Պեկինի Հռչակագիր և գործողությունների ծրագիր
Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման պայքարում նոր մայրուղի բացեց 1995 թ. Պեկինում կայացած չորրորդ համաշխարհային խորհրդաժողովը, որի կարևոր ձեռքբերումը կանանց հայեցակարգից սեռերի հայեցակարգին անցնելու գիտակցումն էր, այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է վերագնահատել հասարակության ողջ կառուցվածքը և դրա ներսում կանանց ու տղամարդկանց բոլոր փոխհարաբերությունները: Այդպիսով վերահաստատվում էր, որ կանանց իրավունքները մարդու իրավունքներ են, և հետևություն էր արվում, որ սեռերի հավասարությունը համընդհանուր հիմնախնդիր է, որի լուծումով են պայմանավորված համայն մարդկության զարգացումն ու բարգավաճումը: «Կանանց դրության բարելավումը և տղամարդկանց ու կանանց հավասարության ապահովումը մարդու իրավունքների հարց է, սոցիալական արդարության ապահովման պայման և չպետք է քննարկվի առանձին՝ որպես կանանց առնչվող հարց: Դա կայուն, արդար և զարգացած հասարակության կառուցման միակ միջոցն է: Կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովումը ժողովուրդների հարաբերություններում քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական անվտանգության հասնելու նախադրյալներ են»,- նշված է Պեկինի Գործողությունների ծրագրում (գլուխ III, կետ 41):
Պեկինի խորհրդաժողովի ներկայացուցչականությունն ու արձագանքն աննախադեպ էին: Բավական է ասել, որ ներկա էին 189 երկրի 17 հազար պատվիրակներ, իսկ ոչ կառավարական համաժողովին` 47 հազար մասնակիցներ: Նրա ընդունած Հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը, որ, ի դեպ, ստորագրել է նաև Հայաստանը, դարձան XXI դարում կանանց առաջընթացի օրակարգը: Ընդունելով Պեկինի Գործողությունների ծրագիրը՝ պետությունները պարտավորվեցին գենդերային բաղադրիչը ներառել իրենց բոլոր պետական հաստատություններում, ռազմավարություններում ու ծրագրերում:
Պեկինի Գործողությունների ծրագրի հիմնախնդրային ոլորտները 12-ն են. կանայք և աղքատությունը, կանանց կրթությունը և մասնագիտական պատրաստությունը, կանայք և առողջապահությունը, բռնություն կանանց նկատմամբ, կանայք և զինված հակամարտությունները, կանայք և տնտեսությունը, կանանց մասնակցությունը դիրեկտիվ մարմինների աշխատանքին և որոշումների կայացման գործընթացին, կանանց դրության բարելավման ինստիտուցիոնալ մեխանիզմները, կանայք և զանգվածային լրատվության միջոցները, կանայք և շրջակա միջավայրը, աղջիկներ: