Գնահատման զեկույց
ԱԺ-ՔՀԿ հարթակի գործունեության գնահատումն իրականացվել է առավել ակտիվ մշտական մասնակիցների շրջանում, ովքեր մասնակցել են հարթակի գրեթե բոլոր հանդիպումներին՝ դրա ստեղծման պահից ի վեր:
Վերլուծության են ենթարկվել 22 մշտական մասնակիցների, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավորների և ՀԿ ոլորտի ներկայացուցիչների պատասխանները հարցաշարին:
I. Մասանկցությունը հարթակի քննարկումներին
Հարթակի հանդիպումներին մասնակցության վերլուծությունը ցույց է տալիս՝
Միջինում յուրաքանչյուր հանդիպման մասնակիցների թիվը տատանվել է 30-40 հոգու շրջանում, ընդ որում՝ պատգամավորների և ՀԿ ներկայացուցիչների հարաբերակցությունը մոտ 1:3 է եղել:
Հանդիպումներին մասնակցած կանանց ու տղամարդկանց հարաբերակցությունը միջինում 5:1 է եղել։
Առավել մեծ թվով պատգամավորներ մասնակցել են մեկնարկային և ամփոփիչ հանդիպումներին։
Պատգամավորների մասնակցությունը ընթացիկ հանդիպումներին պայմանավորված է եղել քննարկվող թեմայի նկատմամբ նրանց հետաքրքրվածությամբ:
ՀԿ-ների մասնակցությունը հանդիպումներին մեծապես պայմանավորված է եղել քննարկվող թեմաների վերաբերյալ առաջարկների առկայությամբ:
Գրեթե բոլոր հանդիպումներին մասնակցել են համապատասխան ոլորտի պատասխանատու պաշտոնյաները գործադիրից:
II. Ինչպե՞ս եք գնահատում հարթակի աշխատանքը
  • Հարցվածները գրեթե միաձայն «լավ» կամ «գերազանց» են գնահատել հարթակի աշխատանքը և միայն մեկ մասնակից է տվել «ոչ բավարար» գնահատականը:

  • Մասնակիցներից երեքը «այլ պատասխաններ» են տվել։
Այլ պատասխաններ

«
Հրատապ խնդիրներին անդրադառնում էր ճիշտ ժամանակին և հանրայնացնում կարևոր խնդիրներ։

»
Իրականում, ամեն բան շատ լավ էր սկսվել, սպասելիքները մեծ էին, համագործակցության ակնկալիքները՝ բարձր։ Սակայն, երկրում ստեղծված քաղաքական ոչ այնքան բարենպաստ մթնոլորտում, այս հարթակն իր առջև դրված խնդիրները մինչև վերջ չկարողացավ իրացնել։ Մեծ դեր խաղաց նաև պատերազմը, որը խորը ցնցում առաջացրեց հասարակության ներսում, նաև մեծ անջրպետ ստեղծեց հասարակության ու պետական համակարգի միջև:

«
Աշխատանքի կազմակերպման տրամաբանությունը բավականին խոստումնալից էր. հանդիպումները կազմակերպվում էին ըստ ոլորտների, ինչը հնարավորություն էր տալիս մանրամասն անդրադառնալ յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրներին։ Այնուամենայնիվ, Ազգային ժողովի ներկայացուցիչները չդրսևորեցին բավարար կամք՝ ձեռնարկելու բարձրացված խնդիրների հասցեավորման միջոցառումներ:

»
III . Հարթակի արձագանքը արտակարգ իրավիճակներին
Հարթակի մասնակիցների գնահատմամբ՝ հարթակը կարողացել է բավարար չափով արձագանքել համավարակի և Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության հետևանքով առաջացած մարտահրավերներին։
Մասնավորապես՝
Անհատական կոնսուլտացիաներ են անցկացվել ԱԺ պատգամավորների հետ, համատեղ կոչ է մշակվել ՔՀԿ գործընկերների հետ, կոչը փոխանցելու նպատակով հարթակի մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչներն այցելություններ են իրականացրել դեսպանատներ։
Հանդիպումներ են իրականացվել Պեկին +25 գործընթացի շրջանակում «Կանայք և զինված հակամարտությունները» ոլորտի մշտադիտարկման և ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի իրականացման շուրջ։
Իրազեկման նպատակով տեղեկատվական նյութեր են պատրաստվել և տարածվել արտակարգ իրավիճակներում կանանց մասնակցության և նախաձեռնությունների վերաբերյալ:
«ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի հատուկ թողարկում է պատրաստվել և տարածվել COVID-19-ի դեմ պայքարում կանանց մասնակցության վերաբերյալ։
Այլ պատասխաններ

«
Կարծում եմ, բավարար չափով եղել է անդրադարձ և՛ քննարկումների, և՛ հանրային իրազեկման տեսքով:

«
Այդ ժամանակահատվածում ինքս էի չափազանց զբաղված ու չկարողացա թե՛ մասնակցել, թե՛ հետևել աշխատանքներին։ Չնայած դրան, վստահ եմ, որ փորձ է կատարվել անել առավելագույնը, չնայած պետական համակարգի բացթողումներին։

»
IV. Հարթակի ձեռքբերումները
Հարցվածների կարծիքով, հարթակի ամենակարևոր ձեռքբերումներից է կանանց հիմնախնդիրների շուրջ ԱԺ-ՔՀԿ շարունակական երկխոսության կազմակերպումն ու ապահովումը, ինչպես նաև պատգամավորների իրազեկումը և փորձագիտական աջակցությունը՝ Հայաստանում գենդերային հիմնահարցերի և գենդերային հավասարության շուրջ միջազգային գործընթացների մասին: Այս համատեքստում հարցվածները գերազանց են գնահատել նաև քննարկվող թեմաների ընտրությունը:
Ի դեպ
Հարթակի աշխատանքների գնահատում իրականացվել էր նաև 2019 թվականին՝
գործունեության առաջին տարվա կտրվածքով:
Այդ գնահատման շրջանակում անցկացված խորքային հարցազրույցների ընթացքում, որպես հարթակի գլխավոր ձեռքբերում, հարցվածները միաձայն նշել են հանդիպումների պարբերականության և հետևողականության ապահովումը: Հարցվածների կեսը կարծիք է հայտնել, որ «հարթակի ստեղծումն ինքնին ձեռքբերում է»: Շատերը նաև նշել են, որ հարթակի ստեղծման փաստը «աննախադեպ նախաձեռնություն» էր:

Որո՞նք են, Ձեր կարծիքով, հարթակի հիմնական ձեռքբերումները, 2019 թ.
50 %
Հարթակի գոյությունն ինքնին ձեռքբերում է
100%
Ապահովված է եղել հանդիպումների պարբերականությունը և հետևողականությունը
60%
Հիմնված է եղել կարիքների վրա
40%
Ունի մեծ ընդգրկվածություն, կայացած և գործուն կառույց է
40 %
Ամրապնդված և օրինակելի համագործակցություն է
60%
Հասարակական սեկտորի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունվում են
60%
Հարթակը հնարավորություն է միասնաբար քննարկելու առաջնահերթ խնդիրները
100%
Ապահովված է հաշվետվողականությունը և հետադարձ կապը
V. Առաջարկություններ
Հարցվածները միակարծիք էին, որ անհրաժեշտ է շարունակել նոր գումարման խորհրդարանի հետ ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակի աշխատանքները:
Հարցվածների կողմից հարթակի արդյունավետությունը բարձրացնելու մասին ներկայացված առաջարկները կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի.
1. Հարթակի աշխատանքների շարունակականության ու արդյունավետության ապահովում
- Շարունակել հարթակի աշխատանքը նոր գումարման ընթացքում։

- Ապահովել մարզային հանդիպումների շարունակականությունը՝ դարձնելով դրանք ավելի ընդգրկուն:

- Խթանել քաղաքական երկխոսության տարբեր ձևաչափեր և կազմակերպել քննարկումներ շահառուների միջավայրում՝ ուսումնական հաստատություններում, համայնքներում և այլն:

- Համալրել քննարկումների կազմակերպումը գործողությունների ծրագրով՝ նախանշելով հստակ ժամանակացույց, կատարողականի կոնկրետ ժամկետներ, ինչը կնպաստի հարթակի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

- Վերահաստատել նորընտիր ԱԺ-ի կողմից հարթակի կարևորությունը, մոտիվացնել և խրախուսել ԱԺ պատգամավորներին՝ մասնակցելու հարթակի հանդիպումներին և իրենց ներդրումն ունենալու այս նախաձեռնության շրջանակում։

- Սահմանել պատգամավորների մասնակցության որևէ չափանիշ՝ դրանով իսկ երաշխավորելով պատգամավորների ներկայությունը քննարկումներին, հատկապես՝ Ազգային ժողովի խորհրդի կազմում ներկայացված պատգամավորների:

- Ձևակերպել քաղհասարակության կողմից ներկայացվող առաջարկություններն ավելի հստակ և միասնական՝ նախօրոք համաձայնության գալով տեսակետների շուրջ՝ իրարամերժ մոտեցումները բացառելու նպատակով:

- Հարթակին կից ստեղծել իրավաբաններից և փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որի միջոցով հավաքագրվելու են, զտվելու և իրավաբանորեն գրագետ ձևակերպվելու են գործընկեր կազմակերպությունների առաջարկները, ինչպես նաև մշտական կապ է պահպանվելու ԱԺ հանձնաժողովների հետ։

- Համագործակցել կին պատագամավորների հետ՝ ՏԻՄ համակարգում կանանց ներկայացվածության ցուցանիշի բարելավման շուրջ:
2. Հարթակի մասնակիցների կազմի համալրում
- Ներգրավել նոր գումարման պատգամավորներին և խրախուսել նրանց՝ հարթակի աշխատանքներին և քննարկումներին ակտիվ մասնակցությունը։

- Ներգրավել հարթակի քննարկումներին փորձագետներ կամ քաղաքական գործիչներ, ովքեր հաջող փորձ են ունեցել նմանատիպ սոցիալ-տնտեսական և մշակութային առանձնահատկություններ ունեցող երկրներում։

- Աշխատանք տանել հարթակի հանդիպումներում ավելի մեծ թվով տղամարդկանց մասնակցության ապահովման ուղղությամբ, հատկապես ներգրավելով տղամարդկանց՝ գենդերային հավասարության վերաբերյալ քննարկումներում նրանց տեսակետները, փաստարկներն ու առաջարկությունները հաշվի առնելու նպատակով:

- Ներգրավել հարթակի աշխատանքներում հատկապես որոշում կայացնող տղամարդկանց՝ նրանց իրազեկելու և զգայունությունը բարձրացնելու նպատակով։

- Որպես հարթակի մասնակից՝ քաղաքացիական հասարակության կողմից ներգրավել նաև մարզային կազմակերպություններին:

- Հնարավորություն ընձեռել շահառու կանանց անմիջականորեն մասնակցելու հարթակի հանդիպումներին:
3. Քննարկվող թեմաների ընդլայնում
- Ապահովել քննարկվող թեմաների շարունակականությունը և ավելացնել քաղաքացիական հասարակության զարգացման, կամավորության խթանման, հակախտրական օրենսդրության վերաբերյալ թեմաներ։

- Ընդլայնել հարթակում քննարկվող թեմաները՝ ներառելով, օրինակ, սեռական բռնության հիմնախնդիրը:

- Շարունակել կանանց զբաղվածության և տնտեսական ակտիվության խթանմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները։

- Ներառել հարթակի քննարկումներին Արցախից տեղահանվածների ինտեգրման հիմնախնդիրները:

- Հատուկ ուշադրություն դարձնել խոցելի խմբերի կանանց հիմնահարցերին, առանձնահատկություններին, կարիքներին, ինչպես նաև խտրականության տարրեր պարունակող օրենքներին կամ որոշումներին։

- Ներառել քննարկվող թեմաների մեջ գյուղաբնակ/մարզաբնակ կանանց խնդիրները:
Made on
Tilda