Ուղեցույց խորհրդարանների համար.
COVID-19-ը և գենդերային հիմնախնդիրները
«Համավարակին պատասխանը չի կարող արդյունավետ և կայուն համարվել, եթե հիմնված չէ գենդերային տեսանկյունից պատասխանատու որոշումների ու գործողությունների վրա»:
Միջխորհրդարանական միությունը հրապարակել է ուղեցույց ազգային խորհրդարանների համար, որում ներկայացվում են COVID-19-ի ազդեցության գենդերային առանձնահատկությունները և այդ համատեքստում խորհրդարանների դերը համավարակի դեմ պայքարում:

Ուղեցույցն արժեքավոր ռեսուրս է խորհրդարանների համար, որը կարող է օգնել կառավարելու ճգնաժամը՝ կարևորելով հետևյալ առանցքային մոտեցումները.

COVID-19-ի պայմաններում կանանց մասնակցությունը որոշումների կայացմանը
Ուղեցույցի հեղինակներն ընդգծում են ստեղծված իրավիճակում որոշումների կայացման գործում կանանց հավասար մասնակցությունը, նրանց առաջնորդությունը:

Ուղեցույցում մի քանի հարցեր են առաջարկվում, որոնց պատասխանները կօգնեն հասկանալու, թե ինչպես են կառավարություններն արձագանքում համավարակին:

  • Արդյոք խորհրդարաններում և՛ կանայք, և՛ տղամարդիկ ներգրավվա՞ծ են COVID-19-ի վերաբերյալ որոշումների կայացման գործում:
  • Արդյոք կանայք ընդգրկվա՞ծ են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված որոշումների կայացման բոլոր մակարդակներում՝ ստորաբաժանումներ, հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և այլն:
  • Արդյոք վերահսկողական գործառույթներ իրականացնելիս խորհրդարանները հետևո՞ւմ են, որ այդ գործընթացում կանայք ու տղամարդիկ ներկայացված լինեն 50/50 համամասնությամբ:
  • Արդյոք հասարակության մեջ կանանց կարծիքներն ու եզրակացությունները ներառվե՞լ են համավարակի վերաբերյալ խորհրդարանի հանձնաժողովների կայացրած որոշումներում, այսինքն՝ արդյոք տարբեր ոլորտների կանանց ձայնը լսելի՞ է եղել խորհրդարանների հանձնաժողովներում: Արդյոք խորհրդարանի հանձնաժողովներում մանդատները բաժանվա՞ծ են գենդերային հավասարության հիմքով:
  • Եթե համավարակով պայմանավորված նոր հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր են ձևավորվել, արդյոք դրանցում պահպանվե՞լ է գենդերային հավասարության սկզբունքը:

Գենդերային առանձնահատկությունները հաշվի առնող օրենսդրություն
Խորհրդարանների ընդունած որոշումները, որոնք կառավարություններին թույլ կտան COVID-19-ի ազդեցությունը մեղմելու միջոցներ ձեռնարկել, պետք է գենդերային առումով զգայուն լինեն: Առողջապահության և տնտեսության ոլորտներին, հիվանդանոցներին, բժիշկներին, փոքր բիզնեսին, ինքնազբաղվածներին, սոցիալապես անապահով ընտանիքներին ու այլ խմբերի ուղղված աջակցության ծրագրերի հիմքում պետք է դրվեն գենդերային վերլուծության արդյունքները:

Ուղեցույցի հեղինակները հորդորում են ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին.

- Պետք է մանրամասն պատկերացում ունենալ տղամարդկանց և կանանց շրջանում վարակի և մահացության ցուցանիշների վերաբերյալ:

- Կառավարությունների ծրագրերը պետք է օգնեն արդյունավետ լուծելու ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց խնդիրները:

Արդյոք օրենքներ ընդունելիս կամ փոփոխելիս հաշվի առնվո՞ւմ են կանանց կարիքներն ու կանանց վրա այդ օրենքների ազդեցությունը:
Համավարակի հաղթահարման ուղղությամբ կառավարությունների գործողությունների վերահսկողության իրականացում՝ գենդերային տեսանկյունից
Ուղեցույցի հեղինակներն այս բաժնում ընդգծում են կառավարությունների քաղաքականության, ձեռնարկած միջոցների հասցեականությունը՝ առանց խտրականության կանանց ու տղամարդկանց համար:

Հեղինակները մի քանի բանալի հարցեր են առաջարկում, մասնավորապես.

  • Արդյոք հիվանդների խնամք իրականացնող կամ նման ծառայություններ մատուցող կանանց դերը կգնահատվի՞, արդյոք նրանց փոխհատուցում, աջակցություն, այդ թվում՝ նաև պաշտպանիչ համազգեստ կտրամադրվե՞ն:
  • Ի՞նչ է արվում առավել խոցելի խմբերի կանանց համար՝ ապահովելու սննդի, ջրի, տեղեկատվական և առողջապահական ծառայությունների մատչելիությունը:
  • Արդյոք ֆինանսական աջակցություն տրամադրվո՞ւմ է այն սեկտորին, որը, ոչ ֆորմալ աշխատանքում ընդգրկված լինելով, զրկված է պետական աջակցության ու նպաստների ծրագրերից:
  • Ընտանեկան բռնության վտանգի մեծացմանը զուգահեռ ի՞նչ է արվում կանանց պաշտպանվածության, դրա մասին ահազանգելու, ապաստարան տեղափոխվելու հնարավորությունները ապահովելու համար:
  • Դպրոցների փակ լինելու համատեքստում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում աղջիկներին սեռական բռնության վտանգներից պաշտպանելու համար:

Պատգամավորների դերը COVID-19-ի և դրա հետևանքների մասին իրազեկման գործում
Սոցիալական հեռավորության, հիգիենայի պահպանման հորդորներին զուգահեռ խորհրդարանականները պետք է բարձրաձայնեն համավարակի պայմաններում տնային գործերը, խնամքի հետ կապված պարտականությունները կանանց ու տղամարդկանց միջև հավասարապես բաժանելու կարևորության մասին: Մասնավորապես, տղամարդ պատգամավորները կարող են ընդգծել, թե որքան կարևոր է դրանց բաշխումը կանանց ու տղամարդկանց միջև:

Ուղեցույցի հեղինակները հետևյալ հարցերն են առաջադրում.

  • Արդյոք զանգվածային լրատվամիջոցներում բարձրաձայնվո՞ւմ է կանանց վճռորոշ դերի մասին, որ նրանք ունեն առողջապահության համակարգում՝ արտակարգ իրավիճակին արձագանքելու առումով:
  • Արդոք իրականացվո՞ւմ է խնամքի պարտականությունների՝ կանանց ու տղամարդկանց միջև հավասարապես բաշխման կարևորությունն ընդգծող իրազեկում: Արդյոք տղամարդ խորհրդարանականները շեշտո՞ւմ են աշխատանքի, պարտականությունների բաժանման կարևորությունը:
  • Արդյոք օնլայն կապ հաստատվե՞լ է ՀԿ-ների, առողջապահական կենտրոնների, սննդի կետերի, կանանց ապաստարանների հետ՝ պարզելու կանանց կարիքները:

Գենդերային զգայուն խորհրդարաններ COVID-19-ի ժամանակ
Ճգնաժամի պայմաններում խորհրդարանները ստիպված են լինում մշակել աշխատանքի նոր եղանակներ՝ հարմարվելով իրականությանը: Ճգնաժամի պայմաններում խորհրդարանները չեն կարող անտեսել գենդերային հիմնախնդիրները, և ճգնաժամը պետք է դառնա արագ լուծումներ գտնելու հնարավորություն, որը կօգնի խորհրդարաններին դառնալու զգայուն գենդերային հիմնախնդիրների նկատմամբ:

Ուղեցույցի հեղինակներն ուշադրություն են հրավիրում հետևյալ հարցերին.

  • Արդյոք աշխատող կանանց ու տղամարդկանց տրվե՞լ է ճկուն գրաֆիկով աշխատելու, վճարվող արձակուրդի հնարավորություն, քանի որ երեխաներն այժմ չեն կարող հաճախել խնամքի հաստատություններ:
  • Արդյոք բոլոր հանդիպումները, այդ թվում և՝ օնլայն, տեղի են ունենում աշխատանքային ժամերի՞ն:
  • Արդյոք երաշխավորվա՞ծ է այն մարդկանց աշխատավարձերի վճարումը, որոնք տարիքի կամ առողջական խնդիրների պատճառով ստիպված են համավարակի պայմաններում տանը մնալ:
  • Արդյոք հաշվի առնվո՞ւմ են խորհրդարանների ու դրա աշխատակազմերի կին անդամների կարիքները:



«
Ստեղծված իրավիճակն արդյոք կդառնա՞ հնարավորություն տնային գործերն ու երեխաների խնամքը կանանց և տղամարդկանց շրջանում ավելի լավ բաշխելու համար, որպեսզի երկուսն էլ կարողանան շարունակել իրենց մասնագիտական կյանքը, թե՞ հակառակը՝ կանայք կշարունակեն ստանձնել չվճարվող տնային և ծնողական աշխատանքների մեծ մասը՝ վտանգի ենթարկելով իրենց վճարվող աշխատանքը:

»
Ողջ աշխարհում համավարակի դեմ միջոցառումներ մշակելու և իրականացնելու գործընթացում առանցքային որոշումներ կայացնողների գերակշիռ մասը տղամարդիկ են, քանի որ կանայք դեռևս չեն վայելում տղամարդկանց հետ հավասար մասնակցություն` կառավարությունների, խորհրդարանների կամ կորպորացիաների որոշումների կայացման գործընթացներում: Ամբողջ աշխարհում կանայք կազմում են խորհրդարանականների միայն 25 տոկոսը, իսկ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների շարքում նրանց ներկայացվածությունը 10 տոկոսից ցածր է: Թեև կան պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մի քանի փայլուն օրինակներ, կանայք գրեթե բացակայում են համավարակի հետ կապված որոշումների կայացման հարթակներում:
Խորհրդարանականների այսօրվա աշխատանքը՝ հանուն ավելի լավ ապագայի



COVID-19-ով պայմանավորված առկա ճգնաժամը բերում է մարտահրավերներ, բայց միաժամանակ կարող է բացել նոր հնարավորությունների պատուհաններ` ուղղված առկա անհավասարությունների վերացմանն ու երկարաժամկետ հեռանկարում ավելի արդար ու կայուն հասարակությունների կայացմանը:

Խորհրդարաններում գենդերային քաղաքականության ուժեղացումը ոչ միայն դրական կանդրադառնա այսօր ընդունված որոշումների և միջոցառումների վրա, այլև ապագայում դրական ազդեցություն կունենա խորհրդարանական կառավարման առումով:
Եթե այսօր խորհրդարանները կարողանան նպաստել բոլորի համար առողջապահական ծառայությունների ապահովմանը, ապա դա կունենա երկարաժամկետ օգուտներ բոլորի համար թե՛ այսօր, թե՛ ապագայում:
Եթե խորհրդարաններն առիթն օգտագործեն վիճարկելու, կոտրելու առկա կարծրատիպերը, ինչպես նաև տնային տնտեսություններում աշխատանքի ավանդական բաժանումը, ապա դա կնպաստի ապագայում կանանց և աղջիկների տնտեսական հզորացմանը:
Ճգնաժամային իրավիճակում կանանց՝ հասարակության, տնտեսության մեջ ունեցած էական դերի փաստաթղթավորումը կօգնի, որ այն հետագայում առավել համակարգված հաշվի առնվի ու ճանաչվի:

«
Այսօր արձագանքելով գենդերային հավասարության խնդիրներին՝ մենք սահմանափակում ենք համաճարակի ազդեցությունը, ինչպես նաև ճանապարհ հարթում ավելի հեշտ վերականգնման ու ավելի լավ ապագայի համար:

»
Առավել մանրամասն
Խորհրդարանների խոսնակները համախմբում են ուժերը
Խորհրդարանների խոսնակների Հինգերորդ համաշխարհային համաժողով
2020 թ., օգոստոսի 19-20
Աշխարհի բարձրագույն օրենսդիրներից ավելի քան 115-ը մասնակցել են Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ կազմակերպված Խորհրդարանների խոսնակների Հինգերորդ համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենում հինգ տարին մեկ և այս անգամ համավարակի պատճառով անցկացվել է վիրտուալ տարածքում: Քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության հարցեր՝ COVID-19-ի պատճառով աշխարհի առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ներառյալ առողջապահության հասանելիության, սոցիալական և տնտեսական անհավասարության հաղթահարման, կլիմայական ճգնաժամերին արձագանքման հիմնախնդիրները:

Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունել են քաղաքական հռչակագիր՝ ամրագրելով խորհրդարանների հանձնառությունը՝ համագործակցել ավելի անվտանգ, առողջ և բարեկեցիկ աշխարհ ունենալու ուղղությամբ: Հռչակագիրը կներկայացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին և ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով:

Խորհրդարանների կին խոսնակների 13-րդ գագաթնաժողով
2020 թ., օգոստոսի 17-18
Համաժողովին նախորդել էր Խորհրդարանների կին խոսնակների 13-րդ գագաթնաժողովը, որի աշխատանքները նույնպես ընթացել են վիրտուալ տարածքում: Գագաթնաժողովի ընթացքում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-ամյակի համատեքստում քննարկվել են կանանց տնտեսական հզորացման, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխման, կլիմայի փոփոխության հիմնախնդիրները: Այսօր աշխարհում խորհրդարանների խոսնակների միայն 20 տոկոսն են կանայք:

Made on
Tilda