Համավարակի տնտեսական հետևանքները

«
Կանայք ավելի խոցելի են COVID-19-ով պայմանավորված տնտեսական հետևանքների նկատմամբ՝ առկա գենդերային անհավասարության պատճառով:

»
COVID-19-ի համավարակն առաջացրել է ճգնաժամ, որը առողջապահության սահմաններից շատ ավելի հեռուն է գնում՝ լուրջ մարտահրավեր նետելով աշխարհի տնտեսությանը: Փորձագետների գնահատականներով՝ համավարակի հետևանքով անխուսափելի տնտեսական անկումից կանայք ու տղամարդիկ անհամաչափ են տուժելու, ինչը պայմանավորված է տնտեսության ոլորտում մինչ այդ էլ առկա գենդերային անհավասարությամբ:
Ինչո՞ւ են կանայք ավելի շատ տուժելու համավարակի հետեվանքներից
  • Կանայք ավելի քիչ են վաստակում, որպես կանոն՝ կենտրոնացած են ցածր աշխատավարձով ոլորտներում և ավելի քիչ վարձատրվող պաշտոններում:
  • Աշխատում են ոչ ֆորմալ աշխատանքի հատվածներում, որոնք շատ խոցելի են անկայունության իրավիճակներում:
  • Նրանք հատկապես խոցելի են կրճատումների և ապրուստի միջոցների կորստի համար:
  • Կանայք ավելի շատ են ներկայացված համավարակի պատճառով ամենաշատ տուժած սպասարկման, մանրածախ առևտրի և սոցիալական ծառայությունների ոլորտներում:
COVID-19 ճգնաժամը կտրուկ կբարձրացնի կանանց աղքատության մակարդակը



COVID-19 ճգնաժամը կտրուկ կբարձրացնի կանանց աղքատության մակարդակը և կխորացնի աղքատության մեջ ապրող կանանց և տղամարդկանց միջև եղած անջրպետը, փաստում են Գաղափարներից դեպի գործողություն. գենդերային հավասարությունը COVID-19-ի հետևանքով զեկույցի տվյալները:

Կանխատեսումներ
ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից պատվիրված Դենվերի համալսարանի Pardee International Futures կենտրոնի կանխատեսումներով՝ համավարակը մինչև 2021 թվականը 96 միլիոն մարդու կմղի ծայրահեղ աղքատության, որոնցից 47 միլիոնը կանայք և աղջիկներ են:
Մինչ այդ ակնկալվում էր, որ 2019-2020 թվականների ընթացքում կանանց աղքատության մակարդակը կկրճատվի 2,7 տոկոսով, բայց այժմ համավարակի և դրա հետևանքների պատճառով կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ ցուցանիշը կաճի առնվազն 9,1 տոկոսով, և մինչև 2030 թվականը այս թիվը չի վերադառնա նախահամավարակային մակարդակ:

Իրականությունը կարող է ավելի մռայլ լինել, քանի որ կանխատեսումները հաշվի են առնում միայն ՀՆԱ-ի վերանայումը, բացառությամբ այլ գործոնների, ինչպիսիք են` երեխաների խնամքի պարտականությունների պատճառով աշխատանքի շուկայից դուրս գալը, որոնք կարող են ազդել կանանց աղքատության մակարդակի վրա:

«
Կանայք կրում են COVID-19-ի ճգնաժամի բեռը, քանի որ ավելի հավանական է, որ նրանք կորցնեն իրենց եկամտի աղբյուրը, և ավելի քիչ հավանական է, որ ներառվեն սոցիալական պաշտպանության միջոցներում: Ներդրումները գենդերային անհավասարության հաղթահարման գործում ոչ միայն խելացի, այլև հրատապ ընտրություն են, որը կառավարությունները կարող են կատարել՝ աղքատության նվազեցման վրա համաճարակի ազդեցությունը չեզոքացնելու համար:

»
Առավել մանրամասն
Գործելու ժամանակը հենց հիմա է
McKinsey Global Institute-ի հետազոտության արդյունքները նույնպես արձանագրում են արդեն իսկ տեսանելի փաստը, որ կանանց կյանքը, ապրուստն ու եկամուտներն առավել խոցելի են COVID-19-ի համավարակի ընթացքում խորացող անհավասարությունների պատճառով։

Հետազոտությունները փաստում են
  • Ճգնաժամային պայմաններում կանայք 1.8 անգամ ավելի շատ են կորցնում իրենց աշխատանքը, քան տղամարդիկ, համապատասխանաբար, 5.7 տոկոս և 3.1 տոկոս:
  • Կանայք կազմում են աշխարհում զբաղվածների 39 տոկոսը, բայց աշխատանքը կորցրածների թվում 54 տոկոս են:
  • Համավարակի պայմաններում կանայք հայտնվել են առաջնագծում՝ իրենց ուսերին վերցնելով ընտանիքի խնամքի հետ կապված չվճարվող աշխատանքի 75 տոկոսը, ինչն էլ բացասական հետևանք է թողնում աշխատաշուկայում կանանց մասնակցության ցուցանիշների վրա։
Մինչև 2030 թ. ՀՆԱ-ի երեք սցենարները

«
Եթե հիմա միջոցներ չձեռնարկվեն COVID-19-ի՝ կանանց վրա ունեցած ազդեցության դեմ, ապա վտանգ կա, որ առաջընթացը կարող է փոխարինվել հետընթացով։ Դա կլինի ոչ միայն նահանջ գենդերային հավասարության համար, այլև հետ կգցի գլոբալ տնտեսությունը։ Եվ հակառակը՝ հավասարության վերականգնման համար քայլեր ձեռնարկելով՝ մենք կարող ենք բարելավել միլիոնավոր կանանց սոցիալական ու տնտեսական եկամուտները, ինչպես նաև օգնել խթանելու տնտեսական աճը։

»
Կանխատեսվող երեք սցենարները
Հոռետեսական սցենար. գենդերային հավասարությանը համավարակի հասցրած հետևանքների դեմ ոչ մի գործողություն ու քայլ չեն ձեռնարկվում, հետազոտողների գնահատականներով՝ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կարող է նվազել 1 տրիլիոն դոլարով՝ հաշվի առնելով վերջին ամիսների միտումները։ Բացասական ազդեցությունը կարող է ավելի խիստ լինել, եթե հաշվի առնենք, որ երեխաների խնամքի ծավալի մեծացումը, տնտեսության դանդաղ վերականգնումը, կրթության ու երեխայի խնամքի համար պետության կողմից հատկացվող ծախսերի կրճատումը կարող են կանանց ստիպել մեկընդմիշտ թողնել աշխատաշուկան։

Լավատեսական սցենար. գենդերային հավասարության խթանմանն ուղղված գործողությունների հենց այս պահից ձեռնարկումը կարող է շատ արժեքավոր լինել և հետընթացի փոխարեն համաշխարհային ՀՆԱ-ն ավելացնել 13 տրիլիոն դոլարով։

Հետաձգված գործողությունների սցենար. եթե գենդերային անհավասարությունը մեղմելու գործողությունները ձեռնարկվեն ավելի ուշ՝ ճգնաժամի թուլացումից հետո, ապա պոտենցիալ հնարավորությունը կնվազի 5 տրիլիոն դոլարով։ Այսինքն՝ հապաղելու գինը կարող է լինել համաշխարհային ՀՆԱ-ի ¾-ը, որը կարող ենք կորցնել այս տարի։
ՀՆԱ-ի վրա COVID-19-ի ազդեցության երեք սցենարները
Աղբյուրը՝
www.mckinsey.com
Պահանջվող սոցիալական ծախսերն ավելի քիչ են, քան ակնկալվող արդյունքն է
McKinsey Global Institute-ի հետազոտության հիմնական ուղերձը հասցեագրված է քաղաքական գործիչներին ու բիզնես առաջնորդներին, որոնք նույնիսկ շարունակվող համավարակի պայմաններում պետք է արագ գործեն գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ, և որքան արագ, այնքան մեծ օգուտներ կստանան տնտեսական աճի առումով։ Եվ հակառակը՝ քայլերն ուշացնելու կամ ոչինչ չանելու դեպքում կլինեն արտադրական ծավալների կրճատում, միլիոնավոր կանայք կմնան առանց աշխատանքի, գենդերային հավասարության ցուցանիշներն էլ ավելի հետընթաց կապրեն, ինչն արդեն նկատելի է։ Եվ ամենակարևորը՝ հետազոտության հեղինակները նշում են, որ նշված ուղղությամբ պահանջվող սոցիալական ծախսերն ավելի քիչ են, քան ակնկալվող արդյունքն է:

«
Գենդերային անհավասարությունն մեղմելուն ուղղված սոցիալական հատկացումների տնտեսական օգուտները 6-8 անգամ ավելին են, քան պահանջվող ծախսերը:

»
Առավել մանրամասն
COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարում. ի՞նչ անել
Համավարակի պայմաններում գենդերային անհավասարության հիմնախնդիրներին է անդրադառնում նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հրապարակած «COVID-19-ը և գենդերային անհավասարության տնտեսական հետևանքները. առաջարկություններ քաղաքականություն մշակողների համար» փաստաթուղթը: Թեև այն հասցեագրված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանի երկրների կառավարություններին, սակայն կարող է ուղեցույց ծառայել համավարակի դեմ պայքարում ցանկացած երկրի քաղաքականության գենդերային զգայունությունն ապահովելու հարցում:

COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարում. Ուղիներ և գենդերային արձագանքման վերականգնման քաղաքականության տարբերակներ (2020) ամփոփագրում ՄԱԿ-Կանայք կառույցը ներկայացնում է COVID-19 համավարակի ազդեցության երկարաժամկետ հետևանքները կանանց զբաղվածության և ապրուստի միջոցների տեսանկյունից: Փաստաթուղթը ներառում է կանանց տնտեսական իրավունքները առողջապահական ճգնաժամի պայմաններում և վերականգնման ծրագրերում ապահովելու առաջարկություններ, ինչպես նաև արդեն ձեռնարկված գործողությունների հաջողված օրինակներ: Հասցեագրված է բոլոր շահագրգիռ կողմերին՝ կառավարություններից մինչև միջազգային կազմակերպություններ, մասնավոր հատված և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

Աշխատանքի միջազգային կազմակերպության հրապարակած COVID-19 պատասխան. Գենդերային հավասարության ապահովումը` հանուն կանանց համար աշխատավայրում ավելի լավ ապագայի ամփոփագիրը տեղեկատվություն է տրամադրում տարբեր երկրներում իրականացված միջոցառումների մասին՝ կանանց առջև աշխատանքի շուկայում համավարակի պատճառով ծառացած հատուկ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ներկայացվում են նաև առաջարկություններ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների մասին, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել գենդերային հավասարությունը խթանելու համար` ավելի դիմացկուն, ներառական և կայուն տնտեսություններ և հասարակություններ ձևավորելու նպատակով:


ՄԱԿ-Կանայք գործակալության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության միասնական ջանքերով լույս տեսած «Ընտանիքամետ քաղաքականություն և այլ հաջողված աշխատանքային պրակտիկաներ» ուղեցույցը հասցեագրված է համավարակի հետևանքով գոյատևման պայքար մղող գործատուներին և աշխատատեղերը կորցնելու վտանգի առջև հայտնված աշխատողներին:

Ուղեցույցը առաջարկում է գործատուներին այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք միտված են մեղմելու COVID-19- ից բխող բացասական հետևանքները:


«
Եկեք չմոռանանք, որ սա ըստ էության մարդկային ճգնաժամ է: Ամենագլխավորը՝ մենք պետք է կենտրոնանանք մարդկանց, առավել խոցելի մարդկանց վրա:

»
ՄԱԿ-ի համերաշխության կոչից
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում
ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք ծրագրերում դրսևորել է ընտանիքամետ մոտեցումներ՝ առանձնացնելով որպես խոցելի խմբեր երեխաներին և կանանց:
Մասնավորապես.

  • 7-րդ միջոցառումը նախատեսված էր հղի կանանց համար, որոնք 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չեն աշխատել: Ամուսնացած լինելու պարագայում՝ պարտադիր պայման էր նաև ամուսնու՝ աշխատանք չունենալը: Աջակցության այս ծրագրով յուրաքանչյուր կնոջ տրամադրվում էր 100 հազար դրամ: Ծրագրի շահառուների թիվը 9771 է, մինչև ծրագրի ավարտը աջակցություն է ստացել 95 %-ը: Մյուսների գումարը փոխանցվել է բանկեր՝ իրենց անուններով:
  • Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կանանց համար բացառություններ արվեցին նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ ծրագրերում: 8-րդ ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրվում էր տուժած տնտեսական ոլորտների աշխատողներին: Այս ծրագիրը նախատեսված էր միայն աշխատող քաղաքացիների համար, սակայն Կառավարությունը փոփոխություն կատարեց որոշման մեջ, որի համաձայն՝ ծրագրի շահառու կարող էին դառնալ այն կանայք, որոնք 2020 թ. մարտ ամսվա ընթացքում գնացել են ֆիզարձակուրդ:
  • Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով աջակցություն էր նախատեսվում երեխաների համար, որոնց միայնակ ծնողը կամ ծնողները չէին աշխատում, ևս փոփոխության ենթարկվեց: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու կարող է դառնալ այն քաղաքացին, որի ընտանիքում կա անչափահաս երեխա, որի ծնողներից մեկը չի աշխատում, իսկ մյուսը գտնվում է ֆիզարձակուրդում:

«
Սեպտեմբեր ամսվա դրությամբ, սոցիալական ուղղվածության ճգնաժամային ծրագրերից օգտվել է ավելի քան 463 հազար քաղաքացի, որոնք ստացել են շուրջ 20 մլրդ դրամ աջակցություն: Եվս 85 հազար նպաստառու ընտանիքներ ստացել են միանվագ դրամական աջակցություն և էլեկտրաէներգիայի վարձի մասնակի փոխհատուցում:
«Եկեք չմոռանանք, որ սա ըստ էության մարդկային ճգնաժամ է: Ամենագլխավորը՝ մենք պետք է կենտրոնանանք մարդկանց, առավել խոցելի մարդկանց վրա»:

»
Աջակցման ծրագրերի իրականացման դժվարությունները
Հիմնական խնդիրները, որոնք բարդացնում են աջակցության տրամադրման համար քաղաքացու նույնականացման գործընթացը և աջակցության հասցեականության ապահովումը.

  • Տեղեկատվական բազաների անկատարությունը և տարբեր գերատեսչությունների բազաների համադրելիության խնդիրները
  • Իրազեկման խնդիրներ
  • Բովանդակային խնդիրներ, որոնք ծագում են այն պատճառով, որ քաղաքացիները հաճախ չեն օրինականացնում իրենց հարաբերությունները պետության հետ՝ չեն գրանցում եկամտի աղբյուրը կամ չեն պնդում, որ գործատուն պայմանագիր կնքի իրենց հետ և այլն:
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում մի շարք փոփոխություններ իրականացվեցին, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված էր արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքով: Փոփոխությունների թվում ներառվել են դրույթներ հօգուտ երեխա ունեցող աշխատողների:

Մասնավորապես.

Սահմանվել է աշխատանքային պայմանագրի լուծման արգելք՝ այն դեպքերում, երբ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով՝ պայմանավորված համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներով, ինչպես նաև երբ չպլանավորված տեղափոխվել են ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդները, իսկ աշխատողն ունի մինչև 12 տարեկան երեխա, իսկ այդ պատճառներով աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը չի համարվի աշխատանքային կարգապահության խախտում:
Առավել մանրամասն
Made on
Tilda