Գենդերային հավասարություն, զարգացում և խաղաղություն
Պաստառը՝ UN Women

«

»
I. Պեկինի Գործողությունների ծրագիր, 1995
Պեկինի Գործողությունների ծրագրի «Կանայք և զինված հակամարտությունները» ոլորտում նախանշվել են գործողություններ վեց ռազմավարական նպատակների ուղղությամբ.

1
Կանանց մասնակցության ընդլայնում հակամարտությունների կարգավորմանը վերաբերող որոշումների ընդունման մակարդակում և այն կանանց պաշտպանություն, որոնք գտնվում են զինված և այլ հակամարտությունների գոտում կամ օտարերկրյա օկուպացիայի պայմաններում.
2
Ռազմական գերծախսերի կրճատում և սպառազինության առկայության հսկողություն.
3
Հակամարտությունների կարգավորման ոչ բռնի ձևերի քարոզչություն և կոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների խախտումների դեպքերի թվի կրճատում.
4
Խաղաղության մշակույթի քարոզչության գործում կանանց ավանդի ընդլայնման օժանդակություն.
5
Պաշտպանություն, օգնություն և մասնագիտական պատրաստություն փախստական, տեղափոխված, միջազգային պաշտպանության կարիք ունեցող և երկրի ներսում տեղահանված կանանց համար.
6
Օգնություն գաղութացված և չինքնակառավարվող տարածքներում գտնվող կանանց:
II. CEDAW կոմիտեի N30 ընդհանուր հանձնարարական, 2013
Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի N 30 ընդհանուր հանձնարարականն անդրադառնում է հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և հետևանքների հաղթահարման գործընթացներում կանանց դերին: Ընդգծվում է, որ հակամարտություններում կանայք միայն պասիվ դիտորդ կամ զոհ չեն։ Պատմականորեն կանայք ակտիվ դերակատարում են ունեցել որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ, դիմադրության շարժման մասնակիցներ, խաղաղարարության և վերականգնման գործընթացների սուբյեկտներ: Դրա հետ մեկտեղ, ռազմական գործողությունների դադարից հետո գենդերային հավասարությունը և կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում հաճախ չեն դիտարկվում գերակա խնդիր և կարող են անտեսվել։ Շեշտադրվում է, որ կանանց կրիտիկական զանգվածի ներգրավումը միջազգային բանակցություններում, խաղաղապահ գործունեության և կանխարգելիչ դիվանագիտության, միջնորդության, հումանիտար օգնության ցուցաբերման բոլոր մակարդակներում կարող է էականորեն փոխել իրավիճակը։

Առավել մանրամասն
III. Կայուն զարգացման նպատակներ, 2015
Զինված հակամարտություններով պայմանավորված արտակարգ իրավիճակներում կանանց դերակատարման կարևորությունը, նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության հրամայականն ամրագրված են նաև
Կայուն զարգացման օրակարգում.

Նպատակ 5 «Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին»

5.5. «Ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և առաջնորդության համար հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում»:
Նպատակ 16 «Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ»:

«16.7. Ապահովել որոշումների կայացմանն արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթաց բոլոր մակարդակներում»։

Կայուն զարգացման 5-րդ նպատակով նախատեսված մոտեցումներն ու սկզբունքներն առանցքային են բոլոր այլ նպատակների իրականացման համար, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներին (ներառյալ COVID-19 համավարակը) առնչվող նպատակների համատեքստում.

«

»
IV. «Գործողություններ հաջակցություն խաղաղությանը» նախաձեռնություն (A4P), 2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Գործողություններ հաջակցություն խաղաղությանը» նախաձեռնության շրջանակում անդամ պետությունները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունն իրագործելու խաղաղապահ գործընթացներին մասնակցելու շուրջ ստանձնած 45 պարտավորությունները ութ առաջնահերթ ոլորտներում, որոնցից մեկը
«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի իրագործումն է:
Ինչո՞ւ է կարեվոր կին խաղաղապահներ լինեն
Որքան ավելի շատ կանայք են ներգրավված խաղաղապահ գործողություններում, այնքան ավելի արդյունավետ է գործում խաղաղապահ առաքելությունը: Կին խաղաղապահներն ավելի սերտ կապեր են հաստատում համայնքների հետ, նպաստում քաղաքացիական բնակչության կարիքների ավելի լավ բացահայտմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, առաքելության նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև մոտիվացնում են կանանց դառնալու խաղաղության և քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից:

Թվեր ԵՎ Փաստեր
Կանայք ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում

1993 թ.–ին կանայք կազմում էին խաղաղապահ առաքելությունների զինվորական և ոստիկանական կազմի 1%-ը:

2019 թ․-ին ՄԱԿ-ի մոտ 95 հազար խաղաղապահներից կանանց մասնաբաժինը զինվորական անձնակազմի 4,7% էր, ոստիկանական՝ 10.8 %:

2020 թ. դրությամբ կանայք կազմում էին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զինվորական անձնակազմի 5.4% -ը, ոստիկանական ՝ 15.1% -ը։

Աղբյուրը՝ Women in peacekeeping
Հայաստանի կին խաղաղապահները

«
Հայաստանի խաղաղապահ բրիգադի կազմում. կին զինծառայողների թիվը 2019 թ 2018 թ. համեմատ աճել է շուրջ 8%-ով, իսկ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կազմում` շուրջ 60%-ով: Կանանց խաղաղապահ դասակի զինծառայողները հայկական խաղաղապահ զորախմբի կազմում ներգրավված են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժեր» (Կոսովո, KFOR) և «Վճռական աջակցություն» (Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, Resolute support) խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL խաղաղապահ առաքելությունում
(United Nations Interim Force in Lebanon)։
Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ

»
Առավել մանրամասն
V. ԵԱՀԿ. առանցքային պարտավորությունները Գենդերային հավասարություն, զարգացում և խաղաղություն
Աշխարհում անվտանգության հարցերով ամենախոշոր տարածաշրջանային միավորումը՝
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ( ԵԱՀԿ) ընդունում է,
որ գենդերային հավասարությունը կարևոր նշանակություն ունի անդամ երկրներում ժողովրդավարության, տնտեսական զարգացման, անվտանգության և կայունության համար:

57 անդամ պետություններ միավորող կազմակերպությունն ուշադրության կենտրոնում է պահում հակամարտությունների վաղ կանխարգելման, հակամարտությունների կարգավորման և միջնորդության, հետկոնֆլիկտային վերականգնման մեջ կանանց լիարժեք մասնակցության խնդիրները՝
ներառելով դրանք մի շարք փաստաթղթերում.

2004 թ. ԵԱՀԿ Գործողությունների ծրագիր հաջակցություն գենդերային հավասարության
Հիմնարար փաստաթուղթ, որում ընդգծվում է անվտանգության հասնելու գործում գենդերային հավասարության և գենդերային մոտեցումները հաշվի առնելու կարևորությունը: Գործողությունների ծրագիրը նախատեսում է կին թեկնածուների ակտիվ առաջադրումը բարձր մակարդակի պաշտոններում, ներառյալ անվտանգության հարցերով հաստատությունների և առաքելությունների ղեկավարների պաշտոններ: Կարևորում է կանանց մասնակցությունը հակամարտությունների կարգավորման բոլոր փուլերում:

2005 թ. Նախարարների խորհրդի N14 որոշումը հակամարտությունների կանխարգելման, ճգնաժամերի կարգավորման և հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացներում կանանց դերի մասին
Որոշման մեջ ընդգծվում է կանանց լիարժեք և հավասար մասնակցության կարևորությունը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղության հաստատման բոլոր փուլերում և մակարդակներում: Որոշմամբ պետություններին կոչ է արվում հաշվի առնել գենդերային մոտեցումները և կանանց ավանդը ԵԱՀԿ ռազմավարության և գործունեության մեջ, ինչպես նաև կիրարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը կանանց, խաղաղության և անվտանգության մասին:
2005, 2014 և 2018 թթ. Նախարարների խորհրդի որոշումները կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու վերբերյալ
Ընդունելով, որ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է պահպանվել ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում և սպառնում է մարդկանց անվտանգությանը, այս որոշումները, մեկը մյուսի վրա հիմնվելով, կոչ են անում մասնակից պետություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ցանկացած հանգամանքներում, այդ թվում՝ զինված հակամարտությունների ընթացքում և արտակարգ իրավիճակներում գենդերային բռնությունը կանխարգելելու համար: 2018-ի որոշումը հատկապես կարևոր է, քանի որ նշում է բռնության պատճառները և ընդգծում տղամարդկանց դերը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում:

2009 թ․ Նախարարների խորհրդի N7/09 որոշումը քաղաքական և հասարակական կյանքին կանանց մասնակցության հարցերով
Որոշումն ընդունելու դրդապատճառը կանանց ոչ բավարար ներկայացվածությունն է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ծառայություններում: Որոշումը կոչ է անում մասնակից պետություններին քննել օրենսդրական միջոցներ ընդունելու հնարավորությունները, որոնք կնպաստեն կանանց և տղամարդկանց ավելի հավասարակշռված մասնակցությանը քաղաքական և հասարակական կյանքին, կոչ է անում քաղաքական ուժերին աջակցելու կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությանը կուսակցություններում:
2011 թ. Նախարարների խորհրդի N 3/11 որոշումը հակամարտության շրջափուլի բոլոր բաղադրիչների շուրջ
Անդրադառնում է ԵԱՀԿ ներուժի բարձրացմանը հակամարտությունների վաղ կանխարգելման, հրատապ գործողությունների, երկխոսությանը սատարելու, միջնորդությանը և հետկոնֆլիկտային վերականգնման փուլերում: Վերահաստատում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման ու խաղաղաշինության հարցում, ընդգծում է նաև քաղաքացիական հասարակության կարևոր դերը:
Կանանց ներգրավումը խաղաղության հաստատման գործընթացներում ենթադրում է
երեք բաղադրիչ.
Կանանց անմիջական և գործուն մասնակցություն բանակցությունների սեղանի շուրջ
Պաշտոնական և ոչ պաշտոնական գործընթացների ներդաշնակեցում
Գենդերային բաղադրիչի ներառումը խաղաղ գործընթացներում և համաձայնագրերում
«Կանայք ապացուցել են հակամարտող կողմերի հետ վստահության հիմքի վրա հարաբերություններ հաստատելու իրենց կարողությունը: Բանակցությունների սեղանի շուրջ կին միջնորդը կարող է նաև հալեցնել հարաբերություններում սառույցը: Ինչ-որ մեկը կարող է ասել, թե կան իրավիճակներ, որոնցում կանայք որպես միջնորդ հարգանք չեն վայելում, սակայն իմ փորձը հակառակն է վկայում: Անշուշտ, կանայք ավելի հաճախ են ստիպված ապացուցել իրենց իրավացիությունը, և նրանց միշտ ավելի խիստ են դատում, քան տղամարդկանց: Սակայն խոսքը բանակցողի ոչ թե մտածելակերպի, այլ միջնորդի պրոֆեսիոնալիզմի մասին է»:
Ռասա Օստրաուսկայտե
Ժնևյան բանակցությունների աշխատանքային խմբի նախկին համանախագահ
Կանայք ԵԱՀԿ -ի պաշտոնական բանակցային գործընթացներում
Հակամարտությունների կարգավորման ջանքերում կանանց կարծիքը հաշվի առնելը հնարավորություն է տալիս ավելի լավ բավարարել դրանցում ներգրավված հասարակությունների բազմազան կարիքները՝
այդկերպ նվազեցնելով հակամարտության վերսկսման հավանականությունը:

Թվեր ԵՎ Փաստեր
  • ԵԱՀԿ հովանու ներքո դեռ 90-ական թվականներից սկիզբ առած Լեռնային Ղարաբաղի (ԵԱՀԿ Մինսկի խումբ) և մերձդնեստրյան հակամարտությունների խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացներում կանայք երբևիցե ներգրավված չեն եղել: Կանայք գրեթե չեն մասնակցել Ուկրաինայում (Եռակողմ շփման խումբ) և Վրաստանում (Ժնևյան բանակցություններ) ավելի ուշ ծագած հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցություններում:

  • ԵԱՀԿ 52 հատուկ կամ անձնական ներկայացուցիչների/բանագնացների, աշխատանքային խմբերի համակարգողների և համանախագահների մեջ ընդամենը մեկ կին է եղել:

  • Մոլդովայում ԵԱՀԿ առաքելությունում, որը լիազորված էր աջակցելու մերձդնեստրյան կարգավորման շրջանակում բանակցային գործընթացին, նրա ստեղծման պահից ի վեր փոխվել է 14 ղեկավար, որոնցից միայն մեկն է կին:

Դրա հետ մեկտեղ
Նկարում՝ Հելգա Շմիդտ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Անն Լինդե, ԵԱՀԿ գործող նախագահ
Թերեզա Ռիբեյրու, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ
Աննիկա Սոդեր, ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Կանայք այսօր ԵԱՀԿ-ի ամենաբարձր ղեկավար դիրքերում են՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի, գործող նախագահի և մշտական խորհրդի նախագահի, մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնները: Կանայք ղեկավարում են ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնը, ղեկավարում դաշտային գործողություններ, ինչպես նաև պարեկային կենտրոններ և դիտորդական խմբեր։ Նրանք նաև ղեկավարում են այնպիսի նախագծեր, որոնք վերաբերում են զենքի վերահսկողությանը, տնտեսական ու շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս տարվա հունվարին Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ նույնպես կին է նշանակվել:
Առավել մանրամասն
Օգտակար հղումներ
Made on
Tilda