Հետպեկինյան գործընթացներ
Պեկին +5
Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հնգամյա գնահատման և հետագա գործողությունները քննարկելու նպատակով հրավիրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 23-րդ հատուկ նստաշրջանը՝ «Կանայք 2000. գենդերային հավասարություն, զարգացում և խաղաղություն քսանմեկերորդ դարի համար» խորագրով: Արդյունքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր և «Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հետագա քայլերն ու նախաձեռնությունները» եզրափակիչ փաստաթուղթը, որում հստակեցվում և ուժեղացվում են Պեկինի ծրագրի որոշ մոտեցումներ:

Պեկին +10
Պեկինի Գործողությունների ծրագրի 10-ամյա վերանայումը տեղի ունեցավ 2005 թ. Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 49-րդ նստաշրջանի շրջանակում: Պատվիրակներն ընդունեցին Քաղաքական հռչակագիր՝ ընդգծելով, որ նոր ջանքեր են անհրաժեշտ Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրականացման համար, ընդ որում, այդ քայլերը պետք է համահունչ լինեն Հազարամյակի հռչակագրում ներառված մոտեցումներին և Հազարամյակի զարգացման նպատակներին: Համաժողովին մասնակցեցին 165 կառավարությունների և 2600 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պեկին +15
Պեկինի Գործողությունների ծրագրի 15-ամյա գնահատումը տեղի ունեցավ 2010 թ. Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի ընթացքում և համընկավ Կանանց միջազգային օրվա պաշտոնական հռչակման 100-ամյակի հետ, որը անցավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ. առաջընթաց բոլորի համար» կարգախոսի ներքո։ Քննարկումների արդյունքում անդամ պետությունները ընդունեցին Քաղաքական հռչակագիր, որով արձանագրեցին, որ աշխարհը դեռ շատ հեռու է կանանց նկատմամբ խտրականության վերացումից և խոստացան հետագա գործողություններ ձեռնարկել` Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի լիարժեք և արագացված իրականացումն ապահովելու համար, ընդ որում, սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ: Նստաշրջանում հատուկ ուշադրության արժանացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման հարցը, ինչպես նաև քննարկումներ տեղի ունեցան՝ կապված ՄԱԿ-Կանայք նոր կառույցի ստեղծման հետ:
Պեկին +20
Պեկինի Գործողությունների ծրագրի 20-ամյա գնահատումը տեղի ունեցավ 2015 թ. Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի ընթացքում, որն անցավ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է» կարգախոսի ներքո:

Անդամ պետություններն ընդունեցին Քաղաքական հռչակագիր, որով մտահոգություն հայտնեցին, որ որևէ երկիր չի կարողացել ամբողջությամբ իրականացնել Պեկինի հռչակագիրն ու Գործողությունների ծրագիրը, և նշվեց, որ առաջընթացն այս ոլորտներում անընդունելիորեն դանդաղ է եղել: Վերահաստատելով, որ պատրաստ են գործել Պեկինի Գործողությունների ծրագրի հիման վրա, անդամ պետությունները համաձայնեցին, որ մինչև 2020 թ. արդեն իսկ պետք է զգալի առաջընթաց արձանագրեն գենդերային հավասարության, կանանց հնարավորությունների ընդլայնման հարցում, իսկ մինչև 2030 թվականը հասնեն Կայուն զարգացման օրակարգով նախանշված 50/50 հավասարության շեմին՝ ապահովելով կանանց և տղամարդկանց լիակատար հավասարություն բոլոր ոլորտներում: Պեկին + 20 գործնթացի շրջանակում հռչակվեց «Մոլորակ 50/50» բանաձևը և սկիզբ դրվեց He for She շարժմանը, որի նպատակն է ներգրավել տղամարդկանց գենդերային հավասարության գաղափարն առաջ տանելու հարցում:
Made on
Tilda