Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. հաջողության գաղտնիքը
Կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին տարբեր երկրներ ղեկավարող կին առաջնորդները, որոնց ճգնաժամային կառավարման արդյունավետությունը բարձր գնահատանքի արժանացավ համավարակին արագ արձագանքելու և այլ երկրների համեմատությամբ մահվան ցածր ցուցանիշներ արձանագրելու շնորհիվ:

«
Կին լինելը չի օգնում գլոբալ համավարակն ավելի լավ կառավարելու, բայց կանայք, որպես կանոն, պետք է լավագույնը լինեն, որպեսզի դառնան առաջնորդներ:

»
«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են»
Բրիտանական Тhe Guardian-ը, վկայակոչելով համավարակի դեմ պայքարում Նոր Զելանդիայի, Թայվանի, Գերմանիայի հաջողված փորձը, իր հոդվածներից մեկը վերնագրեց «Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են»: Ըստ պարբերականի՝ այս երեք երկրների առաջնորդներն էլ կանայք են, ու նրանք կատարում են բացառիկ աշխատանք՝ ի պատասխան կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի։

Մասնավորապես, Թայվանի նախագահ, պրոֆեսոր Ցայ Ին Վենը ցուցաբերել էր արագ ու հաջող պաշտպանություն վիրուսի դեմ։ Արդյունքում, Չինաստանի հարևանությամբ գտնվող 23.8 մլն բնակչություն ունեցող այս երկիրը 174-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում վարակվածների թվով, ապրիլ-սեպտեմբեր ժամանակահատվածում վարակվածների թիվը 498 է, մահվան դեպքերը 7-ն են։ Այս պետությունն այնքան լավ է պատրաստված համավարակին, որ 10 մլն բժշկական դիմակ էր նվիրել ԱՄՆ-ին ու 11 եվրոպական երկրի։

Դեռևս ապրիլի վերջին Նոր Զելանդիայի վարչապետ Արդերնը հայտարարել էր, որ երկիրը հաղթել է վիրուսի տարածման դեմ մարտում։ 5 միլիոն բնակչություն ունեցող Նոր Զելանդիայում 1504 վարակման դեպք էր արձանագրվել, 22 մահվան դեպք: Որպես հաջողության գաղտնիք նշվում է վաղ փուլում մեկուսացումը, լայնածավալ թեստավորումը, Ջասինդա Արդերնի արդյունավետ առաջնորդությունը, սոցիալական հեռավորությունը։
The Guardian-ը մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել էր Նոր Զելանդիայի վարչապետի՝ իր ու այլ պաշտոնյաների աշխատավարձը վեց ամսով 20 տոկոսով նվազեցնելու նախաձեռնությանը՝ ի նշան սոցիալական համերաշխության կորոնավիրուսից տուժածների, ինչպես նաև առաջնագծում պայքարողների հետ։ «Եթե Նոր Զելանդիայում ինչ-որ պահի պետք է վերացվեր սոցիալական խմբերի միջև առկա խզումը, ապա այդ պահը հիմա է»,- ասել է Ջասինդա Արդերնը։

CNN-ը փաստում է, որ հենց կին առաջնորդներն էին, որ սկսեցին գործել ավելի վաղ ու վճռական։

«
Կին առաջնորդ ունեցող երկրների՝ համավարակի դեմ պայքարի հաջող փորձը հիշարժան է, սակայն պետք է հաշվի առնել, որ երկրների միայն 7 տոկոսն են ղեկավարում կանայք։

»


The Conversation պարբերականը, անդրադառնալով Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Թայվանում և Նոր Զելանդիայում կին առաջնորդների գործողություններին, դիտարկում է դրանք որպես ապացույց, որ կանայք ավելի լավ են ղեկավարում ճգնաժամը, քան իրենց տղամարդ գործընկերները, իսկ ճկունությունը, պրագմատիզմը, բարեսրտությունը, հավաքական մտքի նկատմամբ վստահությունը, փոխօգնությունը և խոհեմությունը նշվեցին որպես կին առաջնորդների հաջողությանը նպաստող ընդհանուր հատկություններ:

Ո՞րն է համավարակի ավելի արդյունավետ կառավարման գաղտնիքը
Նշված երկրներում կանանց ու տղամարդկանց հավասարությունը որպես նորմ է ընկալվում
Վերոհիշյալ երկրներն ավելի արդյունավետ կերպով են ղեկավարում համավարակը ոչ թե այն պատճառով, որ դրանց ղեկավարները կանայք են, այլ այն, որ այդ երկրներում կանանց ղեկավարի պաշտոնում ընտրելը հասարակության որոշումն է եղել, այն հասարակության, որում կանանց ու տղամարդկանց հավասարությունը որպես նորմ է ընկալվում, և որում տարբեր օղակներում կանանց մեծ ներկայացվածությունն ապահովված է պատշաճ կերպով: Իշխանության մեջ կանանց առավել մեծ ներգրավվածությունը թույլ է տալիս ճգնաժամը դիտարկել ավելի համակողմանի, հնարավորություն է տալիս խնդիրների առավել ամբողջական լուծումներ գտնելու համար, քան դա կարող է լինել միատարր իշխանության պարագայում։
Իշխանության ուժեղացմանը նպաստում է երկու սեռերի՝ փոխլրացման բնույթը
Գենդերային հավասարության բարձր մակարդակ ունեցող երկրներում իշխանության ուժեղացմանը նպաստում է երկու սեռերի՝ միմյանց լրացման բնույթը, և այս փաստը հաստատվում է նաև McKinsey խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ որոնց այն բիզնեսներում, որոնցում սեռերը հավասար են ներկայացված, ֆինանսական առումով ավելի լավ վիճակ է։

Բոլորի մտավոր ներուժի մասնակցությունը դառնում է հաջողության բանալին
Գենդերային հավասարակշռված միջավայրում ծնվում են ավելի ուժեղ ու կայուն որոշումներ, ձևավորվում է նաև այնպիսի առաջնորդություն, որտեղ գերակշռում են այսպես կոչված «կանանց» արժեքները, որոնց թվում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ճկունությունը, քաջությունը, լսելու ունակությունը, կարեկցելը, համագործակցելը, հոգատարությունը և հավաքական ներդրման ճանաչումը: Բոլորի մտավոր ներուժի մասնակցությունը դառնում է հաջողության բանալին: Այս ամենը ավանդաբար «կանացի» կառավարման բնութագրիչներ են։ Դրա հետ մեկտեղ, դա չի նշանակում, որ կանայք չեն տիրապետում տղամարդկանց վերագրվող կառավարման հմտություններին, և հակառակը:

«Ինչո՞ւ կանայք պետք է մեծ թիվ կազմեն քաղաքական բարձրագույն պաշտոններում»
Byline times պարբերականը գրում է, որ COVID-19-ի համավարակից քաղած դասերից մեկը այն կլինի, որ կանայք պետք է մեծ թիվ կազմեն քաղաքական բարձրագույն պաշտոններում։

Պարբերականը վկայակոչում է 2019-ին հրապարակված Harvard Business Review-ի ուսումնասիրությունը, ըստ որի կանայք 19 հմտություններից 17-ում գերազանցում են տղամարդկանց։ Դրանք այն հմտություններն են, որոնք տարբերակում են գերազանց առաջնորդներին միջին կամ թույլ առաջնորդներից։

«
Կանայք «գերազանց» են ստացել նախաձեռնողականության, ճկուն գործելու, ինքնազարգացմամբ զբաղվելու, արդյունքներ գրանցելու, առավել մեծ ինտեգրում ու ազնվություն ցուցաբերելու հմտություններում... Նաև հետաքրքիր է, որ երբ խոսքը վերաբերում է սեփական աշխատանքը գնահատելուն, կանայք թերագնահատում են իրենց կարողությունները, տղամարդիկ՝ հակառակը, գերագնահատում: Սա էլ իր հերթին բերում է նրան, որ նրանք ավելի քիչ են դիմում ոլորտային փորձագետների օգնությանը, ավելի քիչ են ողջունում իրենց հետ չհամաձայնող կարծիքները, ավելի քիչ են բաց այն տեղեկության համար, որը չի սատարում կամ հաստատում իրենց նախապաշարմունքներն ու հակումները։

»
Առավել մանրամասն
Կանանց առաջնորդությունը համավարակի դեմ պայքարում. ամփոփագիր
ՄԱԿ-Կանայք կառույցի մշակած COVID-19-ը և կանանց առաջնորդությունը. Արդյունավետ արձագանքից մինչև ավելի լավի կառուցումը (2020) ամփոփագիրը նվիրված է COVID-19-ին արձագանքման և վերականգնման գործընթացներում կանանց առաջնորդությանը: Փաստաթղթում շեշտադրվում է այն փաստը, որ երկրագնդի ողջ տարածքում կանայք այն հաստատությունների ղեկին են, որոնք իրականացնում են արդյունավետ և ներառական COVID-19-ի պատասխաններ՝ որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներից մինչև առաջնագծում ծառայությունների մատուցում: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով որոշումների ընդունման մակարդակում կանանց սահմանափակ ներկայացվածության խնդիրները, ամփոփագիրը առաջարկություններ է ներառում քաղաքականություն մշակողների համար՝ կանանց մասնակցությունը համավարակի հետ կապված որոշումների կայացմանը և հետհամավարակային գործընթացներում ապահովելու ուղղությամբ:

Ի դեպ
Հայաստանի Հանրապետությունում համավարակի պայքարը համակարգող պարետատան անհատական կազմում ընդգրկված էին կառավարության 15 ներկայացուցիչներ, որոնց թվում երկու կին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Լիանա Ղալթաղչյանը և Ծովինար Սողոմոնյանը։
Կին առաջնորդների համաշխարհային նախաձեռնություն
«Հանուն բոլորի» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր առաջնորդներին արձագանքել COVID-19 համաճարակի մարդկային ճգնաժամին և ֆինանսավորել ՄԱԿ-ի արձագանքման և վերականգնման հիմնադրամը:

«
Մենք՝ կին առաջնորդներս, լի ենք մարդկանց կյանքը և արժանապատիվ կյանքով ապրելու նրանց հնարավորությունը պաշտպանելու վճռականությամբ:

»
2020-ի ապրիլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդի նախաձեռնությամբ մեկնարկեց Կին առաջնորդների համաշխարհային քարոզարշավը, որին միացել են պետությունների ղեկավարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ, որոնք ցանկանում են աջակցել COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքների անհապաղ արձագանքմանն ուղղված ՄԱԿ-ի ռազմավարությանը և ծրագրերին:

Համաշխարհային այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև՝ ընդլայնել կանանց ղեկավար դեր ստանձնելու և վերականգնման գործընթացների առաջնագծում լինելու հնարավորությունները: Ընդ որում, խոսքը ավանդաբար «կանացի թեմաների» մասին չէ. կին առաջնորդների նոր սերունդը պետք է մասնակցի բոլոր խնդիրների լուծմանը, իսկ կանանց շահերը պետք է հաշվի առնվեն ճգնաժամից դուրս գալու ռազմավարությունները մշակելիս:
«Մենք ուզում ենք, որ կանանց ձայները ավելի բարձր հնչեն, որ համերաշխության նրանց կոչերը յուրաքանչյուրին օգուտ բերեն: Մենք ուզում ենք ձևավորել առաջնորդի դերի այնպիսի ընկալում, որ կանայք տղամարդկանց հետ հավասար ղեկավարեն համավարակից հետո վերականգնման գործընթացները: Ներկայիս ճգնաժամը բազմաշերտ է, և նրա հետ կապված որևէ խնդիր չի կարող լուծվել առանց կանանց մասնակցության: Իսկ երբ մերժում են կանանց առաջնորդող դեր զբաղեցնելու իրավունքը, ստանում են քաղաքականություն, որում բացակայում են հաջողության համար անհրաժեշտ բաղադրիչները: Եկեք ընդունենք. թերի, կիսատ տեղեկատվության վրա հիմնված ռազմավարությունը բերում է կիսատ արդյունքների»:
Ամինա Մոհամեդ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ
Նախաձեռնության հեղինակները ճգնաժամը դիտարկում են որպես «վերագործարկման կոճակը սեղմելու» և աշխարհն ավելի լավ, քան մինչ համավարակն էր, դարձնելու հնարավորություն: Սակայն դա հնարավոր է միայն, եթե հասարակությունն ընդունի, որ «կանայք պետք է լինեն այդ գործընթացի առաջնագծում և կենտրոնում»:
Առավել մանրամասն
Made on
Tilda