Ավելի քան քսան տարի առաջ՝ 2000-ի հոկտեմբերի 31-ին, ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը, որը կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող առաջին բանաձևն էր:
Կանայք և տղամարդիկ զինված հակամարտություններից տուժում են հավասարապես, բայց տարբեր կերպ: Տարբեր են նաև նրանց ընկալումները հակամարտությունների և խաղաղության մասին: Եվ հենց այս պատճառով էլ առաջացավ առանձին գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը՝ կանանց հատուկ կարիքներին անդրադառնալու, ինչպես նաև նրանց փորձը, մոտեցումները և ներուժը հակամարտությունների հետ կապված գործընթացներում ներառելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած թիվ 1325 բանաձևը շրջադարձային է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ձևավորման և հակամարտությունների կանխարգելման, լուծման և վերականգնման գործընթացներում կանանց մասնակցության կարևորությունը շեշտադրելու տեսանկյունից:
Բանաձևը վերահաստատում է կանանց ունեցած կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման և լուծման հետ կապված բանակցություններում, անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացներում, խաղաղապահ և միջնորդական առաքելություններում, ինչպես նաև հետպատերազմական իրավիճակներում և վերականգնման աշխատանքներում: Այն ընդգծում է խաղաղության և անվտանգության պահպանման մեջ կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության անհրաժեշտությունը: