Գենդերազգայուն բյուջետավարում
«Գենդերազգայուն բյուջե» եզրույթը նշանակում է բյուջե, որը հավասարապես և արդարացիորեն հաշվի է առնում կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների շահերը և կարիքները:
Բյուջետային գործընթացներում գենդերային մոտեցումը որոշակի ժամանակահատվածի, հասարակարգի, կառավարման տարբեր համակարգերում կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների առանձնահատկությունների դիտարկումն է, որով ամրագրվում է, որ տղամարդիկ և կանայք պետք է լինեն գործընթացի լիարժեք մասնակիցներ և շահառուներ:
Գենդերազգայուն բյուջետավարումը (ԳԶԲ) ծախսերի վերաբաշխման հնարավորություն է՝ ի նպաստ գենդերային հավասարության ապահովման: Այս գործընթացը հաշվի է առնում կանանց և տղամարդկանց տարբեր կարիքներն ու առաջնահերթությունները, խնդիրներն ու պահանջները, ԳԶԲ-ն սկսվում է տղամարդկանց և կանանց վրա բյուջեի ազդեցության վերլուծությամբ, որի արդյունքները այնուհետև ներառվում են բյուջեի մշակման ընթացքում:
Գենդերազգայուն բյուջեի մասին սխալ պատկերացումներից խուսափելու համար հարկ է նշել, որ գենդերազգայուն բյուջեն կանանց համար առանձին բյուջե չէ, այլ մի փորձ՝ տարանջատելու ծախսերն ու եկամուտները ըստ կանանց և տղամարդկանց վրա դրանց ունեցած տարբեր ազդեցությունների:
ԳԶԲ-ն ներառում է բոլոր այն պլանավորումները, բյուջետավարումը և ծրագրերի մշակումը, որոնք նպաստում են գենդերային հավասարության խթանմանը և կանանց իրավունքների իրականացմանը: ԳԶԲ-ն այն մեխանիզմն է, որով կառավարությունները, օրենսդիրների, քաղաքացիական հասարակության խմբերի, դոնորների և զարգացման այլ գործակալությունների հետ համագործակցելով, կարող են գենդերային վերլուծությունը ներառել ֆիսկալ քաղաքականությունների և բյուջեների մեջ:
ԳԶԲ-ի համակարգված ինտեգրումը պլանավորման և բյուջետավարման գործընթացներում նշանակում է՝
- գենդերազգայուն ռազմավարական նպատակների ներդրում քաղաքականությունների և բյուջեների մեջ.
- բյուջետային ծրագրերի գենդերային վերլուծության համար պահանջների սահմանում.
- գենդերային ցուցանիշների ներառումը բյուջետային հայտերում և
- գենդերային հավասարության վրա բյուջետային միջոցների ազդեցության մասին հաշվետվությունների տրամադրում:
Գենդերազգայուն բյուջետավարումը ճանաչում է, որ բյուջեները չեզոք չեն:
Գենդերազգայուն բյուջետավարումը բյուջետային գործընթացում գենդերային ուղղորդման կիրառումն է[1]:
[1] Աղբյուրը՝ Վերամշակված է «Ասիայում և Խաղաղ օվկիանոսում գենդերազգայուն բյուջետավարում. հիմնական հասկացությունները և լավ պրակտիկաները» գրքից, ՄԱԿ–ը 2018 թ. :
Գենդերազգայուն բյուջետավարումը նշանակում է բյուջեի գենդերային գնահատում՝ ներառելով գենդերային հեռանկարը բյուջետային գործընթացի բոլոր մակարդակներում և եկամուտների ու ծախսերի վերադասավորում գենդերային հավասարության խթանման նպատակով: (Եվրոպայի խորհուրդ, 2009)
Գենդերազգայուն բյուջետավարումը ռազմավարություն է գենդերային հավասարության և գենդերային ուղղորդման նպատակին հասնելու համար: ԳԶԲ-ն հետևողական է եկամուտների հավաքմանը և ուշադիր՝ պետական գումարների ծախսմանը: ԳԶԲ-ի սկզբունքներն են՝ թափանցիկությունը, արդյունավետությունը և հաշվետվողականությունը:
Գենդերազգայուն բյուջետավարումը սոցիալական վերափոխման և անհավասարության վերացման հզոր գործիք է: Այն ունի փուլեր. նախ՝ բյուջեի գենդերային տարբերակված ազդեցությունների վերլուծություն, այնուհետև՝ բյուջետային որոշումների կայացում ու կանանց և տղամարդկանց տարբերակվող պահանջներին համապատասխան առաջնահերթությունների որոշում և վերջում՝ իրականացում և ազդեցության մշտադիտարկում:
Գենդերազգայուն բյուջետավարումը օգնում է կառավարություններին.
- Բյուջեն դարձնել ավելի ուժեղ գործիք գենդերային հավասարության վերաբերյալ քաղաքականության իրականացման և հասարակության մեջ խտրականության վերացման համար:
- Բարձրացնել պլանավորողների և քաղաքականություն մշակողների իրազեկվածությունն ու գիտակցությունը այն մասին, թե ինչպես են բյուջեն և քաղաքականությունները տարբերակված ձևով ազդում կանանց և տղամարդկանց վրա:
- Խթանել ավելի մեծ պատասխանատվություն պետական ռեսուրսների օգտագործման համար:
- Արդյունավետ օգտագործել պետական ռեսուրսները. գենդերային անհավասարությունը կարող է հանգեցնել տնտեսական և մարդկային զարգացման մեծ կորուստների:
- Ապահովել թափանցիկությունը՝ բյուջեն բոլորի համար ավելի հասկանալի դարձնելով և խրախուսելով հասարակության ավելի լայն մասնակցությունը:
Առկա է գենդերային բյուջետավարման համակարգերի երեք դասակարգում.
- գենդերաիրազեկ ռեսուրսների բաշխում, ինչի միջոցով քաղաքականության և (կամ) միջոցների հատկացումների մասին որոշումները հաշվի են առնում դրանց ազդեցությունը գենդերային հավասարության վրա.
- գենդերային առումով գնահատված բյուջե, որտեղ բյուջեի ազդեցությունը՝ որպես ամբողջություն, ենթակա է նաև գենդերային վերլուծության.
- կարիքների վրա հիմնված գենդերային բյուջե, որտեղ բյուջեի վերաբերյալ որոշումները հիմնավորված են գենդերային կարիքների նախնական գնահատմամբ: Սա հնարավորություն է տալիս պատկերացում ունենալ գենդերային անհավասարությունների մասին և կարևորում է քաղաքականության այն հատվածները, որտեղ գենդերային անհավասարությունը ամենախորն է:
Կատեգորիաները աստիճանաբար փոփոխվում են, քանի որ գենդերային գնահատված բյուջե ունեցողներն ընդհանուր առմամբ իրականացնում են գենդերային ինֆորմացված ռեսուրսների բաշխում, իսկ կարիքների գենդերային բյուջե մշակող երկրները նույնպես ունեն ընդհանուր առմամբ գենդերային գնահատմամբ բյուջե: