Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններ
հանդես են եկել հայտարարությամբ, որով մտահոգություն են հայտնել, որ COVID-19-ի համավարակի հետևանքով երեխաները կարող են հայտնվել են բռնության, այդ թվում՝ չարաշահումների, գենդերային բռնության և սեռական շահագործման ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ։
«COVID-19-ի պատճառով համաշխարհային բնակչության մեկ երրորդը ինքնամեկուսացման մեջ է, և դպրոցների փակումը անդրադարձել է ավելի քան 1,5 միլիարդ երեխաների վրա: Տեղաշարժման սահմանափակումները, եկամտի կորուստը, ինքնամեկուսացումը և սթրեսի ու անհանգստության բարձր մակարդակը մեծացնում են երեխաների հանդեպ ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության հավանականությունը, մասնավորապես` այն երեխաների հանդեպ, ովքեր արդեն գտնվում են բռնության կամ ոչ բարենպաստ ընտանեկան միջավայրում: Եվ քանի որ համացանցը դարձել է բազմաթիվ երեխաների ուսման, աջակցության և խաղի հարթակ, մեծացել է նաև կիբեռբուլինգի, վտանգավոր առցանց վարքագծի և սեռական շահագործման ենթարկվելու վտանգը»։
Հայտարարությունը ստորագրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակները, Աֆրիկայի երեխաների քաղաքականության ֆորումը, «Սեյվ դը չիլդրենը», ՍՕՍ մանկական գյուղերը, WePROTECT գլոբալ դաշինքը, «Վե՛րջ բռնությանը»
գործընկերությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, «Վորլդ Վիժնը» և այլ միջազգային կազմակերպություններ: