն էլ (ավանդականն ու համալիրը) պետք է կիրառվեն զուգահեռաբար, համենայնդեպս, մինչև այն պահը, երբ հասարակության մեջ գենդերային հավասարակշռության նկատմամբ սկսի ուրվագծվել բարենպաստ ընդհանուր հայտարարը»:
[1] Արդի պայմաններում այս գործողությունը/ մոտեցումը բնութագրելու համար օգտագործվում է գենդերային ուղղորդում եզրույթը: