Քննարկումների արդյունավետության գործակիցը
ԱԺ-ՔՀԿ ՀԱՐԹԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԻՄՆՎԱԾ Է հետեվյալ հարցերի ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՎՐԱ.
Հարթակի շրջանակում քննարկված թեմաներից որո՞նք են եղել առավել արդյունավետ։
Հարթակի շրջանակում ներկայացված առաջարկներից որո՞նք են վերածվել օրենսդրական նախաձեռնությունների և ընդունվել խորհրդարանի կողմից:
I. Առավել արդյունավետ քննարկումները՝ ըստ հարթակի մասնակիցների
Հարթակի շրջանակում 2019-2021 թթ. կազմակերպված հանդիպումների ընթացքում քննարկումներ են կազմակերպվել և առաջարկներ ներկայացվել հետևյալ թեմաների վերաբերյալ.
1
ՀՀ Ընտրական օրենսգրքի և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի բարեփոխումներ՝ ՏԻՄ- երում կանանց մասնակցությունն ընդլայնելու նպատակով։
2
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի գենդերային ուղղորդման վերաբերյալ։
3
Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական կարգավորումների բարելավում։
4
Կանանց զբաղվածության և նրանց համար աշխատաշուկայի հասանելիության արդի մարտահրավերները։
5
Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված և երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցության պետական ծրագրեր։
6
Կանանց վերարտադրողական առողջության ապահովման խնդիրներ։
7
«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ Գործողությունների ազգային ծրագիրը՝ արդի մարտահրավերների համատեքստում։
8
Կանայք և մարդասիրական ճգնաժամը Հայաստանում. հետպատերազմյան մարտահրավերները և համավարակը։
9
Պեկին+25. Հայաստանի հանձնառությունները, ձեռքբերումները, մարտահրավերները։
10
«Կանանց կրթությունն ու մասնագիտական պատրաստումը». Պեկին+25 գործընթաց։
11
Կանանց քաղաքական մասնակցության խթանում։
12
Ատելության խոսքը և սեքսիզմը մեդիայում. թիրախում կանայք են։
Հարթակի մասնակիցների կարծիքով, այդ թեմաներից առավել արդյունավետ են եղել.
Հարթակի աշխատանքների մասին հարցման արդյունքներով
II. Հարթակի առաջարկությունների արդյունավետությունը
Հարթակի շրջանակում արված առաջարկությունների իրականացման ուղղությամբ 2021 թվականի մայիսի 30-ի դրությամբ արձանագրվել են հետևյալ արդյունքները.
13 առաջարկություններ վերածվել են օրենսդրական նախաձեռնությունների և ընդունվել,
10 առաջարկություններ այլ լուծումներ են ստացել կամ ընթացքի մեջ են։
Հարթակի՝ օրենսդրական լուծումներ ստացած առաջարկությունները
Աշխատանքային օրենսդրություն
10.09.2019
Ընդունվել է աշխատանքի շուկայում տարիքային խտրականությունը արգելելու մասին՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը»:
Հարթակի մասնակից պատգամավորների առաջարկությամբ նախագիծը համալրվել է, և ՀՀ «Աշխատանքային օրենսգիրքը» լրացվել է նոր 3.1. «Խտրականության արգելումը» հոդվածով:
03.10.2019
Ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը», ըստ որի՝ նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ երկուսից ավելի անգամ պայմանագիր կնքելու դեպքում՝ այն համարվում է անժամկետ: Կարգավորումը վերաբերում է բոլոր սուբյեկտներին՝ անկախ սեռից, թեպետ նման դեպքերում առավել խոցելի են կանայք: Հեղինակներ՝ Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան:
29.04.2020
Ընդունվել են ՀՀ Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում Կառավարության կողմից ներկայացված փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք պայմանավորված էին արտակարգ դրության պայմաններում ի հայտ եկած մի շարք հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են պարզաբանումներ և սահմանումներ, որոնք կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Սահմանվել է հեռավար աշխատանք հասկացությունը, դրա կազմակերպման հնարավորության դեպքում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորությունը, ինչը չափազանց կարևոր է երեխաներ ունեցող աշխատողների և, հատկապես, աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղող մայրերի պարագայում:
16.09.2020
Ընդունվել է Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է նորածնի հորը տրամադրվելիք արձակուրդին: Այն կոչվելու է հայրության արձակուրդ և հնարավորություն կտա նորածնի հորը, ցանկության դեպքում, երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում գործատուի հաշվին վճարվող արձակուրդ ստանալ՝ մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ։
Նպաստներ, ժողովրդագրական խնդիրներ
20.05.2021
Ընդունվել է Գևորգ Պապոյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարզեցվում ու հստակեցվում է մայրության նպաստի տրամադրման կարգն այն դեպքերի համար, երբ նպաստ ստանալուց առաջ 12 ամսվա ընթացքում մայրը նույն աշխատավայրում չի աշխատել։ Այդ դեպքում ևս մայրը սահմանված կարգով կստանա հասանելիք գումարը։
25.06.20
Ընդունվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ ոչ միայն կրկնակի ավելացել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք են ստացել գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող,
չաշխատող կանայք:
Թեմային առնչվող այլ հրապարակումներ
Ընտրական օրենսգիրք, կուսակցություններ
12.09.2019
Ընդունվել է
Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի ավագանու աշխատանքի հրապարակայնությունն ապահովվում է՝ անկախ տվյալ համայնքի բնակչության թվաքանակից:
18.06 2020
Ընդունվել է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի 4000-ից ավելի ընտրող ունեցող, նաև բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Դա նշանակում է, որ այդ ընտրությունների ժամանակ գործելու է Ընտրական օրենսգրքով ամրագրված՝ թեկնածուների առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտան:
29.12.2020
Ընդունվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, ըստ որի կուսակցությունների ղեկավար կազմում կանանց ներգրավումը կխրախուսվի ֆինանսական լծակների միջոցով:
01.04.2021
Ընդունվել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել, այսպես կոչված, «ռեյտինգային» կամ տարածքային ցուցակներից և անցնել պարզ համամասնական ընտրակարգի, այն է՝ փակ կուսակցական ցուցակներով:

Այս դրույթը մաս էր կազմում հարթակի շրջանակում ներկայացված՝ կանանց քաղաքական մասնակցությանը նպաստող մի շարք առաջարկների:

Թեմային առնչվող այլ հրապարակումներ
Կանանց նկատմամբ բռնություն
Թեմային առնչվող այլ հրապարակումներ
Ատելության խոսք, սեքսիզմ
16.07.2020
Ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում տեղ են գտել սեռի հատկանիշով խտրականություն պարունակող կամ քարոզող հաղորդումների հեռարձակման արգելքը, hանրային հեռարձակողների պարտավորությունը՝ սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են կանանց և տղամարդկանց փաստացի հավասարության խթանմանը և սեռի հատկանիշով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը, ինչպես նաև կարգավորող պետական մարմնի կազմում սեռային ներկայացվածությունը ապահովելու պահանջը:
Թեմային առնչվող այլ հրապարակումներ
Ընթացքում գտնվող եվ այլ լուծումներ ստացած առաջարկությունները
1
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում քննարկման էր դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը», որի շուրջ հարթակի մասնակից՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի կողմից առաջարկություններ են ներկայացվել, որոնց մի մասը, սակայն, e-draft կայքում քննարկման փուլում մերժվել են:
2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրա համաձայն՝ բազմազավակ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքը, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծնել և (կամ) որդեգրել են առնվազն չորս երեխա/զավակ: Ընդ որում, երեխաների թվում հաշվի չեն առնվում սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները:
3
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավանություն է տվել Հարթակի կողմից ներկայացված առաջարկին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և ծերերի խնամքի ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկելու վերաբերյալ: Նշվել է, որ խնդիրը բազմիցս արծարծվել է նախարարությանը հասցեագրված դիմումներում, և ներկայումս քննարկվում է այս հարցի կարգավորումն անձնական օգնականների ինստիտուտի զարգացման միջոցով:
4
«Արհմիությունների մասին» օրենքում փոփոխությունների նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որի շրջանակում քննարկվում են Actio popularis-ի ներդրման հնարավորությունները:
5
Քննարկման փուլում է «Աշխատանքային оրենսգրքի» խախտման տուգանքային հոսքերի ուղղորդման նոր տարբերակը, որով առաջարկվում է, որպեսզի գործատուին տուգանելու արդյունքում գոյացած միջոցների զգալի մասը ստանա տուժած աշխատակիցը:
6
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողներին աշխատանքային օրն ավարտել ժամը 17:00-ին, եթե նրանց աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է, քանի որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար: Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը՝ Երևանի ավագանու առաջարկությամբ որոշում կայացրեց, որպես լրացուցիչ ծառայություն, մանկապարտեզներում մատուցել երկարօրյա վճարովի ծառայություն, ինչը հնարավորություն կտա աշխատող ծնողներին երեխային մանկապարտեզից վերցնել իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո՝ մինչև 19։00-ին:
7
Առաջարկություններ են ներկայացվել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ։
8
Առաջարկություններ են մշակվել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի գենդերային ուղղորդման վերաբերյալ, 2021 թ.:
9
Առաջարկությունների փաթեթներ են ներկայացվել ՀՀ Ընտրական օրենսգրքում և Կուսակցոթյունների մասին ՀՀ օրենքում:
10
Տեղեկանք է նախապատրաստվել «Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված և երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցության պետական ծրագրերը» թեմայով՝ վերհանված խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:
Made on
Tilda