Գենդերային հավասարության ազգային ապարատ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
Պետական կառավարման համակարգում գենդերային հավասարության ապահովման ֆունկցիոնալ ինստիտուցիոնալ մեխանիզմների առկայությունը էապես կարևոր է, իսկ ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետ և համակարգված աշխատանքի միակ գրավականը գենդերային հավասարության ազգային ապարատը ճիշտ ձևով և ժամանակին կազմակերպելն է:
Գենդերային հավասարության ազգային ապարատը կատարում է ազգային քաղաքականության մշակման և դրա իրականացման համակարգման գործառույթը, մինչդեռ ինստիտուցիոնալ մեխանիզմները զբաղված են հիմնականում գենդերային հավասարության հասնելու քաղաքականության իրականացմամբ, ինչպես նաև դրա առանձին դրույթների կոնկրետ սահմանմամբ` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, առաջնահերթություններն ու կարիքները (այսինքն` կարող են քաղաքականություն մշակել տարածաշրջանային և համայնքային մակարդակում):
Քանի որ մինչ օրս հանդիպում են այս երկու առանցքային եզրույթների տարընթերցումներ, նպատակահարմար ենք գտնում նշել, թե հատկապես որ նշանակությամբ են դրանք գործածվում համաշխարհային պրակտիկայում:
«Ինստիտուցիոնալ մեխանիզմներ» ասելով հասկանում են, նախևառաջ, պետական, ինչպես նաև հասարակական-պետական կառույցները, որոնք զբաղվում են սեռի հատկանիշով խտրականությունը հաղթահարելու և փաստացի գենդերային հավասարության հասնելու հարցերով՝ պետական գենդերային քաղաքականության մշակմանը և/կամ իրականացմանը կամ դրա իրականացման մշտադիտարկմանը և վերահսկմանը մասնակցելու միջոցով:
«Ազգային ապարատ» կամ «ազգային մեխանիզմ» ասելով հասկանում են հատուկ կառույց, որը գտնվում է կառավարությունում բարձր մակարդակում և սահմանում է պետական գենդերային քաղաքականության առաջնահերթությունները, հաստատում է փաստաթղթերը, որոնցում ձևակերպված են այդ քաղաքականությունը և/կամ դրա իրականացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև համակարգում է պետական ու հասարակական-պետական կառույցների գործողություններն այդ ոլորտում և աջակցում բոլոր ռազմավարություններում և ոլորտային քաղաքականություններում գենդերային հավասարության մոտեցման ինտեգրմանն ուղղված նրանց ջանքերին:
Ուստի պատահական չէ, որ կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցերով զբաղվող միջազգային կառույցները, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի և եվրոպական կազմակերպությունների շրջանակներում, սկսել են ավելի մեծ ուշադրություն հատկացնել ազգային ապարատի գոյությանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների գործառույթներին: Շրջադարձային նշանակություն ունեցավ, հատկապես հետխորհրդային երկրների համար, Պեկինի խորհրդաժողովը, ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (ԿՆԽՎԿ) թիվ 6 ընդհանուր հանձնարարականը:
Ընդգծելով, որ ազգային ապարատի գլխավոր նպատակը օժանդակությունն է կառավարությանը քաղաքականության բոլոր ոլորտներում գենդերային հիմնախնդիրները նկատի առնելու հարցում, Պեկինի Գործողությունների ծրագրում ուրվագծվում են դրա արդյունավետ գործառության համար անհրաժեշտ պայմանները՝
- ենթակայությունը կառավարությունում առավել բարձր մակարդակի պաշտոնատար անձի, կաբինետի անդամ նախարարի.
- ինստիտուցիոնալ մեխանիզմների առկայություն, որոնք կօժանդակեն ապակենտրոնացված պլանավորմանը, իրականացմանը և վերահսկողությանը.
- բավարար ծավալի ռեսուրսների առկայություն և բանիմաց կադրերի ապահովում.
- բոլոր բնագավառներում կառավարության կողմից մշակվող քաղաքականության վրա ազդեցության հնարավորություն:
Պեկինի Գործողությունների ծրագրում ընդգծվում է, որ կառավարությունները պետք է խրախուսեն բոլոր ռազմավարություններում և ծրագրերում գենդերային հիմնախնդիրները հաշվի առնելու ակտիվ և գործուն քաղաքականությունը, որպեսզի որոշումների ընդունմանը նախորդի կանանց և տղամարդկանց համար հետևանքների և հնարավորությունների վերլուծությունը: Նշելով ազգային մեխանիզմների ձևերի բազմազանությունը` Պեկինի Գործողությունների ծրագիրը, այդուհանդերձ, արձանագրում է, որ այդ մեխանիզմները հաճախ դժվարությունների են հանդիպում անհստակ ձևակերպված մանդատի, անհամապատասխան հաստիքացուցակի, մասնագիտական պատրաստականության, տվյալների և ռեսուրսների ապահովվածության, ինչպես նաև ազգային քաղաքական ղեկավարության կողմից անբավարար աջակցության պատճառով:
Պեկինի Գործողությունների ծրագրի այս մտահոգության ոլորտի շրջանակներում կառավարություններին հանձնարարվում է ապահովել կանանց դրության բարելավման հարցերի պատասխանատվության վերապահումը կառավարության առավել բարձր մակարդակի պաշտոնատար անձի և ստեղծել կանանց դրության բարելավման հարցերի ազգային ապարատ կառավարության առավել բարձր մակարդակում: Այն պետք է հստակ սահմանված մանդատ և լիազորություններ ունենա, ապահովված լինի համապատասխան ռեսուրսներով և քաղաքականության վրա ազդելու, օրենսդրություն մշակելու, քաղաքականության վերլուծություն անցկացնելու և տեղեկատվական-քարոզչական գործունեություն իրականացնելու, համապատասխան կապեր հաստատելու, գործունեությունը համակարգելու և իրականացման ընթացքը վերահսկելու հնարավորություններ ու լիազորություններ ընձեռի: ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն (ԿՆԽՎԿ) Հայաստանի բոլոր չորս պարբերական զեկույցների կապակցությամբ, մատնանշելով երկրում ազգային մեխանիզմի բացակայությունը, ուշադրություն է հրավիրել դրա ստեղծման անհրաժեշտության վրա: Հայաստանում ազգային մեխանիզմի ստեղծման հիմնախնդիրն արտացոլված է նաև 2013 թ. մայիսին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում և «Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2019-2023 թթ. ռազմավարական ծրագրում»:
Չնայած 2005 թ.-ից ի վեր ձեռնարկված քայլերին՝ Հայաստանում բոլոր մակարդակներում գենդերային հավասարության ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմներ և ազգային ապարատ/մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ` գոյություն ունեցող կառույցներից ոչ մեկն անհրաժեշտ լիազորություններ կամ կարգավիճակ չունի, որպեսզի գործի որպես լիարժեք ազգային ապարատ:
2018 թ. ՀՀ փոխվարչապետին առընթեր ստեղծվել է Կանանց խորհուրդ, որը, ըստ իր իսկ կանոնադրության, հռչակվել է ազգային մեխանիզմ: Սակայն Կանանց խորհուրդն իր կազմակերպական ձևով, գործառույթներով ու կազմով չի համապատասխանում ազգային ապարատին/մեխանիզմին առաջադրվող պահանջներին և, որպես հետևանք, չի կարող արդյունավետ գործել: Ուստի երկրում գենդերային հավասարության ազգային ապարատի բացակայությունը նվազեցնում է ՀՀ Կառավարության գործադրած ջանքերի արդյունավետությունը Պեկինի Գործողությունների ծրագրի և ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի հանձնարարականների կատարման և Հայաստանում գեներային հավասարության կայացման ուղղությամբ: