«Կանայք զինված ուժերում» գլխում հանգամանալից անդրադարձ է արված զինված ուժերում կանանց ներգրավվածության խնդրին, նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական կարգավորումներին, ոլորտում կանանց առաջխաղացման խոչընդոտներին: Մասնավորապես, ընդգծելով, որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են միայն տղամարդիկ, իսկ կանայք զինվորական ծառայության ներգրավվում են միայն պայմանագրային հիմունքներով, ՄԻՊ-ը փաստում է, որ զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքն անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցելու հակամարտությունների կարգավորմանն ու լուծմանը: