Գենդերային հավասարության հարցերը ՄԱԿ-ի փաստաթղթերում
Մարդու իրավունքներին վերաբերող միջազգային հիմնարար փաստաթղթերը խարսխված են, ի թիվս այլոց, մի կարևոր սկզբունքի վրա` գենդերային հավասարության կամ անխտրականության: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը հատուկ դրույթ է բովանդակում (3-րդ հոդված) տղամարդկանց ու կանանց իրավունքների հավասարության վերաբերյալ. «Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են տղամարդկանց ու կանանց համար ապահովել նախատեսված քաղաքացիական ու քաղաքական բոլոր իրավունքներից օգտվելու հավասար իրավունք»:
Այսուհանդերձ, գործնական կյանքը ցույց տվեց, որ իրական հավասարության հասնելու համար կանայք առանձնահատուկ պաշտպանության և արմատական ձեռնարկումների կարիք ունեն, կանանց նկատմամբ խտրականությունը ամենուրեք և ամեն ոլորտում էապես խոչընդոտում է այն իրավունքների իրականացումը, որոնք առհասարակ վերապահվում են մարդուն:
- 1953 թ. ընդունվեց ՄԱԿ-ի Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան, որը քաղաքական իրավունքների տնօրինման և օգտագործման հարցում կանանց և տղամարդկանց դրությունը հավասարեցնելու նպատակ է հետապնդում: Ըստ կոնվենցիայի` կանայք տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ արգելքի ու խտրականության, բոլոր ընտրություններում քվեարկելու, ընտրվելու, պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու և ազգային օրենքով սահմանված բոլոր հասարակական-քաղաքական գործառույթները կատարելու իրավունք ունեն: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիային միացել է 2007 թ.:
- Հայաստանի Հանրապետությունը 1994 թ. միացել է Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին կոնվենցիային (1957 թ.), որով երաշխավորվում է կնոջ քաղաքացիությունը պահպանելու իրավունքը: Այս կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր պետություն համաձայնում է, որ «իր քաղաքացիներից որևէ մեկի և օտարերկրացու ամուսնությունը, նրանց ամուսնալուծությունը, ամուսնության ընթացքում ամուսնու կողմից քաղաքացիությունը փոխելն ինքնաբերաբար չեն ազդում կնոջ քաղաքացիության վրա»:
- Աշխատանքի և զբաղվածության ոլորտում սեռերի հավասարության նորմերն ամրագրված են Աշխատանքի միջազգային կազմակերպության Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրության մասին (1951 թ., ՀՀ-ն միացել է 1993 թ.), Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին (1964 թ., ՀՀ-ն միացել է 1993 թ.) և մի շարք այլ կոնվենցիաներով, իսկ կրթության ոլորտում անխտրականության նորմերն ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի մասին կոնվենցիայում:
- 1967 թ. Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին հռչակագիրը, որով համոզմունք հայտնվեց, որ բովանդակ աշխարհի լիակատար զարգացումը, բարեկեցությունը և խաղաղության հաստատումը պահանջում են բոլոր ոլորտներում կանանց առավելագույն` տղամարդկանց հավասար մասնակցություն, իսկ կանանց նկատմամբ խտրականությունը, դրա հետևանքով տղամարդկանց հետ նրանց իրավահավասարության մերժումը կամ սահմանափակումը որակվեցին «անարդարություն իր հիմքում և հանցագործություն մարդկային արժանապատվության դեմ»: