ԿԱՆԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

I. Կանանց քաղաքական մասնակցության իրավական հիմքերը
Կանանց քաղաքական մասնակցության ապահովման և ընդլայնման իրավական երաշխիքները՝

  • ամրագրված են ՀՀ Սահմանադրության, ազգային օրենսդրության, ինչպես նաև ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թ.թ. ռազմավարության մեջ․
  • ամփոփված են կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող
    ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերում, այդ թվում՝ «Կանանց քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում (1954), «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում (1979), Պեկինի հռչակագրում և Գործողությունների ծրագրում (1995), «Կանայք, անվտանգություն, խաղաղություն» ՄԱԿ–ի ԱԽ թիվ 1325 բանաձևում (2000), Կայուն զարգացման նպատակներում (2015)․
  • ներկայացված են եվրոպական կառույցների (Եվրամիություն, Եվրոպայի խուրհրդ, ԵԱՀԿ) մի շարք փաստաթղթերում․
  • մաս են կազմում դրանց բոլորի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների:
Ի դեպ
Ընտրական գործընթացներում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով կիրառվող ժամանակավոր հատուկ միջոցները (գենդերային քվոտա) առաջին անգամ ներդրվել են ՀՀ ընտրական օրենսգրքում 2002 թ.՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից 1997 և 2002 թթ. արված եզրափակիչ դիտարկումների իրականացման շրջանակում:


Կանանց մասնակցությունը 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կարգավորվել է ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնք երաշխիքներ են պարունակում ոչ միայն կուսակցությունների ընտրացուցակներում կանանց մասնակցության, այլ նաև ընտրված մարմիններում նրանց ներկայացվածության առումով։


«

«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %-ը»:


ՀՀ ԸՕ, հոդված 83.4


»
«...Եթե կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա»:

ՀՀ ԸՕ, հոդված 100.2


«

«Եթե մանդատից հրաժարվելու արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է, և արդյունքում ցածր է լինելու 25 %-ից, ապա մանդատը տրվում է այդ նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին»։


ՀՀ ԸՕ, հոդված 100.3


»
II. 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ.
կանանց մասնակցությունը
  • Ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ ներկայացրել են իրենց ցուցակներում 2613 թեկնածու, որոնցից 956-ը կամ 36․6 %-ը կանայք են, ինչն ավելի է, քան Ընտրական օրենսգրքում ամրագրված պահանջը: Դա նաև ավելի է, քան ներկայացրել էին քաղաքական ուժերը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին:

Կանանց ներկայացածությունը կուսակցությունների ընտրացուցակներում

Աղբյուրը՝ WomenNet.am

  • Քաղաքական ուժերի ընտրացուցակներում կանանց ընդգրկվածության ցուցանիշը տատանվում էր 31-44 %-ի սահմաններում: Խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից 20-ը իրենց ցուցակներում ներկայացրել էին 31-40 % կին թեկնածու, 6-ը՝ 40-44 %:

Խորհրդարանական ընտրություններ-2021 .
Կանանց ներկայացվածությունը քաղաքական ուժերի ընտրացուցակներում

Աղբյուրը՝ WomenNet.am

  • 25 քաղաքական ուժերից միայն երկուսի ցուցակներն էին գլխավորում կանայք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Լուսինե Ավագյանն էր և «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջին հորիզոնականում Կարին Տոնոյանն էր:
  • Ցուցակները կազմելիս քաղաքական ուժերի գերակշիռ մասն առաջնորդվել է օրենքի ստորին շեմի պահանջով՝ հատկացնելով առաջին կին թեկնածուներին երրորդ հորիզոնականը: Միայն երեք քաղաքական ուժերի ցուցակներում կանայք երկրորդ հորիզոնականում էին ներկայացված:

  • 2021 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում 8-րդ գումարման Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը կազմել է 33.6 %: 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ այդ թիվը կազմել է 35.5 %:

Կանանց թիվը 8-րդ գումարման ԱԺ-ում՝

ըստ քաղաքական ուժերի

Աղբյուրը՝ WomenNet.am

կարդալ ավելին
III. Քվոտայի արդյունավետությունը

Քվոտան առավել արդյունավետ է աշխատել հենց 2021 թ. խորհրդարանական ընտրություններում, ինչը պայմանավորված է պարզ համամասնական ընտրակարգին անցնելու հանգամանքով, որը, ի տարբերություն տարածքային ցուցակների կիրառման պրակտիկայի, երաշխավորեց կանանց ներկայացվածությունը ընտրված մարմնում ոչ միայն սահմանված քվոտայի չափով, այլև ավելին:

Խորհրդարանում կանանց ներկայացվածության շարժընթացը քվոտայի ներդրումից հետո

Ըստ՝ ՀՀ Ազգային ժողովի տվյալների

Կին ընտրողների ձայնը

«

«Քվոտայի շնորհիվ այս անգամ բարելավվել է իրավիճակը, որովհետև ցուցակներում ավելի շատ կանանց ներգրավեցին, բայց թե ի՞նչ բովանդակություն այդ կանայք բերեցին, արդյոք այդ կանայք ընդհանրապես կանանց իրավունքների կամ շահերի հետ առնչվող որևէ հարց բարձրացրեցի՞ն՝ այս հարցը մնում է անպատասխան»։


»
«Եթե քվոտանյի արդյունավետության մասին խոսենք, ապա կարծում եմ, առայժմ այն օգտագործվում է միայն ցույց տալու համար, որ մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն, քան ռեալ կանանց հավասար իրավունքներ և հնարավորություններ է ապահովում»։


«
«Խնդիրը նույնիսկ այն չէ, որ կանանց օրակարգն առաջ չեն տանում․ սպասելիքները կապված էին քաղաքական դաշտ նոր արժեքներ բերելու, մթնոլորտը փոխելու, հստակ դիրքորոշում ձևավորելու հետ, որ կանայք չդառնան տղամարդկանց ընթերականեր: Այս առումով, գուցե խիստ ենք դատում, բայց իրավունք ունենք, քանի որ նաև մեր շարքերից են դուրս եկել և մեր ջանքերի շնորհիվ խորհրդարանում հայտնվել, ուրեմն պարտավոր են մեզ հետ հաշվի նստել: Հակառակ դեպքում, բարի լինեն հրաժարվեն ու ասեն, մենք չենք կարող այդ արժեքները պաշտպանել, մանդատները դնում և գնում ենք»։

»
«Կանանց մասնակցության շնորհիվ սկսել են կանանց ավելի շատ հարգել, նաև ինչ–որ տեղ կանանց հետ հաշվի նստել։ Կարծում եմ, որ հայ հասարակության մեջ ամենից դժվարը կարծրատիպեր կոտրելն է, ու այդ հարցում առաջամարտիկներն այն կանայք են, ովքեր ինչ որ չափով փորձում են ժողովրդի շահերը ներկայացնել Ազգային ժողովում»։

«
IV. Կանայք Ազգային ժողովի ղեկավար կազմում

Կանանց թիվը 8-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավար կազմում անհամաչափ ցածր է խորհրդարանի պատգամավորական կազմում կանանց ներկայացվածության համեմատ. ԱԺ խորհրդի կազմում կանայք ընդամենը 10.5 % են կազմում՝ գլխավորելով ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից միայն երկուսը:

Ի դեպ
  • 2007 թ.-ից սկսած ԱԺ փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում երեք փոխխոսնակների թվում կանայք չկան:

  • Խոսնակի պաշտոնը նորանկախ Հայաստանի խորհրդարանում երբևիցե կին չի զբաղեցրել:

Կանանց ներկայացվածության շարժընթացը Ազգային ժողովի ղեկավար կազմում 2012-2021 թթ.

Աղբյուրը՝ WomenNet.am

Ազգային ժողովի պատգամավորական և ղեկավար կազմում կանանց ներկայացվածության շարժընթացի համեմատությունը ցույց է տալիս, որ քվոտայի կիրառման արդյունքում կանանց ներկայացվածության կտրուկ աճն Ազգային ժողովում չի հանգեցրել քաղաքական որոշումների վրա նրանց իրական ազդեցության մեծացմանը՝ խորհրդարանի ղեկավար կազմում նրանց անհամեմատ ցածր ներգրավման պատճառով:

Միջխորհրդարանական միության (IPU) տվյալներով`

  • Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինը 26.4 % է կազմում, եվրոպական երկրների խորհրդարաններում՝ միջինը 29.6 %։
  • Կանայք խորհրդարանների խոսնակների 22 %-ն են կազմում:

Փորձագետի կարծիք

«
«Կանանց ավելի քան 30% ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում չի հանգեցրել օրենսդիր մարմնում կանանց «կրիտիկական զանգվածի» ձևավորմանը, որը, ինչպես ցույց է տալիս միջազգային պրակտիկան, քաղաքական օրակարգի և մթնոլորտի փոփոխություններ է բերում: Դրա փոխարեն ի հայտ է եկել կանանց քաղաքական առաջնորդության կայացման հետ կապված խնդիրների ողջ սպեկտրը` սկսած կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի բացակայությունից վերջացրած կանանց քաղաքական առաջընթացի համար կուսակցությունների պատասխանատվության պակասով»:


»
կարդալ ավելին
V. Երիտասարդները Հայաստանի խորհրդարանում
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորական կազմը շատ ավելի երիտասարդ է՝ աշխարհի խորհրդարաններում երիտասարդների ներկայացվածության միջին ցուցանիշների համեմատ:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական կազմն ըստ տարիքի և սեռի
  • Աշխարհի խորհրդարաններում մինչև 30 տարեկան պատգամավորները 2.5% են կազմում, իսկ Հայաստանի խորհրդարանում մինչև 30 տարեկան պատգամավորները 13.1% են:

  • Աշխարհի խորհրդարաններում մինչև 45 տարեկան պատգամավորները 29.2 % են կազմում: Հայաստանի խորհրդարանում մինչև 45 տարեկան պատգամավորները 70.09 % են:
Կին ընտրողների ձայնը

«

«Հասարակության մեջ, կարծես թե, ավելի շատ տեղ է տրվում երիտասարդությանը։ Չեմ ուզում ասել՝ դա լավ է, թե վատ, միգուցե երիտասարդների մոտ փորձի պակասը շատ է, բայց, ամեն դեպքում, որ երիտասարդներին տեղ է տրվում, դրանում ոչ մի խոսք...»:


»

«Եթե ժամանակին մարզերում կինը քաղաքական ասպարեզում չէր ընկալվում լիդերի դերում, հիմա, կարծես թե, կարծրատիպեր այլևս չկան։ Նոր սերունդը ավելի համարձակ է, մենք երևի մի քիչ ուրիշ կերպ ենք մտածում, անընդհատ զիջում ենք տղամարդկանց»:

  • Կանանց քաղաքական ներկայացվածությունը


  • Կանայք գործադիր և դատական իշխանությունում



Made on
Tilda