Թեև համավարակի տնտեսական և սոցիալական ազդեցությունը ծանր է բոլորի համար, պետք է հաշվի առնել այն փաստը, որ այն շատ ավելի ծանր է կանանց համար: Շուկաների անկման, ձեռնարկությունների փակման հետևանքով միլիոնավոր աշխատատեղեր, որտեղ հիմնականում կանայք էին աշխատում, վերացան։ Տնտեսության այն ոլորտները, որոնք համավարակի պատճառով գտնվում են կարանտինի և սահմանափակումների անմիջական ազդեցության տակ՝ ճանապարհորդություն, զբոսաշրջություն, ռեստորաններ, սննդի արտադրություն, կանանց աշխատուժի շատ բարձր մասնակցություն ունեն:
Ողջ աշխարհում կանայք կազմում են ոչ ֆորմալ զբաղվածների մեծ տոկոսը՝ վաստակելով ավելի քիչ ու բախվելով աղքատության մեջ հայտնվելու ավելի մեծ ռիսկի։ Թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում ոչ ֆորմալ ոլորտի շատ աշխատատեղեր, այդ թվում՝ տնային աշխատողներ, խնամակալներ, գյուղատնտեսությունում զբաղվածներ, հիմնականում կանանց աշխատատեղեր են, որոնք, որպես կանոն, դուրս են մնում սոցիալական ապահովության ծրագրերից:
Աշխատանքը կորցնելը հատկապես ցավոտ է անդրադառնում միայնակ ծնող հանդիսացող կանանց և նրանց ղեկավարած տնային տնտեսությունների վրա: Նշված խնդիրներն ու միտումները միավորվելով՝ էականորեն սահմանափակում են կանանց տնտեսական հնարավորությունները։ Էբոլայի համաճարակի փորձը ցույց է տալիս, որ կարանտինը էական կերպով ազդում է կանանց տնտեսական ու կենսապահովման գործունեության վրա՝ խորացնելով աղքատությունը, առաջացնելով պարենի անբավարարություն։